Ռիալտոյի կամուրջից մինչև հայրենիք
- Apr 17
- 2 min read

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Արտաքին գործերի նախարարության համատեղ ջանքերով, Վենետիկի հյուպատոսարանի աջակցությամբ, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և Վենետիկի հյուպատոսարանի կազմակերպմամբ, 2026 թվականի ապրիլի 17-ին, Դորսոդուրո N2266 հասցեում՝ Վենետիկի այն տանը, որտեղ ապրել է հայ մեծ գրող Ավետիք Իսահակյանը, տեղի ունեցավ հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը։
Վարպետի մասին պատմող հուշատախտակը խորհրդանշում է երկու երկրների միջև մշակութային երկխոսությունը։ Հուշատախտակի վրա ուրվագծվում է Ռիալտոյի կամուրջը, որը Ավ․ Իսահակյանի լավագույն բանաստեղծություններից մեկի՝ «Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամուրջին․․․» խորհրդանիշն է և Վարպետի սիրելի ճարտարապետական կառույցներից մեկի՝ Երերույքի տաճարի զարդանախշը։ Հուշատախտակի վրա եղած QR կոդով, այցելուները կարող են տեսնել «Իսահակյանը և Վենետիկը» տեսանյութը։

Հուշատախտակի ճարտարապետը Հայկ Ասատրյանն է:
Արարողությանը մասնակցեցին բազմաթիվ պաշտոնյաներ, որոնց թվում էին ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Ն.Գ. Վլադիմիր Կարապետյանը, Վենետիկի պրեֆեկտ Ն.Գ. Դարկո Պելլոսը, Վենետիկի փոխքաղաքապետ Սիմոնե Վենտուրինին, ինչպես նաև համայնքի անդամներ։
Այս տանը, որտեղ տեղադրվեց հուշատախտակը, Վարպետն ընտանիքով ապրել և ստեղծագործել է 6 տարի` 1921-1926 թթ․։ Պահպանվել են Իսահակյանի որդու՝ Վիգեն Իսահակյանի հուշերը․

«Դորսոդուրո փողոցում գտնվող այս տունը` N 2266, որտեղ ապրեցինք վեց տարի, պարտեզով շրջապատված մի հին առանձնատուն էր, որը Վենետիկի համար հազվագյուտ բան էր: Պատկանում էր հինավուրց վենետիկյան Դե Մարքիների ազնվական ընտանիքին։
․․․Հորս աշխատասենյակը երկրորդ հարկում էր, նայում էր պարտեզին: Աղավնիները գալիս էին, նստում պատուհանի եզրին և ղունղունում, ուտելիք պահանջում։ Սենյակում էին հորս գրասեղանը և թախտը։ Հայրս պատին ամրացրել էր Հայաստանի քարտեզը և իր սիրելի մոր՝ Ապլայի պատկերը: Այս սեղանին հայրս գրեց իր ստեղծագործություններից մի քանի ընտիր գոհարներ, ինչպիսիք են «Ռավեննայում» կամ էլ «Հայրենիքիս»․․․։
Այդ գրասեղանին գրեց իր անկրկնելի «Լիլիթը», նաև մի սիրային բանաստեղծություն` ներշնչված Ռիալտո կամրջին հանդիպած մի անծանոթ վենետիկուհով, մշակեց «Սասմա Մհեր» պոեմը: Հրապարակեց բանաստեղծական մի նոր ժողովածու՝ «Աշնան ծաղիկներ» վերնագրով: Հորս ստեղծագործական կրակը կարծես նորից արթնացել էր»։

Վենետիկում ապրած տարիներին այստեղ հյուրընկալվել են հայ մշակույթի մեծերը Մարտիրոս Սարյանն ու Եղիշե Չարենցը։
Մշակութային երկխոսությունը կշարունակվի Վարպետի՝ թանգարան դարձած, երևանյան առանձնատանը, որի գեղեցիկ այգում ֆրանսահայ քանդակագործ Հարութ Եկմալյանի նախագծով և խորհրդատվությամբ, Երևանի թիվ 4 արհեստագործական քոլեջի հետ համագործակցությամբ կտեղադրվի Ռիալտոյի կամուրջի տեսքով նստարան և այցելուները հնարավորություն կունենան բանաստեղծությունը ընթերցել նստարանի վրա՝ իտալերեն և հայերեն «Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամուրջին․․․»։
Թղթակցությունը Ավետիք Իսահակյանի տուն- թանգարանից





Comments