Մշակույթի պատմությունն ուսումնասիրելիս հաճախ է արձանագրվում այն հայտնի ճշմարտությունը, որ Մեծերը ծնվում են մայրաքաղաքից հեռու՝ շրջաններում, այնտեղ, ուր բնությունն է կերտում անհատին՝ օժտելով վառ ու յուրահատուկ գույներով։ Նրանք բնաշխարհից վերցնում են այն, ինչ որ սահվանված է լինում ի վերուստ։ Այս է պատճառը, որ տաղանդավոր մարդիկ նկատում, զգում և արտահայտում են այն, ինչ որ տրված չէ պարզ մահկանացուներիս, սակայն այդ ստեղծած աստվածատուր արվեստը գալիս է զարդարելու, հարստացնելու և ներդաշնակելու հասարակության կյանքը։
Բացարձակ ճշմարտություն է, որ ժամանակի առաջ ամեն ինչ անցողիկ է։ Մնայունը հոգու ու մտքի արգասիքն է, արվեստագետի, մտավորականի երկունքի արտահայտությունը։ Այդ պատճառով է, որ երբեմն ժամանակը մեզ թելադրում է, որ նշանավոր մարդկանց անրադառնանք և ըստ արժանվույն գնահատենք իրենց կենդանության օրոք, որը կլինի ոչ միայն ստեղծած ժառանգության արդարացի արժևորում, այլև խթան, յուօրինակ մղիչ ուժ նոր ստեղծագործական շրջափուլում։
Անթաքույց իրականություն է, որ Ղարաքիլիսա-Կիրովական- Վանաձորն իրհոգեմտավոր պատմության մեջ ունի ամրագրած բազում պանծալի անուններ, ովքեր իրենց արարմամբ վառ են պահել քաղաքի մշակութային ու հոգևոր զարկերակը։ <<Մուսաների ծառաների>> անվանացանկում է արդեն Գագիկ Աղաբաբյանի անունը, որը 2023թ․-ի փետրվարի 20-ին բոլորում է իր ծննդյան 65-ամյակը։
Մաեստրոյի ստեղծագործությունը, արվեստի, մշակույթի գործիչների մասին նկարահանված ֆիլմերը, հրատարակած գրքերը հոգևոր արժեքների մի ամբողջ շտեմարան են։ Նրա անունը քաղաքի մշակույթի պատմության մեջ արդեն իսկ արձանագրված է ոսկե տառերով։ Լոռիում չկա արվեստի մի ոլորտ, ուր Գագիկ Աղաբաբյանը բերած չլինի իր մնայույն ավանդը։ Նրա աշխատանքային կենսագրությունը կապված է ծննդավայրի մշակութային կյանքի հետ, ուր երևան է եկել նրա բնատուր կազմակերպչական ու ստեղծագործական տաղանդը։ Ստեղծել և ղեկավարել է բազմաթիվ երաժշտական կոլեկտիվներ։ Հիմք է դրել բազում՝ արդեն ավանդույթ դարձած միջոցառումների։ Երկար տարիներ եղել է Վանաձորի քաղաքապետարանի կրթության ու մշակույթի բաժնի պետը։ Այսօր էլ իր արդյունաշատ ծառայությունն է բերում Վանաձորի թիվ 1-ին երաժշտական դպրոցում՝ որպես տնօրեն։ Հարկ է նշել որ Մաեստրոյի ջանքերով է հիմնադրվել Վանաձորի <<Երգի թատրոն-ստուդիան>>, որը ղեկավարում է մինչ օրս։
Գրել է ներկայացումների համար բազմաթիվ երաժշտություններ։ Թողարկել է <<Քեզ, իմ Վանաձոր>> և <<Սիրո քաղաք>> երաժշտական ալբոմները, տպագրել բազմաթիվ ժողովածուներ, հրատարակել <<Ղարաքիլիսա – Կիրովական – Վանաձոր․ Մշակույթի տարեգրություն>> և <<Մուսաների ծառաները>> գրքերը, որոնք ունեն մշակութային հանրագիտարանի արժեք, <<Երգի թևով, պարի հոգով>> հատորը։ Մաեստրոյի շնորհալի գրչին են պատկանում նաև <<Իմպրեսսիոններ>> բանաստեղծական ժողովածուն։
Անհնար է մեկ գրությամբ անրադառնալ Գագիկ Աղաբաբյանի օվկիանոսածավալ ստեղծագործական ժառանգությանը և գործունեությանը, որն այսօր էլ շարունակում է իր վերելքը՝ ազնվացնելով մարդկանց հոգիներն ու սրտերը։ Նրա ծառայության լավագույն գնահատությունը մեծ հարգանքն ու սերն է, որ Մաեստրոն վայելում է իր հարազատ Լոռիում։
Մշտապես խստաբարո, պահանջկոտ ու սկզբունքային Գագիկ Աղաբաբյանի կրծքի տակ թաքնված է ռոմանտիկ ստեղծագործողի, անդադրում կամքով օժտված, պրպտացող մտավորականի մեծ սիրտը, որը պատրաստ է մշտապես զոհվել հանուն հայրենիքի, հանուն մշակույթի, հանուն ընկերների և, ի հարկե, իր գեղեցիկ ընտանիքի։
Շնորհավո՜ր տարեդարձ, սիրելի Մաեստրո, թո՛ղ Ձեր գրիչը շարունակի լինել բեղուն, իսկ Ձեր հոգեհույզ գրվածքները շարունակեն ապրել մեր շուրթերի վրա՝ առաջնորդելով դեպի բարին ու կատարյալը։
Թղթակից
HayLurUsa լրատվականի ողջ անձնակազմը
շնորհավորում է Գագիկ Աղաբաբյանին ծննդյան
հոբելյանի առթիվ և մաղթում ամենայն բարիք։
Սիրով ներկայացնում ենք Մաեստրոյի ստեղծագործություններից մի քանիսը։
Comments