Այս շաբաթվա սկզբին, երբ հաղորդվեց, որ երկու ադրբեջանցիներ հայտնվել են Սյունիքի մարզի տարածքում, առաջին հայացք թվում էր, թե մի առանձնապես բան չի պատահել՝ մոլորվել են. դե, մերոնք էլ են մոլորվում։ Այնուամենայնիվ, շատերը տրամաբանական հարց են տալիս՝ այդ ինչպե՞ս եղավ, որ ադրբեջանցիներին հաջողվեց շատ հանգիստ, աննկատ անցնել սահմանային գիծը, եւ մեր դիրքերից բացարձակ ոչ մի արձագանք չհետեւեց։ Ենթադրենք, թե հատուկ ազդանշանային սարքեր չունենք, թեեւ պաշտպանության նախարարությունը անընդհատ պնդում է, թե ունենք։ Բա լավ, մետաղալարից կախված տխրահռչակ պահածոյի տուփե՞ր էլ չեն եղել։ Ախր, եթե երկու հոգի առանց խոչընդոտի եկել են Հայաստան, այդ նույն, անպաշտպան ճանապարհով մի գումարտակ էլ կարող է մտնել։ Ընդ որում, սահմանախախտ ադրբեջանցիներից մեկին տեղացիները բռնել են սահմանից բավական հեռու գտնվող Աշոտավան գյուղում։ Այսինքն, այդ մարդը երկար ժամանակ, կներեք, զբոսնել է Սիսիանի մոտակայքում։ Վերջին 30 տարում նման բան եղե՞լ էր։
Վերափոխելով հայտնի ֆիլմի հերոսի արտահայտությունը, կարող ենք ասել. «Մեր պետությունը բժշկին քիչ է վճարում, ուսուցչին քիչ է վճարում, հովվին քիչ է վճարում, որ իր սահմաններն անառիկ պահի»։ Այնինչ, հենց վերջին օրերին սահմանամերձ բնակավայրերի գյուղացիները զարմանքով տեսնում են, թե ինչպես են իրենց արոտավայրերում պաշտպանական կառույցներ ստեղծում ու ամրացնում ադրբեջանցի զինվորականները։ Էլ չեմ ասում, որ այս ամենը բոլորովին նոր երեւույթ չէ, եւ վերջին երկու տարվա ընթացքում, տարբեր աղբյուրների վկայությամբ, Հայաստանը կորցրել է 150 քառակուսի կիլոմետր տարածք։ Իլհամ Ալիեւը մոտ 10 օր առաջ հայտարարեց՝ «Այսօր մենք ադրբեջանա-հայկական սահմանի ուղղությամբ շատ շահեկան դիրքեր ունենք եւ այդ դիրքերում ամրապնդվում ենք ու այնտեղ էլ մնալու ենք»։
Ամենավտանգավորը գիտե՞ք ինչն է։ Անտարբերության մասին չեմ ասում՝ դա աշխարհի բոլոր երկրներում էլ կա։ Ուղղակի Հայաստանում այս «սողացող օկուպացիան» զարմանալիորեն արդարացվում է հանրության մի մասի կողմից։ Քանի՞ անգամ ենք լսել նույն «սպանիչ» հարցը՝ «Իսկ ի՞նչ է, ուզում եք, որ կրկին զոհվեն մեր երեխաները, նոր պատերազմ եք ուզո՞ւմ»։ Ու հավատացեք՝ պարզապես անհնար է այս «պողպատե փաստարկով» զինվածներին բացատրել, որ երբեք չեմ երազել պատերազմի մասին թեկուզ այն պատճառով, որ պատերազմը գլխիվայր շրջում է բոլոր սկզբունքները, եւ «մի′ սպանիր» աստվածաշնչյան հորդորը դառնում է բոլորովին այլ կարգախոս՝ «սպանի′ր, հնարավորինս շատ մարդ սպանի′ր»։
Բայց ամենահետաքրքիրը, երեւի, Հայաստանի իշխանությունների, եթե կարելի է այսպես ասել՝ «տեղեկատվական խուճապն» է։ Դրա վառ օրինակը Ազգային անվտանգության ծառայության տեղեկատվությունն է։ Սկզբից հաղորդվեց՝ ադրբեջանական ուժերը առնվազն 5 կետերում մեր սահմանից 100-ից 300 մետր առաջ են տեղակայվել, այնինչ, հետո այդ նույն ծառայությունը հայտնեց՝ սահմանի ճշգրտման աշխատանքների արդյունքում այդ հատվածում «իրավիճակը էապես բարելավվել է»։ Դուք որեւէ բան հասկացա՞ք։ Իմ տպավորությամբ, այս ողջ տեղեկատվության նպատակն էլ հենց դա էր՝ այնպես անել, որ որեւէ մեկը որեւէ բան չհասկանա։
Մնում է ենթադրել, որ իշխանություններն իրենց գլխավոր նպատակը սահմանին տիրող իրավիճակը հմտորեն կոծկելն են համարում, այլ ոչ թե այդ սահմանի անձեռնմխելիությունն ապահովելը։ Այնինչ, մանավանդ հիմա, երբ աշխուժորեն քննարկվում է նորանոր տարածքներ կորցնելու միանգամայն իրական թվացող հեռանկարը, հայաստանցին տրամաբանում է՝ ջրի, լույսի, գազի համար մասնավոր ընկերություններին եմ մուծում, բուժվելու համար հսկայական փող հիվանդանոցին եմ տալիս, իմ հարկերից նաեւ դպրոցի դասատուների եւ մանկապարտեզների դաստիարակչուհիների աշխատավարձն եմ վճարում, նույնիսկ այն հսկայական պարգեւավճարները, որոնք ստանում են պատգամվորներն ու տարբեր մակարդակի չինովնիկները, էլի իմ հարկերից են գոյանում։
Իսկ այս կառավարությունից ես ակնկալում եմ ընդամենը մի բան՝ թույլ մի′ տվեք, որ ադրբեջանցիները մտնեն ու խրամատավորվեն իմ հայրենիքի տարածքում։ Եթե իշխանությունները դա էլ չեն անում, կներե′ք, բա ի՞նչ են անում։
Արմեն Դուլյան, Սպուտնիկ Արմենիա
Comments