top of page

Պետության լուծարում. Լեռնային Ղարաբաղ, Չեզոք Մորեսնեթ, Սալոյի հանրապետություն եւ այլն


Թվում էր, թե այս Ամանորի գլխավոր, ամենից շատ քննարկվող թեման կլինի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության լուծարումը։ Իրականում, ինչի մասին ասես, որ չխոսեցինք տոնական սեղանների շուրջ՝ Կաթողիկոսի ելույթ, հնդիկներ, սպասելիքներ նոր տարուց, բայց փորձեցինք ամեն կերպ շրջանցել աննախադեպ փաստը՝ Արցախ պետության վերացումը հենց այդ պետության ղեկավարի հրամանագրով։ Ու դա երեւի օրինաչափ է, որովհետեւ, համաձայնե′ք՝ այդ պետության ստեղծումն էլ, մեղմ ասած, բավական տարօրինակ էր։ 89-ին որոշեցինք վերամիավորվել, բայց անմիջապես էլ սկսեցինք պայքարը հանուն Լեռնային Ղարաբաղի անկախության եւ միջազգային ճանաչման։ Ու հիմա էլ, երբ Ղարաբաղում այլեւս հայ չի մնացել կամ գրեթե չի մնացել, Երեւանում շարունակում են իրարամերժ կարծիքներ հնչել՝ իսկ ո՞վ է տեսել լուծարման մասին փաստաթուղթը, իսկ ընդհանրապես որեւէ պետության ղեկավար սեփական պետությունը լուծարելու իրավասություն ունի՞ արդյոք ։ Ու ամենակարեւոր հարցը՝ պատմական նախադեպեր կա՞ն։ Այո′, կան։

  Համոզված եմ, շատ քչերը գիտեն, որ դեռ մոտավորապես մեկ դար առաջ Եվրոպայի քարտեզի վրա գոյություն ուներ մի պետություն, որը կոչվում էր Չեզոք Մորեսնեթ։ Ընդամենը 3,5 քառակուսի կիլոմետր տարածքով այդ գաճաճ պետությունը գոյատեւել է ավելի քան 100 տարի եւ գտնվում էր Բելգիայի, Գերմանիայի եւ Նիդերլանդների սահմանների հատման վայրում։ Պատմությունն այսպիսին է՝ Ֆրանսիական հեղափոխության եւ Նապոլեոնի պատերազմների ավարտից հետո եվրոպական տերությունների առաջնորդները Եվրոպայի ապագան եւ քարտեզը հստակեցնելու նպատակով հավաքվեցին Վիեննայում։ Թեժ վեճեր ծավալվեցին սահմանին գտնվող մի փոքր տարածքի շուրջ, որովհետեւ այնտեղ ցինկի պաշարներ կային։ Ի վերջո, կողմերն աննախադեպ որոշում կայացրին՝ արձանագրելով. քանզի չենք կարողանում կոնսենսուսի հասնել այս տարածքի պատկանելության հարցում, թող այն դառնա անկախ պետություն։ Այսպես ստեղծվեց Չեզոք Մորեսնեթը։

  Նոր պետությունը անմիջապես էլ գրավիչ վայր դարձավ բազմաթիվ եվրոպացիների համար, որովհետեւ հարկերը չափազանց ցածր էին, մաքսատուրքը գրեթե վերացված էր, իսկ որոնման մեջ գտնվողների եւ բանակից խուսափողների համար սա պարզապես իդեալական տեղ էր։ Ընդամենը մի քանի տասնամյակում նորաստեղծ պետության քաղաքացիների թիվն աճեց ավելի քան տասն անգամ։ Ճիշտ է, 19-րդ դարի վերջին ցինկի պաշարները սպառվեցին, ու իշխանությունները սկսեցին զարգացման նոր ուղիներ փնտրել։ Քննարկվում էր Մոնակոյի տարբերակը, այսինքն, առաջարկվում էր Մորեսնեթը դարձնել մի մեծ կազինո։

Դիտարկվում էր նաեւ բավական անսովոր գաղափար՝ քանի որ մասնագետներն այն ժամանակ պնդում էին, թե ի վերջո ողջ աշխարհը կխոսի մեկ արհեստական լեզվով, սկսեց շրջանառվել այսպիսի գաղափար՝ եկեք առաջ անցնենք իրադարձություններից եւ Մորեսնեթը դարձնենք եզակի երկիր, որտեղ պետական լեզուն էսպերանտոն է, եւ բոլոր բնակիչները խոսում են միայն այդ լեզվով։ Բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան օկուպացրեց Մորեսնեթը, իսկ գերմանացիների պարտությունից հետո Բելգիան պարզապես իրեն միացրեց նախկին չեզոք տարածքը, ու Մորեսնեթի պատմությունը դրանով ավարտվեց։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1943 թվականին, նույն Գերմանիան անկախ պետություն ստեղծեց Իտալիայի հյուսիսում։ Այդ խամաճիկային միավորումը կոչվում էր Իտալիայի սոցիալական պետություն կամ Սալոյի հանրապետություն, որովհետեւ մայրաքաղաք էր հռչակվել Սալո բնակավայրը, որտեղ գործում էին արտգործնախարարությունը, մշակույթի նախարարությունը, Կենտրոնական փոստատունը եւ այլ գերատեսչություններ։ Ամենահետաքրքիրն այն է, որ այդ արհեստական պետությունը ստեղծվել էր մեկ մարդու համար։ Այո′, շատ ճիշտ եք, դա Բենիտո Մուսոլինին էր։ Եւ քանզի այդ մարդը ղեկավարում էր Իտալիայի ֆաշիստական կուսակցությունը, մնացած բոլոր քաղաքական ուժերի գործունեությունը Սալոյի հանրապետությունում անմիջապես արգելվեց։ Սակայն Գերմանիայի պարտությունից հետո այս հանրապետությունն էլ վերացվեց, իսկ թե ինչպես ավարտվեց Մուսոլինիի կյանքը, կարծում եմ, հիշեցնելու կարիք չկա։

Իհարկե, կարող եմ անդրադառնալ նաեւ Տիբեթի եւ Արեւելյան Գերմանիայի օրինակներին, չնայած լրիվ համաձայն եմ, որ զուգահեռները Արցախի հետ ամենեւին տեղին չեն։ Պարզապես կարելի է փաստել, որ երկու Գերմանիաների վերամիավորումը 100 տոկոսով ստացվեց, մինչդեռ 100 հազար արցախցիների տեղափոխվելը Հայաստան դժվար թե որեւէ մեկը վերամիավորում անվանի։ Իսկ Չինաստանի առաջնորդ Մաո Ձեդունը 1949 թվականին Տիբեթի հետ վարվեց ճիշտ այնպես, ինչպես Իլհամ Ալիեւն անցած տարի՝ Արցախի հետ. երկուսն էլ զորք ուղարկեցին եւ բռնի ուժով լուծեցին բոլոր հարցերը։

Ինչեւէ, կարելի է կանխատեսել, որ դեռ երկար, շատ երկար չեն դադարի վեճերը, թե իրականում ի՞նչ կատարվեց Արցախում եւ նրա շուրջ, ինչպե՞ս եղավ այդ ամենը, եւ արդյոք հնարավո՞ր էր այլ տարբերակ։ Սակայն ամեն անգամ լսելով հայտնի պնդումը, թե անցածը հետ չես բերի, միշտ հիշում եմ ամերիկացի գրող Լորենս Փիթերի խոսքերը. «Պատմությունը ստիպված է կրկնվել ու կրկնվել, քանզի նրան ոչ ոք երբեք չի լսում»։


Արմեն Դուլյան, Սպուտնիկ Արմենիա

Commenti


bottom of page