Ես գիտեմ` կմեռնեմ ձմռան առաջին օրը: Մարդիկ կթփթփացնեն ձյունոտված ոտները դռան շեմի փալասին և զարմանքով կնայեն, թե ինչպես է ձյունը հալվում սառած այտերիս վրա: Հանկարծակի ծերացած կինս կորոնի և չի գտնի վառարանի ունելին` վաղուց սատկած կատվին սենյակից դուրս քշելու համար, հետո հուսահատ կնստի, կօրորի գլուխը` քմահաճ կատվի և իմ անխոհեմ քայլից ընկճված: Քույրս, որը ծնվել էր ինձ հետ և մահացել մի քանի ժամ հետո` թեյ կբաժանի մրսած հյուրերին և ազատ ձեռքով կուղղի կրծքիս դարսված ձմեռային ծաղիկներն ու թեքված մոմը, որի հալված կաթիլներն ուղիղ ճակատիս էին ծորում և ուր որ է լցվելու էին աչքերս…Եվ հենց այդ պահին բոլորը միանգամից կելնեն ոտի և աղմուկ- աղաղակով ինձ դուրս կհանեն տանից ձեռների վրա բարձր, շատ բարձր բռնած, և այդ ահռելի բարձունքից կտեսնեմ կյանքս ծայրեծայր, որ մնացել էր ներքևում` ամբողջովին ձյան մեջ կորած, և այդ հրաշալի տեսարանից քար կտրած` խոսքեր չեմ գտնի հիացմունքս արտահայտելու համար…
Հեռացավ ձմռան հերթական մի օր, երբ ձյուն էր իջնում, որի մասին ինքն ասում էր, թե իջնում է ու երջանկություն է բերում իր հետ: 2013 թվականի փետրվարի 7-ին բանաստեղծ, թարգմանիչ Հովհաննես Գրիգորյանը բռնեց հավերժի ուղին և իր այդքան սիրելի սիմվոլները դարձրեց համամարդկային՝ քարի գաղտնիքը, ավազի սերը, անապատի պես ամայի երկինքը, աստղերն` ինչպես քաղցած գայլերի աչքեր, սերն` իբրև վիրավոր գազան ձյունե արձանների անկյանք թագավորության հեռաստաններում: Դրանք դարձան բնությունը հավերժացնող պարզ ու անեզր բնութագրեր։ Բնության կողքին հավերժական մի արժեք էլ կար՝ հայրենիքն ու հայրենի հողը։ Գրիգորյանը բանաձևեր էր ստեղծում, որտեղ մերժելով պաթոսը՝ հայրենիքի հետ հոգեբանական հարաբերությունները դառնում էին իրական։
ՀԱՅՐԵՐԻ ՀՈՂ
Ես այս երգը երգում եմ կանգնած,
որովհետև դու նա ես,
ում խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու,
որովհետև դու նա ես.
ում համար կռվի են ելնում առանց հրամանի,
որին ասում են` միակ, կարոտում են հեռվից,
և կարոտից արտասվում են օտար սրճարաններում
և չգիտես թե ուր լողացող նավերի վրա:
Ես այս երգը երգում եմ սկզբից,
որովհետև դու նա ես, որին կորցնելուց հետո
էլ ոչինչ չենք ունենա կորցնելու,
որովհետև առանց քեզ անձրևը ջուր է սովորական,
լեռները` քարերի կուտակում,
սերը` շքեղություն ավելորդ
և որդի ծնելը` հանցագործություն:
Ես այս երգը երգում եմ գլխաբաց,
որովհետև դու նա ես,
ում ձեռքը պետք է իջնի մեր գլխին օրհնության նման,
երբ մենք ճանապարհ ենք ընկնում,
երբ մենք սկսում ենք օրը,
երբ մենք ծնունդ ենք տալիս տողին ու մտքին…
Բանաստեղծի մասին հուշեր են պատմում Գրիգորյանի ժամանակակից հայ գրողները։ Ինչպես բանաստեղծ, գրականագետ, մշակույթի վաստակավոր գործիչ Հենրիկ Էդոյանն է նշում, դա մի սերունդ էր, որը հակադրվում էր իրենից առաջ եղածներին և դա արտահայտվում էր լեզվամտածողության մեջ։ Սակայն բոլորին միավորում էր մի բան, որ կար ժամանակ, և բոլորը պատասխանատու են նրա առջև. ամեն ինչ պիտի գրվի իր ժամանակին և ժամանակի մեջ։ Գրողը պատմում է, թե ինչպես է մեծ ոգևորությամբ Հովհաննես Գրիգորյանն այդ շրջանում իսպաներեն սովորել։ Դա պատահական չէր, այս փորձառության արդյունքում բանաստեղծը թարգմանել է Կարլոս Ֆուենտեսի, Խուլիո Կորտասարի, Խոսե Օրտեգա Գասետի մի քանի ստեղծագործություններ։
«Հովհաննեսը շատ զգայուն անձնավորություն էր, բարի, նրա մեջ կար մանկական հոգին, ծնողների մասին բանաստեղծություններն ու վերաբերմունքը դրա վառ արդյունքն են։ Երեխան չէր մեծանում, պոեզիայում էլ ժամանակ չկա, երեխան մինչև վերջ երեխա է մնում։ Ինչպես Բոդլերն էր ասում, տաղանդը նորից գտնված մանկությունն է, իսկ Հովհաննեսը միշտ այդ վճիտ հայացքն ուներ։ Ինչո՞ւ ենք մենք սիրում ու կարոտում մեր մանկությունը, քանի որ աշխարհն այդտեղ միասնական է, և դա ևս շատ կարևոր է գրականության մեջ։ Դա երևում է նրա գրականության մեջ, լեզվամտածողության և աշխարհի մեջ։ Իսկ ընդհանրապես նրա բանաստեղծությունները շատ բարձր արվեստով են գրված, ներքին ռիթմով, երաժշտական ձևով»,- ասում է Հ.Էդոյանը։
Հայրս ու մայրս
երկու վառվող մոմեր
երկու ձեռքերիս մեջ,
երկու հալվող մոմեր`
հայրս ու մայրս:
Զգույշ քայլում եմ
տարիների մեջ,
թեթև շունչ քաշում:
Դեմքիս մի կեսը ցերեկվա մեջ է,
իսկ մյուս կեսը` գիշերվա մեջ:
Ահա մի քառորդ
ապրեցի այսպես:
Մեկ ուրիշ քառորդ
և էլ չկամ ես,
և էլ չկամ ես։
Հ. Գրիգորյանին բոլորը հիշում են իրեն հատուկ հումորով` չնայած նրան, որ իր մասին կատակները չէր սիրում։ Բայց ինչպես ընկերներն են հիշում, նրա հումորի մեջ հատուկ մի բան կար. դրա մեջ թաքնված էր տխրություն, միայնություն։ Այն կարծես ինքնապաշտպանական զրահ էր դարձել։ Զգայուն ու անպաշտպան ոգու տեր, հետաքրքիր, վառ ու ձգողական. այսպես էլ բնութագրում է բանաստեղծին գրող, կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը։ Ասում է.
«Գրիգորյանը կարողացավ հաշտեցնել սովորական կյանքն ու պոեզիայի վեհությունը, քանի որ դրանք միմյանց օտար են, բայց կարող են ձեռք ձեռքի քայլել։ Այդտեղ նորից փրկում էր հումորը, որի մեջ ամոքիչ տխրություն կար»։
Դավիթ Մուրադյանը դժվարությամբ ընտրեց այն բանաստեղծությունը, որն ընթերցեց, քանի որ չկա մի ստեղծագործություն, որն այսօր կարևոր չէ։ Քանի որ նրա բանաստեղծությունները գալիս ընկնում են օրացույցի մեջ, գրված լինելով տասնամյակներ առաջ։ Եվ այստեղ մի գաղտնիք կա. դա լեզվամտածողությունն է, թե ինչպես ես գրում, որ ժամանակի հետ ես խոսում, նրա դեպքում՝ ժամանակի ու ապագայի հետ։
ՎԵՐՋԻՆ ՀԵՔԻԱԹ Գրադարանները պայթում են գրքերի առատությունից: Գուցե թե սա վերջին դա՞րն է, կամ էլ առավել սարսափելին` վերջին տարի՞ն: Իսկ քանդակագործը քանդակում է անվերջ և արվեստանոցը բերնեբերան լցված է քանդակներով, և տունը լցված է քանդակներով, և կինն ու երեխաները ստիպված փողոցում են ապրում, բայց շուտով փողոցն էլ կլցվի քանդակներով, իսկ քանդակագործը քանդակում է անվերջ, մի հնար չկա նրան կանգնեցնելու: Գուցե թե սա վերջին դա՞րն է, կամ էլ առավել սարսափելին` վերջին տարի՞ն: Բուռն շինարարություն է ծավալվել վերջին անմարդաբնակ կղզում` հոթելներ, մոթելներ, բազաներ և տուրբազաներ, ամենուրեք փոշի, վերամբարձ կռունկներ, ցեմենտ կիր ու ավազ և աղբահավաք մեքենան ծով է տանում լցնի ինչ-որ ցնցոտիներ, փալաս-փուլուս, ռոբինզոններ և ուրբաթներ` թափքի մեջ բարձած… Գուցե սա իսկապե՞ս վերջին դարն է, կամ էլ առավել սարսափելին` վերջին տարին: Իսկ հեքիաթն ընթանում է իր սովորական հունով` նույն թագավորի տղան և արքայադուստրը նույն բարի հրեշտակը և նույն սատանան չար… Միայն թե` լինում է, չի լինումի փոխարեն – եղել է ու այլևս չի լինի…Իսկ հեքիաթի վերջում երկնքից երեք նեյտրոնային ռումբ է ընկնում, մեկն ինձ, որպես հեքիաթասացի, մյուսը` ձեզ, որ համբերությամբ ապրեցիք այսքան տարիներ, իսկ երրորդը` հենց այնպես, հետաքրքրության համար:
Հովհաննես Գրիգորյանը ջերմ հարաբերություններ ուներ հատկապես երիտասարդների հետ, որոնք սիրում ու ընթերցում էին նրա գրականությունը։ Դրան միանում էր նաև հոգատար վերաբերմունքն ու ոգեշնչումը։ Դա է պատճառը, որ այսօր գրողի մասին ջերմ հիշողություններով են կիսվում երիտասարդները, որոնց ճանապարհին կարևոր դեր ու երբեմն նաև ուղղորդիչ նշանակությունն է ունեցել հենց Հովհաննես Գրիգորյանը։ Երիրիտասարդ արձակագիր Արամ Պաչյանը գրողին վերջինը հանդիպած մարդկանցից է եղել։ Նրա համար Գրիգորյանը այն բացառիկ հայերից է, որոնց ընթերցում ես առանց դատելու, առանց ընթերցողի հայացքով վերաբերվելու, ուղղակի հաճույք ստանալով։ Պատմում են, որ Գրիգորյանը շատ էր սիրում երիտասարդ արձակագրի լեզուն։
«Ես կարծում եմ, որ ինչ ինձ ասել է ժամանակին Գրիգորյանը, տեղին է ասել։ Հիշում եմ, որ շատ արագ էր բարկանում ու շատ արագ մոռանում։ Տասը տարի է անցել և սա ահռելի մի ժամանակ է թվում։ Հիշում եմ, երբ գնացի նրան հրաժեշտ տալու, չգիտեմ ինչու ծաղիկ վերցրի հողով, որովհետև հիշում եմ Գուրգեն Մահարու հուշերը Բակունցի մասին, որը ասել էր, որ որևէ երկիր չունի նման հողաբույր։ Նա շատ ուրախ էր, տոկուն և հենց դրա համար էի ես նրան շատ սիրում։ Խոսեցինք, կատակեցինք։ Հիմա մտածում եմ, թե ինչ կմտածեր, եթե հիմա ապրեր։ Կարծում եմ, որ իհարկե մեծ ցավ կապրեր, սակայն շատ կուրախանար, որ տեսներ՝ երիտասարդները կարդում են իր գրականությունը։ Իրապես բանաստեղծը ծնվում է իր մահից հետո, և Հովհաննես Գրիգորյանին կկարդան քանի դեռ կա հայերենը, մեր պետականությունը»,- ասում է Ա. Պաչյանը։
Հովհաննես Գրիգորյանն արժանացել է Հայաստանի պետական, Ավետիք Իսահակյանի անվան գրական մրցանակների, Մովսես Խորենացու մեդալակիր է։ Նշանավոր են բանաստեղծի «Երգեր առանց երաժշտության» (1975), «Բոլորովին ուրիշ աշուն» (1979), «Դանդաղ ժամեր» (1986), «Հրեշտակներ մանկության երկնքից» (1992), «Երկու ջրհեղեղի արանքում» (1996), «Գիշերահավասար» ( 2006), «Երբեք չմեռնես - ահա թե ինչ կասեմ քեզ» (2010) բանաստեղծական ժողովածուները։
Սկզբնաղբյուր՝ cultural.am
Comentários