Նոր տարվա և Ս․ Ծննդյան տոներին ընդառաջ՝ դեկտեմբերի 22-ին, ավանդության համաձայն, ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարանի հյուրընկալ մթնոլորտում հավաքվել էր ողջ աշխատակազմը՝ զավակներով և ընտանիքի անդամներով, ինչպես նաև այն հարակից մարմինների ղեկավարները, որոնք մշտական ծառայությամբ ներկա են լինում առաջնորդարանում։
Այսօրինակ հավաքներին անհամբերությամբ են սպասում հատկապես առաջնորդարանի պաշտոնեության զավակները, որովհետև քաջատեղյակ են, որ հերթական անգամ պիտի հանդիպեն իրենց ամենասիրելի Հովնան սրբազանին։ Երեխաները լավ գիտեն նաև, որ Սրբազան հայրը մշտական կապի մեջ է առատաձեռն Ձմեռ պապիկի հետ և անում է այնպես, որ բոլորի երազանքներն անպայման իրականանան։ Տոնական, խանդավառ երաժշտության և հյուրասիրության ավարտից հետո, տեղի ունեցավ Տնօրհնեքի արարողություն։ Ապա ներկաներն իրենց սրտի բարեմաղթանքները փոխանցեցին միմյանց։
Մանուկների հոգեթով երգերի ներքո, եկավ հայախոս Ձմեռ պապը, որն իր կատակներով, երգերով ու ասմունքով օրը դարձրեց հիշարժան։ Հետաքրքրականն այն է, որ Առաջնորդարանում Ձմեռ պապը նվերներ է բերում ոչ միայն երեխաներին, այլ նաև բոլոր մեծերին՝ անխտիր։
ԱՄՆ Արևմտյան թեմը, գլխավորությամբ առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի մշտապես աչքի է ընկնում իր ազգային ու քրիստոնեական արժեքների պահպանությամբ։ Լինելով հայրենիքից հեռու՝ հատկապես վերջին երկու տասնամյակների ընթացքում, Հովնան սրբազանի ջանքներով, առաջնորդարանը դարձել է մեր հայրենիքը, Ս․ Էջմիածինը խորհրդանշող ջերմ ու տաքուկ անկյունը, որի միջոցով մեր համայնքը հաղորդակից է դառնում Քրիստոսի հավատքին և Լուսավորչի կանթեղից ճառագող մշտանորոգ լույսին։
Շնորհավո՜ր գալիք Նոր տարի և Ս․ Ծնունդ։
Թղթակից
Comments