Այս շաբաթ շատ նշանակալի բան տեղի ունեցավ՝ երկրի թիվ մեկ ղեկավարի գրառումից ուրախությամբ տեղեկացանք, որ բոլորս էլ թիվ մեկ ենք։ Խոսքն այն մասին չէ, որ Հայաստանում մոտ 3 միլիոն վարչապետ կա. դա վաղուց է հայտնի։ Ուղղակի մոռացել էինք, որ մենք՝ շարքային հարկատուներս, հերոսներ ենք, լավ էր՝ վարչապետը Ֆեյսբուքով հիշեցրեց այդ մասին։ Մեջբերեմ. «Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսը աշխատող եւ հարկ վճարող քաղաքացին է: Նրա վճարած հարկերի շնորհիվ են գործում դպրոցները, կառուցվում մանկապարտեզները, ճանապարհները, ջրագծերը: Նրա վճարած հարկերի շնորհիվ են աշխատավարձ ստանում բոլոր ուսուցիչները, բոլոր զինվորները, սպաները, գեներալները, բոլոր դիվանագետները: Նրա վճարած հարկերի շնորհիվ է ձեռք բերվում սպառազինություն եւ տեխնիկա, ինժեներական աշխատանքներ կատարվում սահմանին»:
Իհարկե, շատ գնահատելի է, որ գնահատվում է հարկատուներիս հերոսությունը, բայց նաեւ մեզնից անկախ, չգիտես որտեղից, տարօրինակ մտքեր են հայտնվում։ Օրինակ, իսկ արդյոք իշխանությունները ճի՞շտ են օգտագործում մեր հերոսաբար մուծած հարկերը, երբ բյուջետային սուղ միջոցներից Սնուփ Դոգ են հրավիրում Երեւան, մանավանդ որ այդ մարդը ամենեւին էլ աշխարհի թիվ մեկ ռեփերը չի։ Կամ՝ արդյոք նորմա՞լ է, երբ Խաղաղության խաչմերուկից օրուգիշեր խոսող իշխանությունները 15 տարվա ընթացքում այս պստիկ հանրապետությունում այդպես էլ չկարողացան ավարտին հասցնել ընդամենը մի ճանապարհի՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը։ Մանավանդ որ դրա համար ոչ միայն մենք էինք հերոսաբար մուծում մեր հարկերի տեսքով, այլեւ օտարերկրյա դոնորներն էին ահագին փող տալիս։
Եվ վերջապես։ Չէ՞ որ մենք, հերոս-հարկատուներս, գրեթե ամեն ինչի համար մասնավորին ենք վճարում. գազի համար՝ մի ընկերությանը, հոսանքի համար՝ մյուս ընկերությանը, ջրի համար՝ երրորդ ընկերությանը, հեռախոսի ու ինտերնետի համար՝ չորրորդ ընկերությանը… Թե հիվանդանալու համար որքան ենք վճարում հիվանդանոցին, մի′ հիշեցրեք, թե չէ՝ միանգմամից սրտի կաթվածով կրկին կհայտնվեմ նույն հիվանդանոցում… Այսքանից հետո մարդ ուզում է հարցնել իշխանություններին՝ այո′, շատ ճիշտ եք՝ մենք հերոս ենք, որովհետեւ մեր խղճուկ աշխատավարձից պարտաճանաչ կերպով հարկ ենք վճարում, բա դուք, կներե′ք, ի՞նչ եք անում։ Ընդամենը սահման պիտի պահեք ու ապահովեք մեր անվտանգությունը։ Էդ էլ չեք անում, թողել եք, որ օտարերկրյա ավտոմատավորը հանգիստ գա ու խրամատ փորի մեր տարածքում։ Փող չունե՞ք՝ ավելացրեք մեծահարուստների հարկերը։
Կանխատեսում եմ ազատ շուկայի ջատագովների զայրույթը՝ ինչպե՞ս կարելի է 21-րդ դարում սոցիալիստական գաղափարներ քարոզել, խտրական վերաբերմունք ցուցաբերել մեծահարուստների նկատմամբ, որոնք աշխատատեղեր են ապահովում, արտադրություն հիմնում, հարյուրավոր ընտանիքներ պահում։ Հասկանում եմ այդ վրդովմունքի պատճառը, բայց մի խորհուրդ տամ՝ գնացեք Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին մոտ, որը նոր է վերադարձել Դավոսից, եւ նա ձեզ կպատմի, որ Շվեյցարիայում կայացած այդ տնտեսական համաժողովում աշխարհի 250 միլիոնատերերը բաց նամակ են հրապարակել, որով կոչ են արել բոլոր իշխանություններին, չե′ք հավատա՝ բարձրացնել հարուստների հարկերը։ Այո այո′, հարուստները խնդրում են՝ ավելի շատ հարկ գանձեք մեզնից, մենք պատրաստ ենք։
Գիտեմ, թե հիմա ինչ եք ասում՝ տո դերասանություն են անում, ուզում են լավամարդ երեւալ, փող ունեն՝ թող բաժանեն կարիքավորներին։ Բաժանողներ կան։ Ուղիղ 4 ամիս առաջ կյանքից հեռացավ «Ֆորբսի»՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում ընդգրկված ամերիկացի Չաք Ֆինին, որը դեռ կյանքի օրոք 8 միլիարդ դոլար էր հատկացրել տարբեր ծրագրեր իրականացնող հիմնադրամներին՝ իրեն ու իր կնոջը թողնելով ընդամենը մեկական միլիոն։ Էլի՞ օրինակ բերեմ։ Հենց վերջերս աշխարհի ամենախոշոր քիմիական ընկերությունը՝ BASF-ը, հիմնած ընտանիքի ժառանգորդ Մառլեն Էնգելհորնը հանձնաժողով է ստեղծել իր ժառանգած կարողությունը պատահական մարդկանց բաժանելու համար։ Տեսե′ք, թե ինչ է ասում. «Ինչ-որ սխալ բան կա այն իրողությունում, որ ես ամեն տարի միլիոններ եմ ստանում ժառանգածիս շնորհիվ եւ հարկ չեմ մուծում, այնինչ, մեկ ուրիշն աշխատում է շաբաթական 40 ժամ, միգուցե եւ ավելին, հաճախ ստիպված է լինում երկրորդ աշխատանքը գտնել, որպեսզի երեխաներին պահի, եւ այդ մարդն՝ ի տարբերություն ինձ, հարկեր է վճարում»։
Ի դեպ, մասնագետները, այսպես ասենք՝ ոչ կոնվենցիոնալ են համարում Մառլեն Էնգելհորնի պահվածքը, որովհետեւ նա առատաձեռն է, չնայած պարզապես վայելում է իր նախնիների կուտակած հարստությունը։ Մինչդեռ փորձագետները պնդում են՝ առաջին սերնդի մեծահարուստները, որոնք սեփական քրտինքով են մեծ փող վաստակել, շատ ավելի խոշոր գումարներ են հատկացնում բարեգործական նպատակներով, այնինչ, նրանց ժառանգները, որոնք ծնողների թողած կարողությանն են տիրացել առանց մատը մատին խփելու, շատ ավելի, կներե′ք, քձիբ են։
Բայց սա՝ իմիջիայլոց։ Գլխավոր հարցը սա է՝ իսկ կգա՞ արդյոք այն ժամանակը, երբ հասարակության անդամները, որոնց ինքնասիրությունն իշխանությունները շոյում են՝ թիվ մեկ հերոս անվանելով, կհարցնեն այդ նույն իշխանություններին՝ եթե դուք չեք կարողանում արդյունավետորեն օգտագործել մեր հերոսական ջանքերի շնորհիվ հավաքված հարկերը, ինչո՞ւ ենք ձեզ պահում մեր հարկերի հաշվին։
Արմեն Դուլյան, Սպուտնիկ Արմենիա
コメント