top of page

Սանտա Կլարիտայի հայապահպանության օջախը


Սանտա Կլարիտայի Ս. Սարգիս եկեղեցու շաբաթօրյա դպրոցը հիմնադրվել է 2007 թ․-ին և գործում է ԱՄՆ Արևմտյան թեմի հովանու ներքո՝ վայելելով առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի հայրական օրհնությունը և խնամքը։ Դպրոցը 7-ամյա է։ Այստեղ սովորում է մոտ 95 աշակերտ։ Անձնակազմը բաղկացած է 9 ուսուցչից։

Տարիների ընթացքում այն դարձել է յուրօրինակ հավաքատեղի, ուր պահպանվում է ազգայինն ու հոգևորը, դասավանդվում` մայրենի լեզուն ու մշակույթը։ 2022-23 ուսումնական տարեշրջանը ևս հարուստ էր մնայուն հիշողություններով։

Անցյալ հոկտեմբերի 22-ին շուրջ 50 աշակերտ՝ հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Զավեն քահանա Մարկոսյանի, ուսուցչական կազմի և ծնողների ուղեկցությամբ, այցելեցին Արարատ-Էսքիջյան թանգարան: Դպրոցականները ծանոթացան հայոց պատմությանն ու մշակույթին: Նրանք մասնակցեցին հետաքրքրաշարժ խաղի, ինչպես նաև ծանոթացան մեր պատմական գանձերին: Սաներին շատ դուր եկավ թանգարանը, վերջիններս հիացան հնագույն ցուցանմուշներով:

Օրեր առաջ դպրոցում անցկացվեց ամենամյա ավանդական հինգերորդ տոնահանդեսը, որին մասնակցում էին տեղի հայ գործարարները՝ ներկայացնելով իրենց յուրահատուկ ապրանքատեսակները: Զվարճալի խաղերը, արվեստի և արհեստի տաղավարը, համեղ ուտեստներն ու հացաբուլկեղենը, աճուրդի դրված տարբեր թեմատիկ զամբյուղները, մրցանակների խաղարկությունը, բազմաթիվ գործարարների ներկայացրած տաղավարները և Սանտա Կլարիտայի հայկական պարային ակադեմիայի անզուգական ելույթը օրը դարձրին անմոռանալի: Ընտանիքները շփվեցին միմյանց հետ, երեխաները հրաշալի ժամանակ անցկացրեցին և կերտեցին գեղեցիկ հիշողություններ, որոնք կուղեկցեն նրանց ամբողջ կյանքում:

Ս. Սարգիս հայկական շաբաթօրյա դպրոցի «Տաղանդ» ցուցադրությունն այս տարի ևս շատ հաջողված էր: Աշակերտներն ի ցույց դրեցին իրենց բազմազան շնորհները և ուղղակի հիացրեցին հանդիսատեսին:

Դպրոցի ամենմայա միջոցառումներիից է Հայոց Ցեղասպանության Սրբոց հիշատակի արարողությունը։ Այս տարի ապրիլի 22-ին աշակերտները ծաղիկներ խոնարհեցին եկեղեցու բակում տեղադրված Եղեռնին նվիրված հուշակոթողին՝ հայցելով սուրբ նահատակների բարեխոսությունը։

Տարվա ընթացքում տեղի են ունենում նաև անհատական ու խմբակային աշխատանքների ցուցադրություններ։ Օրինակ 7-րդ դասարանի աշակերտները պատրաստել էին հայ ճարտարապետության անզուգական գլուխգործոցները, ինչպիսիք են Գառնու տաճարը, Ս. Գայանե եկեղեցին, Աշտարակի Ս. Կարմրավորը, Ս. Տաթևի վանքը, Երևանի կենտրոնում ծվարած գողտրիկ Ս. Աստվածածին եկեղեցին, Ս. Հռիփսիմեիտաճարը և Նորավանքի Ս. Աստվածածին եկեղեցին:

Դպրոցի հետաքրքրական սովորություններից է նաև հայկական ավանադական կերակուրների ներկայացումը։ 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարանների աշակերտներն ինքնուրույն, երբեմն նաև ծնողների օգնությամբ պատրաստում են հայկական համադամ ճաշատեսակներ և խմորեղեններ, ինչպիսիք են ղափամա, գաթա, զատկական բրնձով փլավ, քյաբաբ, տոլմա,ամառային աղցան և այլն։

Շուտով տեղի է ունենալու նաև տարվա վերջին հանդեսը և աշակերտները մեկնելու են ամառային հանգստի։

Նոր տարեշրջանը մեկնարկելու է օգոստոսին։


Սեդա Աբաջյան

Տնօրեն



Comentários


bottom of page