top of page

Սեպտեմբերը գալիս է սպասված երազի նման․․․


2024 թվականի սեպտեմբերի 7-ին, Լաս Վեգասի Ս․ Կիրակոս եկեղեցու «Սեդա Թաջիրյան»-ի անվան շաբաթօրյա դպրոցում տեղի ունեցավ նոր ուս․ տարվա բացման արարողությունը, որին մասնակցում էին շուրջ 80 և ավելի աշակերտ։ Տարեսկիզբն ազդարարող օրվան սպասում էին բոլորը։ Օր, որ ալեկոծում է աշակերտի, ուսուցչի, ծնողի, բոլորի սրտերն ու հոգիները։

Սկսվում է հույսերով լի ուսումնական տարին, գիտելիքներով հպարտանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը։

Բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց եկեղեցու հոգևոր հովիվ, հոգեշնորհ Տեր Սասուն ծ․ վրդ․ Զմրուխտյանի աղոթքով և ողջույնի խոսքով։ Որից հետո, դպրոցի աշակերտները երգեցին Հայաստանի Հանրապետության օրհներգը, «Սուրբ Աստված» շարականը և դպրոցի օրհներգն ու կարգախաոսը, որի հեղինակ է Լաուրա Խլղաթյանը։

Իրենց մանկական շուրթերից և ջերմ սրտերից, անկեղծ մաղթաքներ հնչեցրին մի շարք աշակերտներ։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև դպրոցի նախկին տնօրեն Լաուրա Խլղաթյանը։ Նա նախ շնորհավորեց բոլորին այդ գեղեցիկ օրվա կապակցությամբ, որը համեմեց մեր մեծ բանաստեղծ Համո Սահյանի․ «Մեր լեզուն մեր խիղճն է դա․․․» հայտնի քերթվածով։ Ապա նա աշակերտներին նվիրեց իր գրած բանաստեղծություններից մեկը՝ «Տատիկի պատգամը» վերտառությամբ։ Վերջում մեծ մանկավարժն իր խոսքն ավարտեց այսպես․

«Սիրելի՛ աշակերտներ, սովորեք մեր լեզուն, որպեսզի հպարտորեն ասեք՝ մենք գիտենք գրե՛լ, կարդա՛լ և խոսե՛լ հայերեն»։

Ներկաներին շնորհավորեց նաև դպրոցի ուսումնական հարցերով պատասխանատու՝ Անահիտ Աբրահամյանը։ Նա իր ջերմ շնորհավորանքը հղեց դպրոցի աշակերտներին, հատկապես այն մանուկներին, ովքեր առաջին անգամ էին ոտք դնում կրթարան։

Մեծարման խոսք ասվեց նաև հարգարժան ուսուցիչներին, որոնց ուսերին է դրված բարդ ու պատասխանատու աշխատանք։

-Խոնարհում ձեզ և ամենայն բարիք։

Առանձնահատուկ պետք է նշել և գովեստի խոսք ասել եկեղեցու երիտասարդաց միությանը՝ ACYO-ին, որն իր հայեցի դաստիարակությամբ փայլեց այդ օրը՝ օգնեց ուսուցիչներին և փոքրիկներին՝ մուլտ-աշխարհի կերպարների միջոցով հեքիաթային տեսարաններ պարգևելով նրանց։


Անահիտ Աբրահամյան

Լաս Վեգաս


Comentários


bottom of page