1939 թվականին Երևանում պատրաստվում էին տոնել «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյա հոբելյանը։ Տոնակատարությունների նախօրեին որոշվում է կայարանամերձ հրապարակում կանգնեցնել էպոսի հերոսի քանդակը։ Հայտարարվեց մրցույթ, սակայն քանդակագործների մի մասը պնդեց, որ արձանը ստեղծելու համար հարկավոր է մեկ-երկու տարի, մյուսներն այլ պատվերներով էին զբաղված։ Միայն նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարը, որը նոր էր վերադարձել Ֆրանսիայից, հանձն առավ կարճ ժամանակահատվածում իրականացնել այդ աշխատանքը։ Քոչարն աշխատանքն ավարտեց անհավատալի կարճ ժամկետում՝ 18 օրում։ Այն տեղադրվեց կայարանամերձ հրապարակում և այնտեղ մնաց մոտ 2 տարի:
1941 թվականին Քոչարի ձերբակալությունից հետո արձանը ոչնչացվեց։ Քանդակագործին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի «բարեկամ» Թուրքիա..․», որը հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն։ Երկու տարի չորս ամիս բանտում անցկացնելուց հետո Քոչարին ազատ արձակեցին։
1957 թվականին Երքաղսովետը որոշեց վերականգնել արձանը և Քոչարը ստեղծեց իր գլուխգործոցներից մեկը։
Արձանի բացումը տեղի ունեցավ 1959 թվականի դեկտեմբերի 3-ին կայարանամերձ հրապարակում (այժմ՝ Սասունցի Դավթի հրապարակ)։ Իշխանությունները արել էին ամեն ինչ, որպեսզի արարողությունը անցնի աննկատ, սակայն ժողովուրդը արձանի բացումը վերածեց համազգային տոնախմբության։
Comments