top of page

«Նոր տարի» Լաուրա Խլղաթյան

HayLurUsa լրատվական կենտրոնը՝ հավատարիմ իր առաքելությանը, մշտապես հարթակ է տրամադրում սփյուռքում գործող մտավորականներին, գրողներին, գիտնականներին և առհասարակ հայ համայնքում գործող անհատներին։ Մեր ընթերցողները քաջածանոթ են Լաս Վեգասի հայտնի մանկավարժներից Լաուրա Խլղաթյանին, որը պարբերաբար իր անկեղծ ստեղծագործություններով ու կրթական կյանքին վերաբերող թղթակցություններով հանդես է գալիս մեր էջերում։

Նրա «Նոր Տարի» բանաստեղծությամբ, ցանկանում ենք շնորհավորել մեր աշխարհասփյուռ ժողովրդին գալիք Ամանորի և Ս․ Ծնունդի կապակցությամբ, իսկ հեղինակին մաղթել՝ քաջ առողջություն, հավերժ երիտասարդական եռանդ և մշտադալար գրիչ։


«Նոր տարի»


Ուրա՛խ Նոր տարի, դու այնպես արի,

Որ քո գալուստը բարություն բերի,

Որ խաղաղություն տիրի աշխարհին,

Չարը խափանվի ու հաղթի բարին։


Որ մանուկները ուրախ թռվռան,

Ճնճղուկների պես անուշ ծլվլան,

Երկինքը լինի միշտ խաղաղ ու ջինջ,

Մարդկանց դա՛ է պետք և ուրիշ ոչինչ։


Թե խաղաղ լինեն սահմանները մեր,

Մարդիկ կստեղծեն բազում բարիքներ,

Թող մարդկանց դեմքին միշտ ժպիտ շողա

Եվ խաղաղության դրոշը փողփողա։


Թող զինվորը մեր լինի մի՛շտ արթուն,

Ծառայի անվա՛խ, հպա՛րտ դառնա տուն,

Հայրենիքն ազատ ու անկախ լինի,

Ո՛չ մի զինվորի մայր լաց չլինի։


Խինդ ու ծիծաղը ամենուր հնչի,

Այս ուրախ տոնին բոլորի՛ն կանչի,

Արի՛ Նոր տարի, գալուստդ բարի՛,

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնու՛նդ։



Comments


bottom of page