Կիրակի, 2023 թ. Սեպտեմբերի 10-ին, հեղինակաւոր Jonathan Club-ի մէջ Յովնան Արք. Տէրտէրեան կրթաթոշակային հիմնադրամը նշեց իր հիմնադրման 10-րդ տարեդարձը իւրայատուկ միջոցառումով։ Այս արտակարգ միջոցառմանը ներկայ էին մօտ 200 բարերարներ, աջակիցներ և գործընկերներ, որոնց միջոցով հնարաւոր եղաւ ստեղծել ջերմութեամբ և առատաձեռնութեամբ լի աննախադեպ մի երեկոյ՝ սրտամօտ ընդունելութեամբ, նրբաճաշակ ընթրիքով, կենդանի երաժշտութեամբ և համապարփակ ծրագրով:
Հիւրերին նախ ուղեկցեցին մոմերով զարդարուած Ֆլորենցիայի սրահ, ներկաները հնարաւորութիւն ունեցան վայելելու ձեռագործ ըմպելիքներ, դասական երաժշտութիւն, եւ այս ամէնը ստեղծում էր անմիջական եւ դրական մթնոլորտ բոլորի համար։
Ձեռնարկին մասնակցում էին պատկառելի հիւրեր, պատուելի հոգեւորականներ, այդ թւում՝ Թեմական խորհուրդի Ատենապետ Տիար Վարդան Նազիրեանը իր տիկնոջ՝ Պերտա Նազիրեանի հետ, համայնքի եւ հիմնադրամի վաստակաշատ ղեկավարներ, անուանի բարերարներ, ինչպէս նաեւ հայկական դպրոցները՝ ի դէմս Ալֆրէտ եւ Մարի Յովսէփեան վարժարանի, որ վերջին տասնամեակի հաստատուն աջակիցներից է, Հայ Քոյրերի Ակադեմիան, Ամերիկայի Ամերիկեան Համալսարանը (ՀԱՀ), Շարլոթ եւ Էլիզ Մերտինեան Հայ Աւետարանական Վարժարանը, ՀԲԸՄ Մանուկեան-Տէմիրճեան վարժարանը, որոնց վարչութեան անդամները, շրջանաւարտները եւ ծնողները կազմում են հիմնադրամի նուիրատուների ամենամեծ շրջանակը։ Միջոցառման է՛լ աւելի շքեղութիւն հաղորդեց «Էմմի» մրցանակի դափնեկիր հաղորդավար Արաքսյա Կարապետեանը։
Երեկոյեան ժամը 7-ի սահմաններում ներկաներին ուղեկցեցին Գլխաւոր սրահ, որտեղ մեծադիր բեմը հիւրընկալեց StArt համոյթի համաշխարհային մակարդակի երաժիշտներին, որոնք ներկաներին հիացրին հայկական, եւրոպական և լատինաամերիկեան ստեղծագործութիւններով ու դասական գործիքների կատարումներով։
Բացման խօսքով հանդէս եկաւ Յովնան արք. Տէրտէրեան հիմնադրամի փոխատենապետ Տիրան Աւագեանը։ Ջերմօրէն ողջունելով բոլոր ներկաներին՝ նա ասաց. «Երբ մենք նշում ենք մեր կրթաթոշակային հիմնադրամի ձեռքբերումները, մենք նաև նշում ենք ձեզանից իւրաքանչիւրին ձեր հաստատուն աջակցութեան և վստահութեան համար: Այս երեկոն մեր սրտագին երախտագիտութեան արտայայտութիւնն է ձեր առատաձեռնութեան և այս վեհ գործի հանդէպ հաստատակամ հաւատքի համար»։
Բացման խօսքից յետոյ օրհնութեան խօսքով հանդէս եկաւ եւ երեկոյին հոգեւոր շունչ փոխանցեց Ս. Ղեւոնդեանց մայր եկեղեցու հոգեւոր հովիւ արժ. տէր Խաժակ քհնյ. Շահբազեանը։ Այնուհետև մատուցուեց ճոխ ընթրիք, երեկոն շարունակուեց նուիրական յիշողութիւններով ու ազնիւ մթնոլորտով։
Հիմնադրամի տնօրէնների խորհրդի Ատենապետուհի Այլին Քէոսէեանը բեմ բարձրացաւ՝ ներկաներին իր խօսքն ուղղելու համար։ Յուզումնալից եւ ուրախութեամբ լեցուն նրա խօսքում համառօտ զեկոյց ներկայացուեց Յովնան արք. Տէրտէրեան հիմնադրամի գործունէութեան մասին, որ զգալի ազդեցութիւն է ունեցել հայկական դպրոցների եւ համայնքի երիտասարդ գիտնականների վրայ: Ապշեցուցիչ բացահայտում էր, որ հիմնադրամը վերջին տասը տարիների ընթացքում աւելի քան 500,000 ԱՄՆ դոլար է յատկացուել հայկական կրթական հաստատութիւններին` խթանելով հայեցի կրթութիւնը, մշակոյթը և ինքնութիւնը ինչպէս համայնքում, այնպէս էլ Հայաստանում: Այս աջակցութիւնը առնչուել է թէ՛ ամէնօրեայ, թէ՛ շաբաթնօրեայ դպրոցներին: Ընդ որում շաբաթնօրեայ դպրոցները յատուկ տեղ են զբաղեցնում այս շարքում, քանի որ նրանք սպասարկում են ոչ հայկական ամենօրեայ դպրոցներ յաճախող աշակերտներին, ովքեր պատրաստակամօրէն իրենց շաբաթ օրերը նուիրում են մեր լեզուի, պատմութեան, կրօնի և մշակոյթի ուսումնասիրութեանը։ Գնահատանքի խօսքեր ասուեցին դոկտոր Էլլի Անդրեասեանին՝ Արեւմտեան թեմի շաբաթնօրեայ դպրոցների խորհրդում իր 12-ամեայ ղեկավարութեան համար: Առաջիկայում նախատեսւում է համախմբել Արևմտեան և Արևելեան թեմերի շաբաթօրեայ դպրոցները ընդհանուր հովանու ներքոյ, եւ այդպիսով նրանց թիւը կը հասնի 51-ի։
Այլին Քէոսէեանըյատուկ շեշտեց ի պատիւ տարբեր անհատների կատարուող նուիրատուութիւնների կարևորութիւնը, ասելով, որ դրանք մնայուն ժառանգութիւն են եւ երաշխաւորում են, որ այս անհատների անունները յաւէրժ կապուած լինեն ուսանողներին աջակցելու վեհ գործի հետ:
Երեկոյի կարևորագոյն իրադարձութիւնն էր դոկտոր Հարրի Դեմիրճեանի յիշատակի կրթաթոշակային հիմնադրամի յայտարարութիւնը, ըստ որի աւելի քան 850,000 ԱՄՆ դոլարի նուիրատուութին կատարուեց համալսարանի ուսանողներին աջակցելուն՝ ըստ բարերարի ցանկութեան: Հայկական ժառանգութեան հետ խորը կապ ունեցող դոկտոր Հարրի Դեմիրճեան կը յիշուի հայկական կրթութեան և մշակոյթի իր մնայուն աջակցութեամբ։
Ատենապետուհի Քէոսէեանը շնորհաւորեց նաեւ արժ. տէր Զաւէն աւագ քահանայ Ազումանեանին ծննդեան 90-ամեկի կապակցութեամբ, որի գիտական եւ հոգեւոր աւանդը մեծ է հայկական սփիւռքի կեանքում։
Տիկին Քէոսէեանն իր խօսքը եզրափակելով ասաց. «Մենք ընդամէնը 10 տարեկան ենք։ Այնուամենայնիւ, մեր կարճ կեանքի ընթացքում ապացուցեցինք, որ կարող ենք մնայուն հետք թողնել հայկական որակեալ կրթութեան ձգտող երիտասարդ գիտնականների վրայ։ Այսօր այս բարեբախտ առիթով հանդիսաւոր կերպով խոստանում ենք շարունակել մեր առաքելութիւնը՝ հզօրացնելով մեր հայկական դպրոցները և աջակցելով կարիքաւոր աշակերտներին: Մենք լրջօրէն ենք վերաբերում ձեր վստահութեանը և գնահատում ենք ձեր գործակցութիւնը այս վեհ գործում»:
Բուռն ծափողջոյնների ներքոյ բեմ բարձրացաւ Արեւմտեան թեմի առաջնորդ, գերաշնորհ տէր Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը՝ իր երախտագիտութեան խօսքը փոխանցելու եւ իր հայրական օրհնութիւնը տալու ներկաներին։ Առաջնորդ Սրբազանն իր խօսքը սկսեց ուշագրաւ յայտարարութեամբ եւ յայտնեց, որ ստեղծւում է Թորգոմ Փոստաճեանի յիշատակի կրթաթոշակային հիմնադրամ՝ յարգանքի տուրք մատուցելով երիտասարդութեան մէջ հայ մշակոյթի ու լեզուի պահպանման մէջ առանցքային դեր ունեցած անհատին։
Իր զգացմունքային եւ խոհերով լեցուն ելոյթում Յովնան սրբազանը խօսեց այն մարտահրաւէրների մասին, որոնց բախւում է Հայաստանն այսօր: Նա ընդգծեց որակեալ կրթութեան կարևորութիւնըապագայի համար եւ ասաց. «Կրթութիւնն այն միակ արժէքն է, որը կարող է դիմակայել ցանկացած տնտեսական կամ քաղաքական ցնցումների, այն յոյսի փարոսն է, որը կարող է առաջնորդել մեզ փոթորկի միջով: Բարձր կրթուած, պրոֆեսիոնալ, նորարար և մրցունակ երիտասարդ մտքերը կը ձևաւորեն Հայաստանի և հայկական սփիւռքի ապագան»։
Յովնան արք. Տէրտէրեանն իր ելոյթը եզրափակեց լորդ Չեստերֆիլդի խօսքերով. «Գիտելիքը մեզ համար հարմարաւէտ և անհրաժեշտ ապաստան է մեծ տարիքում, և եթէ այն չտնկենք երիտասարդ տարիքում, ապա մեզ ստուեր չի տայ ծերանալիս»:
Երեկոն հասաւ իր գագաթնակետին, երբ ատենապետուհի Քէոսէեանը յայտարարեց նուիրատուութիւնների՝ 1,000,000 ԱՄՆ դոլարի հասնող նշանակալի նուաճման մասին: Այս ոգեւորութեամբ հիւրերը հեռացան՝ խոստանալով կրկին հաւաքուել յաջորդ տարի՝ Յովնան արք. Տէրտէրեան կրթաթոշակային հիմնադրամի պատմութեան մեջ յաջորդ ևս մէկ ձեռքբերումը արձանագրելու համար։
Տիրան Աւագեան
Comments