top of page

<<Մեկ ժամ Կոմիտասի հետ>> նախաձեռնությունը <<Փոքրիկ հրեշտակներ>> շաբաթօրյա դպրոցում (Տեսանյութ)


Նոյեմբերի 4-ն իրական տոն էր ԱՄՆ <<Փոքրիկ հրեշտակներ>> շաբաթօրյա դպրոցում։ Օրվա հոգևոր պատգամի սկզբում, Արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարանների հոգևոր տեսուչ և <<Փոքրիկ հրեշտակներ>> շաբաթօրյա դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը սովորականի նման ողջունեց կրթօջախի սաներին և մնացյալ հյուրերին՝ այս անգամ զրուցելով հայ մշակույթի, երգարվեստի մասին՝ շեշտը դնելով առավել ճաշակով սերունդ ձևավորելու վրա։

Սպասված անակնկալը տեղի ունեցավ, և Բրբենքի Սրբոց Ղևոնդյանց մայր տաճարն իր դռները բացեց <<Փոփ Արտ>> վոկալ ստուդիայի առջև՝ ժողովրդական երգչուհի Արաքսյա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Վերջիններս ներկայացրին երգահան, երաժշտագետ, ժամանակակից հայ ազգային երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի արվեստը՝ իրենց ելույթով ոգեկոչելով հանճարի վառ հիշատակը։ Հաջորդաբար հատվածներ հնչեցին Կոմիտասի <<Սոնա Յար>>, <<Հով Արեք>>, <<Հոյ, Նազան>> երգերից՝ գրավելով ունկնդիրների, հատկապես աշակերտների սրտերը։ Պատանի երգիչները նոր լույսով ներկայացրին կոմիտասյան բարձր, հոգևոր արարումները և գեղագիտական ճաշակ հաղորդեցին ներկաներին։ Իսկապես, նմանօրինակ միջոցառումները խրախուսելի են, քանի որ դրանք սատարում են հայրենիքից դուրս հայ մշակույթի, դպրության, լեզվի, հոգևոր արժեքների ճանաչմանն ու տարածմանը։

Այս գեղեցիկ ներկայացումը փոքրիկ մասն էր այն մեծ համերգի, որը կրում է <<Մեկ ժամ Կոմիտասի հետ >> (Komitas hour) խորագիրը:

Ներկաները համակարծիք էին, որ մեր մշակութային ժառանգության լավագույն գնահատությունը մասնակցությունն է նման միջոցառումների, որոնք բարձրացնում են մեր ճաշակը և հաղորդակից դարձնում մեր ազգային, մաքրամաքուր մշակութային ակունքներին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին, երեկոյան ժամը 7:00-ին Փասադենայի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության <<Վաչե և Թամար Մանուկյան>> մշակութային կենտրոնում ԱՄՆ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, բարձրաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի օրհնությամբ և հովանավորությամբ տեղի է ունենալու համերգ՝ նվիրված երգոց պահապան Կոմիտաս վարդապետին։ Ստացված հասույթի մի մասը հատկացվելու Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին: Համերգին մասնակցելու են ոչ միայն <<Փոփ Արտ>> վոկալ ստուդիայի սաները, այլև հայտնի ու արհեստավարժ երաժիշտներ հայրենիքից և սփյուռքից։ Կազմակերպիչներն են <<Մանկական փառատոն>>-ի համահիմնադիր Նանե Ավագյանը և հայտնի մշակութային գործիչ Վարդգես Բարսեղյանը։ Կոմիտասին մարմնավորելու է երգիչ Էդգար Խաչատրյանը։

Տոմսեր կարելի է ձեռք բերել www.agbupac.org հղումով, կամ զանգահերել +(213) 787-7367:


Սերինե Արամյան


Commenti


bottom of page