top of page

Նոր տարվա հրաշքները Լաս Վեգասի «Սեդա Թաջիրյան» շաբաթօրյա դպրոցում


2023 թ․-ի դեկտեմբերի 24-ի վաղ առավոտյան մեծ եռուզեռ էր տիրում Լաս Վեգասի Ս․ Կիրակոս եկեղեցում։ Գույնզգույն զարդերով և վառվռուն լույսերով զարդարված, հպարտ ու վես, կանգնած էր շքեղ տոնածառը։

Բոլորն ուրախ էին։ Մի տեղ փորձ էին անում, մեկ այլ տեղ զբաղված էին կազմակերպչական գործերով։ Վերջապես, հասավ հանդեսն  սկսելու ժամը։ Հնչեց Նոր տարվան նվիրված երգ, ապա Լաս Վեգասի Ս․ Կիրակոս եկեղեցու հոգևոր հովիվ, հոգեշնորհ Տ․ Սասուն ծ․ վրդ․ Զմրուխտյանը բոլորի հետ միասին աղոթք կատարեց, որից հետո բացման խոսքով հանդես եկավ  դպրոցի տնօրեն Լաուրա Խլղաթյանը՝ իր խոսքն ավարտելով Պարույր Սևակի հետևյալ տողերով․

«Արի՛, Նոր տարի, բայց այնպես արի,

Որ ատոմական այս ահեղ դարի

Գոռ ժամացույցը ինքն իրեն լարի,

Մայրացած հարսի սրտատրոփի

Համաչափությամբ։

Եվ նրա անտես ալիքները զույգ,

Իրենց վիրավոր թևաթափությամբ,

Ոչ թե մեզ կրկին քարանձավների

Անաչ խոռոչը մատնացույց անեն,

Այլ տիեզերքի անկոխ դաշտերին

Մեր զույգ աչքերի հայացքը տանեն։

Արի՛, Նոր տարի, գալուստդ բարի»։

-Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ»։

Ուրախ երաժշտության ներքո բեմ բարձրացան բոլոր աշակերտները և կանչեցին Ձմեռ պապիկին, ապա Ձյունանուշիկին։

Այնուհետև հանդես եկան 2-3 տարեկան փոքրիկները, որից հետո մանկապարտեզի 2-րդ խումբը, ապա՝ 1-ին դասարանը։ Իսկ 2-րդ, 3-րդ և նախակրթարան սաները հանդես եկան մի շատ գեղեցիկ ներկայացումով։ Հեղինակներն էին նշված դասարանների ուսուցչուհիները։

Այնուհետև 4-րդ դասարանը բեմադրեց «Բարին միշտ հաղթում է» ներկայացումը, որի սցենարը գրել էր դպրոցի տնօրենը։ Գլխավոր դերում հանդես եկավ դպրոցի շրջանավարտ Նարեկ Ավագյանը։ Ամեն տարի, թողած իր բոլոր գործերը, Ներսիկ Գրիգորյանը, անշահախնդիր կերպով, կատարում է Ձմեռ պապիկի դերն ու ուրա- խացնում մեր երեխաներին, ինչու՞ չէ, նաև մեծերին։ Չէ՞ որ Ձմեռ պապիկի այցն ուրախություն է պատճառում բոլորին։

Նրա այդ ազգանվեր աշխատանքի համար դպրոցի տնօրենը և Հայր Սասունը պատրաստել էին շնորհակալագիր և այդ օրը հանդիսավոր կերպով հանձնեցին նրան։ Շնորհակալագիր հանձնեցին նաև քեռի Վարդանի դերակատար Նարեկ Ավագյանին, որը 2014 թվից այդ դպրոցի սանն է եղել և այժմ, թեկուզ վաղուց ավարտել է դպրոցը, մասնակցում է դպրոցի հանդեսներին՝ համարելով դպրոցն իր հարազատ տունը։

Վերջում Ձմեռ պապիկը նվերներ բաժանեց բոլոր երեխաներին։ Տոպրակների մեջ քաղցրավենիքից բացի, կար նաև սպիտակ շապիկ, առջևի մասում, շատ գեղեցիկ ձևով, գրված հայոց այբուբենը։ Շապիկները բերված էր Հայաստանից։

Տոնահանդեսն անցավ շատ ուրախ ու ջերմ։ Այն կմնա թե՛ աշակերտների և թե՛ ներկաների հիշողության մեջ։



Լաուրա Խլղաթյան

Դպրոցի տնօրեն

Comments


bottom of page