2020 թվականի նոյեմբերից եւ հատկապես 2023-ի սեպտեմբերից հետո բազմաթիվ հայեր գտնվում են ծանր սթրեսային վիճակում: Իմ տպավորությամբ, այդպիսի մարդիկ (որոնց թվին նաեւ ես եմ պատկանում) Հայաստանում, համենայնդեպս, մեծամասնություն չեն կազմում: Դա, իհարկե, վատ նշան է: Ենթադրենք, մարդը վարակվել է մահացու հիվանդությամբ, բայց նրա մարմնի ոչ մի օրգան ցավ չի զգում: Դա նշանակում է, որ օրգանիզմը դիմադրելու որեւէ ներուժ չունի եւ այդպես էլ մահանալու է:
Բայց նրանք, ում օրգանները (ներառյալ ուղեղը) դեռեւս վերջնականապես չեն անզգայացել, այդ մարդկանցից շատերը փորձում են հասկանալ, թե որտեղ են իրե՛նք սխալվել: Դա, գոնե իմ դեպքում, նման չէ «բոլորս ենք մեղավոր» բովանդակազուրկ բանաձեւին: Եթե խոսքն Արցախը, ինչպես նաեւ ՀՀ տարածքի առնվազն 150 քառակուսի կիլոմետրը թշնամուն հանձնելու մասին է, ապա այստեղ մեղավորները հայտնի են: Դա ռուս-թուրքական ալյանսն է եւ այդ դաշինքի կամակատար Նիկոլ Փաշինյանն՝ իր թիմով: (Այն հանգամանքը, որ Փաշինյանն, իր սահմանափակ ընկալումներով, փորձում է ինչ-որ «խաղեր տալ», իրավիճակը չի փոխում):
Իսկ թե ինչու՞ է Հայաստանի հասարակության մեծամասնությունն այդ ամենի հանդեպ անտարբեր, այստեղ ես տեսնում եմ նաեւ իմ մեղավորությունը: 90-ականների երկրորդ կեսին եւ 2000-ականներին ես ինչ-որ չափով նպաստել եմ այն նիհիլիզմին, որը տիրում է մեզանում այսօր: Հակադրվելով կեղծավորությանը, երեսպաշտությանը՝ քմծիծաղով եմ վերաբերվել, երբ մարդիկ խոսում էին ազգային արժեքների եւ հավատքի մասին:
Այստեղ անհրաժեշտ էր թացը չորից զանազանել: Նշված ժամանակահատվածում մարդիկ շատ էին կուրծք ծեծում՝ իրենց «ազգային գործիչ» կամ «հավատացյալ» անվանելով, բայց պարզ էր, որ նրանք ձեւեր էին թափում, զբաղված էին իրենց բարեկեցությունն ապահովելով: Այդ մարդիկ, ինչ խոսք, արժանի էին հեգնանքի: Բայց այդ հեգնանքը, գուցե իմ կամքից դուրս, տարածվում էր իսկական, ճշմարիտ արժեքների վրա:
2020 թվականին ես զգացի, որ իմ համաքաղաքացիները «հոգին անզգայացնելու» չափից դուրս մեծ բաժին «թմրամիջոց» են ընդունել՝ գուցե նաեւ իմ այդ անտեղի հեգնանքի պատճառով: Այժմ սխալներն ուղղելու ժամանակն է, առողջանալու եւ առողջացնելու ժամանակը: Բնականաբար, չէր խանգարի, որ ամեն մեկս սկզբի համար տա այն հարցը, որը դրված է այս հրապարակման վերնագրում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Աղբյուր՝ https://www.aravot.am/
Comentarios