top of page

Ու՞ր էիր, Աստված


Երեկո էր։ Չորս հոգուց բաղկացած ընտանիքի անդամները ընթրիքից հետո նստել, սրճում ու զրուցում էին։ Այնտեղ էին ընտանիքի հայրը, մայրը, մի քանի ամիս առաջ ամուսնացած որդին և հարսը՝ այսինքն ես։

-Հայրի՛կ, գիտեմ, որ մեծ դժվարությամբ եք ազատվել թուրքի ձեռքից։ Կպատմե՞ք, թե ինչպե՞ս է այդ եղել,- խնդրեցի ես։

-Սիրով, աղջիկ'ս։ Չնայած, ամեն հիշելիս ցավ եմ ապրում, բայց կպատմեմ․ - համաձայնվեց սկեսրայրը։

Տարիներ անց, այդ պատմությունը գրեցի բանաստեղծության տեսքով։


Ու՞ր էիր, Աստված


Ու՞ր էիր, Աստված, արդյոք, այն պահին,

Երբ կոտորում էր հային թշնամին,

Երբ լոկ ութամյա վտիտ մի աղջիկ,

Երեք տարեկան եղբորը գրկած,

Կուչ էր եկել թփերի ետև՝ իրենց տան դիմաց։

Ամուր փակել էր բերանը եղբոր,

Որ ձայն չհանի՝ պահն էր ահավոր։


Սարսափով տեսավ, ինչպե՞ս խոցեցին

Իր պառավ տատին,

Թե ինչպե՞ս մայրը սրի հարվածից

Թավալվեց գետին՝

Արյան մեջ կորած ամուսնու կողքին,

Ու վերջին շնչում այս բառերն ասաց․

-Բալեքիս օգնի'ր, ողորմած Աստված։


Հայոց հողն այրվեց ու մոխիր դարձավ,

Հայերի սրտում վիշտը ծանրացավ,

Թողած հարազատ դիակներն անթաղ,

Սարսափն աչքերում,

Փոքրիկ աղջիկը, եղբորը գրկած,

Ինքն էլ չգիտեր, թե ու՞ր է գնում։


—Քույրի՛կ, սոված եմ, հաց եմ ուզում, հա՛ց։

—Կամա՛ց, եղբայրս, չլսեն, հանկարծ,

Թուրք ասկյարները՝ կապները կտրած։


Երբ ասկյար բառը փոքրիկը լսեց,

Ահից կուչ եկավ, լեզուն պապանձվեց,

Փոքրիկ մարմինը դողում էր վախից,

Հանկարծ, ասկյարը չտեսնի՞ հեռվից։


Քիչ էլ գնացին, ձայներ լսեցին,

Թփերի ետև, իսկույն, պահվեցին։

Սարսափը սրտում, շունչները պահած,

Ականջ են դնում, - օգնի՛ր, տեր Աստված։

Իսկ երբ բառերն ականջին հասավ,

Փոքրիկ աղջիկը, իսկույն, վեր թռավ։

—Հայե՛ր են, հայե՛ր, իմ անու՛շ աղբեր,

Կարծես փրկվեցինք, դե, շու՛տ վե՛ր կաց, վե՛ր։


Մի փոքրիկ խումբ էր, հյուծված, բզկտված,

Ասկյարի սրից մազապուրծ փախած,

Մեր որբուկներին իրենց հետ վերցրին

Ու հազար անգամ թուրք ասկյարներին

Թունդ հայհոյեցին։


Հոգնած ու տանջված խումբը քայլեց ցած՝

Զառիվար իջնող ճամփով փոշոտված։

—Ետ մի՛ մնացեք, քայլե՛ք դուք փութով,

Հայկական գյուղ կա, կհասնենք շուտով,-

Ասաց ալեհեր, նիհար ծերունին,

Որ քաջ ծանոթ էր այդ տեղանքներին։


Վերջապես, հասան փոքրիկ այդ գյուղին,

Որի անունն էր, լոկ, գյուղ մնացել,

Այդ գողտրիկ գյուղը մոխիր էր դարձել,

Կենդանի ոչ մի շունչ չէր մնացել։

Մի թափառ շուն էր ոռնում, ման գալիս,

Տիրոջն էր փնտրում ու տխուր լալիս։


Միայն մի տուն էր մնացել կանգնած,

Այն էլ կիսաքանդ, դռները պոկված,

Խումբը ծվարեց այդ խարխուլ տան մեջ՝

Անիծելով թուրք ասկյարին անվերջ։

Լույսը չբացված ճանապարհ ընկան,

Որ չհանդիպեն թուրքերին դաժան։


Ու քայլում էին, քայլում լուռ ու մունջ,

Տանելով կյանքի հարվածն անտրտունջ։

Ամեն մեկն ընկած իր մտքերի մեջ,

Արդյոք, այս կյանքին կգա՞ մի օր վերջ։


Ցիր ու ցան եղան ողջ աշխարհով մեկ,

Կորցնելով իրար ծնող, երեխեք,

Մեր փոքրիկները որբանոց ընկան,

Որ բաց էր արել մեծ Ամերիկան։


Քույրիկ ու եղբայր կորցրեցին իրար,

Դա մեծ հարված էր փոքրիկի համար,

Հայացքը տխուր, աչքերը թախծոտ

Նա միշտ կանգնում էր լուսամուտի մոտ,

Քրոջ գգվանքին կլինի՞ արժան,

-Օ՜, ճակատագիր, դու շա՜տ ես դաժան։


Անցան թախծալից ու երկար օրեր,

Մեր փոքրիկ տղան տխու՜ր ու լուռ էր։

Հանկարծ մանկատան մեծ դուռը բացվեց,

Եվ ո՜վ դու հրաշք, քույրը հայտնվեց,


Քույրիկ ու եղբայր գգվեցին իրար,

Ո՛չ լացն էր ջոկվում, ո՛չ ծիծաղն անծայր,

Այստեղ երդվեցին, ի՞նչ էլ որ լինի,

Նրանք իրարից էլ չե՛ն բաժանվի։


Եվ այդպես էլ եղավ։ Մեծացան մեր փոքրիկները Հունաստանի Աթենք քաղաքում։ Քույրն ամուսնացավ՝ իր թևի տակ առնելով եղբորը։ Իսկ երբ եղբայրն արդեն հասուն երիտասարդ էր, նա ևս ընտանիք կազմեց։ Տարիներ անց, բոլորը միասին, տեղափոխվեցին Հայրենիք և բնակություն հաստատեցին Երևանի Զեյթուն թաղամասում։ Այդպիսի օր չկար, որ եղբայրը չայցելեր քրոջը՝ տեսնելու և նրա հետ մի բաժակ սուրճ վայելելու։


Լաուրա Խլղաթյան

Լաս Վեգաս

2011թ․


Commentaires


bottom of page