1911 թ․ ապրիլի 28-ին, ժամը 11-ին Ալեքսանդր Մանթաշյանցի դին Պետերբուրգից հասավ Թիֆլիս։ Ժամը 16-ին նրա տանը, չորս որդիների, չորս դուստրերի, երեք փեսաների և մտերիմ ազգականների ներկայությամբ բացվեց հանգուցյալի կտակը։
Դրա բոլոր կետերի մասին չեմ խոսի, կասեմ միայն, որ հետմահու բարեգործության համար թողել էր 200․000 ռուբլի, իսկ Թիֆլիսում գտնվող 3 մլն ռուբլի արժողությամբ անշարժ գույքը կտակել այն թոռներին, որոնք կծնվեին լուսավորչական հավատքի հարսներից։
Կտակում խոսք չկար, բայց հավանաբար հոր բանավոր կամքն էր, որ բիզնեսն անցնի երկրորդ որդուն՝ Լևոնին։ Բոլորն անտրտունջ համաձայնեցին, և այդ օրվանից Լևոնը ձեռք բերեց բացարձակ, անսակարկելի գերիշխանություն։ Նա տեր դարձավ Բաքվի նավթարդյունաբերությանը, Բաթումի տակառի գործարանին, Օդեսայի նավթալից կայանին, արտասահմանյան տասնյակ մասնաճյուղերին, Թիֆլիսի առևտրային բանկին, բիզնեսի բազմաթիվ ճյուղերում հոր փայաբաժիններին։
Բայց և ստանձնեց հոր բարեգործական առաքելությունը։
Այժմ միայն համառոտ թվարկումներ անեմ։
1911 թ․
-պատմագրության մեջ «Դաշնակցության գործ» անվամբ հայտնի բռնաճնշումների ժամանակ կալանավորվեցին նաև հարյուրավոր անվանի անձինք, որոնց թվում Հովհ․ Թումանյանը, Ավ․ Իսահակյանը, Ավ․ Ահարոնյանը, Ներսես վարդապետ Թանգյանը, Հովհ․ Քաջազնունին, Դրոն, Ս․ Վրացյանը, Հ․ Օհանջանյանը և այլք։ Փետրվարին՝ 20․000 ռուբլի գրավադրմամբ, բանտից ազատվեց Ավետիս Ահարոնյանը։ Այդ գումարը տրամադրել էին Վառվառե Քանանյանը, ԿՀԲԸ խորհրդի նախագահ Սամսոն Հարությունյանը և․․․ Լևոն Մանթաշյանցը։
-80 հազար ռուբլի ավելացրեց այն 250 հազար ռուբլուն, որ հայրը տրամադրել էր Ներսիսյան դպրոցի նոր շենքի կառուցմանը, այսպիսով՝ ընդհանուր գումարը կազմեց 330 հազար ռուբլի։
-1000-ական ռուբլի վճարեց Թիֆլիսի հայ ծխական դպրոցների հոգաբարձություններին, իսկ եթե նկատի ունենանք, որ այդպիսի դպրոցները 24-ն էին, ապա ընդհանուր գումարը կազմեց 24 հազար ռուբլի։
1912 թ․
-հունվարին թոքախտի դեմ պայքարի ընկերությանը հատկացրեց 1000 ռուբլի։
-մարտին Ախալքալաքի գավառի Սուլդա գյուղում դպրոցի նոր շենք կառուցելու համար ևս տրամադրեց 1000 ռուբլի։
-մայիսին ԿՀԲԸ խորհրդին՝ հօգուտ դպրոցական-ուսուցչական ֆոնդի՝ 35 հազար ռուբլի,
Թիֆլիսի Հայուհյաց բարեգործական ընկերությանը՝ 20 հազար ռուբլի,
Հայոց դրամատիկական ընկերությանը՝ 10 հազար ռուբլի, իսկ հունիսին՝ ևս 5000 ռուբլի,
Ձրի և էժանագին ճաշարանների ընկերությանը՝ 15 հազար ռուբլի,
Հայոց ազգագրական ընկերությանը՝ «Ազգագրական հանդէսի» 22-րդ գրքի հրատարակության համար՝ 1000 ռուբլի,
Թիֆլիսի Գայանյան իգական դպրոցին՝ 8000 ռուբլի,
Կովկասի Հայոց հրատարակչական ընկերությանը՝ 10.000 ռուբլի,
-հունիսին 25․000 ռ․ հատկացրեց հոր անունը կրող Թիֆլիսի Առևտրային դպրոցին։
1913 թ․
Լևոն Մանթաշյանցը ևս 42․000 ռուբլի նվիրաբերեց Ներսիսյան դպրոցի կառուցումն ավարտին հասցնելու համար, ինչի արդյունքում դպրոցի համար հոր ու որդու տրամադրած գումարը կազմեց 372․000 ռուբլի։
Ֆիրմայի անունից փոխանցեց 2000 ռուբլի Հովհ․ Քաջազնունու նախագծով Բաքվի Ս․ Թադեոս և Ս․ Բարդուղիմեոս եկեղեցու շինարարության համար։ Հընթացս հավելեմ, որ 1937 թ․ եկեղեցին պայթեցվեց և տեղում կառուցվեց Բաքվի կոնսերվատորիայի շենքը։
Նույն թվականին Լրոն Մանթաշյանցը 5000 ռուբլի տրամադրեց Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերությանը և 10․000 ֆրանկ՝ Փարիզի Արևելյան կենդանի լեզուների բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, անվանի հայագետ Ֆրեդերիկ Մակլերին՝ Էջմիածնի նշանավոր փղոսկրյա ավետարանի լուսատիպ հրատարակության համար։
1914 թ․
-մարտին Պետերբուրգից Թիֆլիս ժամանեց Լևոն Մանթաշյանցը և 5000 ռուբլի հատկացրեց շտապ բուժօգնության ընկերությանը,
20․000 ռուբլի՝ հոր երախայրիք Ներսիսյան դպրոցի ներքին կահավորման համար, ինչի արդյունքում դպրոցի նոր շենքի վրա Մանթաշյանցների ծախսած ընդհանուր գումարը վերջնականապես կազմեց 392․000 ռուբլի,
50․000 ռուբլի տրամադրեց <<Գայանյան>> օրիորդաց դպրոցի նոր շենքի կառուցման համար տեղ գնելու ու որոշեց հավելյալ 150․000 ռուբլի էլ հատկացնել շենքի կառուցման համար։
-օգոստոսին, երբ արդեն փոթորկում էր Առաջին համաշխարհային պատերազմը, Լևոն Մանթաշյանցի ներկայացուցիչը քաղաքագլուխ Ա․ Խատիսյանին հայտնեց, որ Ռեյտերովսկայա փողոցում գտնվող իրենց տունը տրամադրում է 50 վիրավորի համար, իսկ նրանց բուժման, կերակրման, խնամքի և այլ ծախսերն ինքն է հոգալու։
-սեպտեմբերին վիրավոր զինվորների համար բացվելիք հիվանդանոցի համար նա ֆիրմայի անունից փոխանցեց 1000 ռուբլի ու ևս այդքան՝ իր Առևտրային բանկից։ Բացի այդ, պատերազմից տուժածներին օգնող քաղաքային կենտրոնական կոմիտեին տրամադրեց Գանովսկայա փողոցի իր չորս խանութասրահները։
1915 թ․
-օգոստոսին Լ․ Մանթաշյանցը, ի նպաստ տաճկահայ փախստականների, Թիֆլիսի առևտրային բանկի միջոցով 25․000 ռուբլի փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե․ Սուրենյանցին։
-դեկտեմբերին, մասնակցելով դրամահավաքի՝ 500 ռուբլի հատկացրեց հայ գրողների, հրատարակիչների ու լրագրողների ձեռնարկած «Ձիթենի» գրական ժողովածուի հրատարակմանը, բայց պայմանով, որ 200 օրինակ փոխանցվի նյութապես անապահով հայկական դպրոցներին ու գրադարան-ընթերցարաններին։
1916 թ․
-մայիսին Լևոն Մանթաշյանցը 20․000 ռուբլի հատկացրեց Թիֆլիսի Հայոց գյուղատնտեսական ու տնայնագործական ընկերությանը։
-հոկտեմբերին Վեհափառ Հայրապետը նրան նշանակեց <<Գայանյան>> օրիորդաց դպրոցի հոգաբարձու, իսկ դեկտեմբերին նա այդ դպրոցի հոգաբարձությանը պատվիրեց իր գնած ու նվիրած հողատարածքի վրա սկսել նոր շենքի կառուցումը՝ 250․000 ռուբլի նախահաշվով։
1917 թ․
հունվարին հայտնի դարձավ, որ Լևոն Մանթաշյանցը 600․000 ռուբլի է նվիրաբերել հայության գյուղատնտեսական կրթական մակարդակի բարձրացման ու 30 ազնվացեղ նժույգ՝ ձիաբուծությունը զարգացնելու համար։
Բոլշևիկյան հեղափոխությունից ու մասնավոր կապիտալի բռնագրավումից հետո, և սկիզբ առած քաղաքացիական պատերազմի ժամանակ 1918 թ․ վերջին Լևոն Մանթաշյանցը եղբայրների ու քույրերի հետ արտաքսվեց Փարիզ։ Հիմա չեմ պատմի, թե ինչով և ինչպես նա ապրեց Ֆրանսիայում, կասեմ միայն, որ վախճանվեց 1954 թ․ հոկտեմբերի 24-ին, իսկ հոգեհանգիստ մատուցվեց հոր կառուցած Ս․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։
***
Այս լուսանկարը ես չգիտեմ, թե երբ է դա արվել, բայց ենթադրում եմ, որ այդ անխնամ, անտերության մատնված գերեզմանին գուցե արդեն չկա մարմարե սալիկը և գերեզման էլ գոյություն չունի։ Եվ գուցե ինքն էլ ծնողների նման անշիրիմ է մնացել։ Հայի հացի մեջ աղ չկա՞, իրո՞ք չկա․․․
Մի քանի հռետորական հարց տամ․
-ֆրանսահայ համայնքում քանի՞ բարեգործական, հասարակական, քաղաքական կազմակերպություններ կան, քանի՞ եկեղեցական հոգաբարձություն կա, քանի՞ մեծահարուստ․․․
Մարդ էլ ի՞նչ պիտի աներ ազգի համար, որ մարդարժան գերեզման ունենար։ Ես ոչ ոքի չեմ մեղադրում, մեղադրում եմ ինքս ինձ, բայց ես անում եմ այն, ինչ կարող էի։
Միայն թե, մնում եմ ինքս իմ մտածմունքի հետ՝ արդյո՞ք մեր բոլոր ձախորդությունների, անհաջողությունների (թվարկումս չեմ շարունակի) պատճառը մեր մեջ, մեր ներսում չէ՞։
Սիրտս ցավում է ամոթից․․․
Խաչատուր Դադայան
Comments