top of page

Ուկրաինայի գոյատեւումը կախված է մի մարդուց, եւ այդ մարդը… Թրամփն է

Վերջին երկու տարվա ընթացքում Արեւմուտքը խոստացել է Ուկրաինային որպես օգնություն հատկացնել ֆանտաստիկ մի գումար՝ 250 միլիարդ եվրո։ Համեմատեք օրերս Հայաստանին խոստացված 270 միլիոնի հետ։ Ընդ որում, մեզ այդ փողը կփոխանցվի առաջիկա 4 տարիների ընթացքում, այնինչ, գերմանական Կիլ քաղաքում գտնվող Համաշխարհային տնտեսության ինստիտուտի տվյալներով, Կիեւին խոստացված այդ հսկայական գումարի երեք քառորդը արդեն հատկացվել է։ Փողի մի մասը ռազմական գործողությունների հետ ընդհանրապես շատ քիչ առնչություն ունի եւ նախատեսված է աշխատավարձերի, կենսաթոշակների եւ սոցիալական նպաստների վճարման համար, քանզի երկրի տնտեսությունը, մեղմ ասած, դժվարությամբ է աշխատում, ինչի հետեւանքով հարկահավաքման գործն էլ է մեծ պրոբլեմ դարձել։

Այսինքն, ինչպես նշում են արեւմտյան լրատվամիջոցները, ուկրաինացի չինովնիկը, որի աշխատավարձը փաստորեն գալիս է Վաշինգտոնից, այժմ սրտատրոփ սպասում է, թե երբ ամերիկյան Կոնգրեսը վերջապես կհաստատի այս տարվա համար նախատեսված ավելի քան 60 միլիարդ դոլարի ռազմական օգնությունը։ Եւ այդ չինովնիկի մտահոգությունը լիովին հասկանալի է՝ եթե ամերիկյան զենքը երկար ժամանակ ուշանա, կառավարությունը ստիպված է լինելու կտրուկ ավելացնել պետական բյուջեի ռազմական ծախսերը։ Ի՞նչի հաշվին։ Հենց այդ չինովնիկի աշխատավարձի հաշվին։ Թոշակառուների ստացած խղճուկ գումարների մասին էլ չեմ խոսում. իջեցնելու տեղ էլ չկա։

Առաջին հայացքից թվում է, թե Ամերիկան արտառոց գումարներ է հատկացնում Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու նպատակով։ Բայց համեմատեք՝ մի բուռ էստոնիան այդ նպատակին Ուկնաինային է հատկացնում իր համախառն ներքին արդյունքի 4 տոկոսը, մինչդեռ Ամերիկայի ներդրումը ավելի քան 10 անգամ պակաս է՝ ընդամենը 0,3 տոկոս։ Ավելին, Վաշինգտոնի հատկացրած գումարի մի զգալի մասը Կիեւ չի էլ հասնում, այլ տրամադրվում է հենց ամերիկյան զենքարտադրողներին, այսինքն, օգտագործվում է սեփական տնտեսությունը զարգացնելու համար։

Եւ այս ամենով հանդերձ, Եվրոպան, միեւնույն է, տագնապով է հետեւում ամերիկյան Կոնգրեսում տեղի ունեցող գործընթացներին, քանզի քաջ գիտակցում է՝ եթե ԱՄՆ-ը չտա այդ 60 միլիարդը, Եվրոպան ստիպված է լինելու կրկնապատկել Ուկրաինային տրվող ռազմական օգնությունը, իսկ դա չափազանց դժվար է, ոմանց կարծիքով՝ նույնիսկ անհնար։ Նույն էստոնացին, որն առայժմ լուռ դիմանում է, ի վերջո կարող է ընդվզել՝ ինչո՞ւ ենք մենք արդեն մեր համախառն ներքին արդյունքի 8 տոկոսը հատկացնում Ուկրաինային, այնինչ, բրիտանացիների ներդրումը հազիվ 1 տոկոսի է հասնում։

Ե՞րբ է ամերիկյան Կոնգրեսի ստորին պալատն ի վերջո հաստատելու այդ 60 միլիարդի ռազմական օգնությունն Ուկրաինային։ Ամեն ինչ կախված է մի մարդուց, եւ այդ մարդը… Դոնալդ Թրամփն է, փաստում է ԲիԲիՍի-ն՝ մանրամասնելով. թեեւ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն է կազմում, այսպես ասենք, ընդդիմությունը, այսինքն, հանրապետականները, նրանցից շատերը, ինչպես ցույց տվեց քվեարկությունը վերին պալատում՝ Սենատում, լիովին պատրաստ են հավանություն տալ այդ 60 միլիարդին, բայց հանրապետականների շարքերում կա արմատական մի խումբ, որը՝ անշեղորեն հետեւելով նախկին նախագահի՝ Թրամփի ցուցումներին, երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ եւ համառորեն պնդում է՝ չէ′ ու չէ′, 60 միլիարդի մասին որոշումը չպետք է քննարկվի։

Ի՜նչ պատրվակ ասես՝ բերում են։ Սկզբից ասում էին՝ նախ, ամրացրեք Մեքսիկայի հետ սահմանները, թե չէ՝ անհեթեթ բան է ստացվում. հոգ ենք տանում հեռավոր եվրոպական մի երկրի սահմանների անձեռնմխելիության մասին, այնինչ, մեր սեփական սահմանները լայնորեն բացել ենք անօրինական ներգաղթյալների առջեւ։ Հետո սկսեցին խոսել հեղուկ գազի արտահանման հետ կապված ֆինանսական պրոբլեմների մասին։ Հիմա էլ առաջարկում են ոչ թե պարզապես նվիրել Կիեւին այդ 60 միլիարդը, այլ ձեւակերպել այն որպես վարկ, թեեւ դա շատերի կարծիքով պարզապես ծիծաղելի է՝ բոլորն էլ նախօրոք գիտեն՝ ինչ ելք էլ ունենան ռազմական գործողություններն Ուկրաինայում, Կիեւը մոտ ապագայում ֆիզիկապես ի վիճակի չի լինելու վերադարձնել այդ հսկայական գումարը, Ամերիկան էլ, բնականաբար, ներելու է։ Դեմոկրատներն այդ տարբերակին էլ են համաձայն, բայց Թրամփի կողմնակիցները շարունակում են պահպանել իրենց անզիջում դիրքորոշումը։ Եւ հիմա արդեն երեւի ոչ ոք չի համարձակվի ստույգ կանխատեսել, թե երբ է վերջապես հարցը քննարկվելու։

Ուկրաինացիներն էլ անհամբեր սպասում են, որովհետեւ փամփուշտները, արկերն ու հրթիռները սպառվում են։ Իսկ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի հրամանատար Քրիսթոֆեր Քավոլին, ելույթ ունենալով կոնգրեսականների առջեւ, փաստել է. «Եթե մի կողմը կրակում է, իսկ մյուս կողմը պատասխան չի տալիս, հաղթում է նա, ով կրակում է»։


Արմեն Դուլյան, Սպուտնիկ Արմենիա


ความคิดเห็น


bottom of page