top of page

Ուսանողուհին


Առաջին կուրսում սովորող երիտասարդ ուսանողուհի Անուշի հայրական տունը Երևանից հեռու էր։ Այդ իսկ պատճառով, ապրում էր հարազատներից մեկի տանը։

Այն կազմված էր մի շատ փոքրիկ խոհանոցից, որտեղ միայն մի հոգի կարող էր գործ անել և մի շատ փոքրիկ սենյակից, ուր կար երկու մահճակալ, մի բազմոց, կողք-կողքի դրված երկու պահարան, որոնցից մեկը սպասքի համար էր, միուսը՝ հագուստների և մի սեղան՝ իր աթոռներով։ Շարժվելու տեղ չկար։

Այդ տանն ապրում էին ընտանիքի պապը, հայրը, մայրը և դպրոցական աղջիկը։ Հայրը գնացել էր արտագնա աշխատանքի։ Այդ իսկ պատճառով Անուշի համար տեղ էր բացվել այդտեղ մնալու։

Ընտանիքը համերաշխ էր և Անուշի հետ, նրանք շատ ջերմ ու լավ էին վերաբերվում։ Հարկ է նշել, որ այնուամենայնիվ հայրական տունն ուրիշ համ ու հոտ ունի։

Այդպես անցան ամիսներ։ Եվ մի օր էլ բարձր ջերմության պատճառով Անուշը, կիսատ թողնելով դասերը, գալիս ու պարկում է բազմոցին։

Ազգականուհին դեղ և թեյ է տալիս ու հուսադրում, որ ամեն ինչ լավ կլինի:

Անուշը լուռ պառկել էր և ընկել մտքերի մեջ։ «Ինչու՞ մեր տունը մոտ չէ Երևանին, որպեսզի ապրեմ մեր տանը, լինեմ մայրիկիս մոտ»։ Այդպես մտածում էր Անուշն ու ուզում, որ մայրն իր կողքին լիներ, ձեռքը դներ իր

ճակատին։

Չնայած Անուշն արդեն մեծ աղջիկ էր, բայց այնքան էր զգում մոր կարիքը, որ շուռ եկավ դեպի պատն ու ազատություն տվեց արցունքներին։

Նա շատ էր սիրում իր ծնողներին։ Նրանցից հեռու ապրելը դժվար էր։

Մտածում էր, որ ոչ միայն ինքն է այդպիսին, այլ նաև բոլորը։ Նույնիսկ մեծահասակները, երբ մի բան է պատահում «Վա՜յ մամա ջան» են ասում։

Մայրական ջերմությունն ուրիշ է, ոչ-ոք և ոչինչ չի կարող փոխարինել մորը։


Մայրը


Հրաշք են մեր մայրերը,

Մեռնեմ ես նրանց հոգուն,

Չեն քնում գիշերները,

Զավակներին են հսկում։


Ծով է սերը մայրական,

Քա՜ղցր է, շա՜տ դուրեկան,

Չի՛ չափվի ոչնչի հետ,

Ծով կմնա առհավետ։


Մոր սերը մեծ է այնքան,

Նրան չի՛ հասնի ոչ մի բան,

Ինչի հետ էլ, որ չափես,

Մե'ծ կլինի մշտապես։


Ծով է սերը մայրական,

Քա՜ղցր է, շա՜տ դուրեկան,

Չի՛ չափվի ոչնչի հետ,

Ծով կմնա առհավետ։


Զավակնե՛ր, դուք սիրեցե'ք

Անկեղծ սրտով ձեր մորը,

Նրան միշտ փառաբանեք,

Որ լավ անցնի ձեր օրը։


Ծով է սերը մայրական,

Քա՜ղցր է, շա՜տ դուրեկան,

Չի՛ չափվի ոչնչի հետ,

Ծով կմնա առհավետ։


Լաուրա Խլղաթյան

Լաս Վեգաս

1 Comment


Guest
6 days ago

Հրաշալի պոեմ Տիկին Լաուրա Խլխաթյան հոգուն հարազատ եք գրում , հաճույքով եմ ընթերցում ձեր բոլոր գրվածքներա։

Like
bottom of page