Ժողովրդական իմաստությունն ասում է, որ «Կանանց տարիք չեն հարցնում»։ Շատերս այս հանգամանքին մոտենում ենք ըմբռնումով և շարունակում արդարորեն մեծարել մեր մայրերին, կանանց, քույրերին և դուստրերին։ Սակայն երբեմն գովեստի հետ անհրաժեշտ է լինում նաև գնահատել, ըմբռնել ու հասկանալ Աստծու կողմից տրված տաղանդներով, հրաշքներով լեցուն կյանքը, որը լի ու լի ծառայել է գեղեցիկին, մշակույթին ու բարությանը։ Այս փիլիսոփայության կրողներից է հայազգի ամենահայտնի, ամենաճանաչված ու սիրված երգչուհիներից Արմինե Նահապետյանը՝ Արմինկան, որի ծննդյան 50-ամյա հոբելյանը լրացավ օգոստոսի 22-ին։ Նրա համոզմամբ թվերը կայուն չեն, այլ փոփոխական, կարևորը, որ մարդ իր ապրած կյանքով իմաստավորի այն, ինչ ի վերուստ է տրված իրեն։ Նա իր կյանքի ամենակարևոր առաքելություն է համարում իր ժողովրդին ու հայոց մշակույթին ծառայելը։ Արմինկայի մուտքը մեծ բեմ համընկավ մութ ու ցուրտ 90-ականների սկզբին, ուր իր շռայլ, քնքուշ ու աստվածատուր տաղանդի շնորհիվ ջերմություն, հույս և սեր սփռեց ամենուրեք։ Այդ դժվարին ժամանակահատվածում ձևավորվեց նաև իր անձնազոհ ու հայրենասեր մտավորականի կերպարը, որի համար հայրենիքն ու Արարիչը համահավասար սրբություններ էին։ Այս երկու իրողությունն էլ օգնում ու լրացնում էր միմյանց, որպեսզի Արմինկան հավատքի ճանապարհով սիրի ու նվիրվի Մայր Բնաշխարհին, ապրի ու շնչի նրա անցյալով, ներկայով ու ապագայով։
Երգչուհու երգացանկը բազմաժանր է, որի մեջ մտնում են և՛ էստրադային, և՛ գուսանական և՛ նորօրյա ժամանակակից ստեղծագործություններ։ Իր առավելությունը ոչ միայն բնատուր, քնքուշ ու պարզորոշ ձայնն է, այլև այդ մեղեդիների, երգերի առանձնահատուկ մեկնաբանությունը։ Արմինկայի կատարումներում բառն ու բանը երաժշտության թևերով դառնում են հոգեհույզ ու սրտաշարժ՝ ունկնդրին տանելով դեպի արվեստի ազնիվ, դյութական ու խորախորհուրդ հեռուները։ Նրա կատարումների շնորհիվ բազմաթիվ սիրահար սրտեր են հուզվել ու գտել միմյանց, ապա պայծառացած կատարողական մաքրությամբ ու անկեղծությամբ համարձակություն են ունեցել խոստովանելու իրենց սրտի նվիրական գաղտնիքներն ու սերը։
Պետք է խոսոտվանել, որ այսօր հայտնի բազմաթիվ երգիչներ, ինչպես օրինակ Արազ Դարեն, Արման Հովհաննիսյանը, Արամեն, Նորոն, Աննա Խաչատրյանը, Սոֆի Մխեյանը և այլոք հռչակ և հանրության մեջ լայն ճանաչում, ժողովրդականություն են ձեռք բերել Արմինկայի հետ զույգերգերի շնորհիվ։
Տաղանդաշատ երգչուհու ծննդյան և ստեղծագործական հոբելյանները նշելու, Արմինե Նահապետյանին արժանին մատուցելու համար, նրա ամենամտերիմ ընկերներն ու բարեկամները օգոստոսի 23-ին հավաքվել էին Գլենդելի հանրահայտ «Վերանդա» սրահում։
Ներկաները Լոսանջելեսահայ գաղութի հոգեմտավոր կյանքի հայտնի գործիչներ էին, որոնք երեկոն դարձրեցին իսկական երգի, արվեստի ու հոմորի փառատոն։ Բոլորն էլ, ուրախ սրտով եկել էին անկեղծ շնորհավորելու իրենց բազմամյա ընկերոջն ու բարեկամին՝, Մեծ Արտիստին՝ Արմինկային։ Օրվա ամենահուզիչ պահերից էր այն, որ երգչուհու հարազատ քույրը՝ Լուսինե Նահապետյանը, իր շնորհավորական խոսքն ուղղեց չափածո գրությամբ, որի բառերն ու արտահայտությունները վերցված էին Արմինկայի տարբեր կատարումներից, որից հետո երգչուհու որդու՝ Ալեքսի օգնությամբ երգեց նրա նշանավոր գործերից մեկը։
Ներկաներն իրենց շնորհավորական ելույթներում առավել ընդգծում էին, որ իր փոքր մարմնում, Արմինկան մշտապես ունեցել է ուժեղ բնավորություն։ Հայտնիությունը, փառքը, երբեք չէին փոխել երգչուհուն, որովհետև մարդկային հարաբերություններում միշտ մնացել էր անսահման համեստ, զուսպ ու ինքնամփոփ, բայց միևնույն ժամանակ զգացմունքային ու ընկերասեր։
Այս ամենով հանդերձ, բոլորի ցանկությունը մեկն էր, որ Արմինկան շարունակի իր բարձր արվեստով տարածել հայ երգն ու երաժշտությունը՝ իր նպաստը բերելով հայապահպանության սուրբ ու նվիրական գործին։
- Շնորհավո՜ր տարեդարձ, սիրելի Արտիստ, թո՛ղ քո երգն աղոթք դարձած, շարունակի ճախրել՝ ամենուր սփռելով խաղաղություն, սեր և բարություն։
Ավետ Բարսեղյանի շնորհավորական խոսքը։
Թղթակից
Comments