Աշակերտի հոգեբանական ձևավորման և հայեցի դաստիարակության գործում իր կարևոր դերն ունի ուսուցիչը:
2024 թ․-ի օգոստոսի 10-ին, Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի Առաջնորդարանի «Համբար» սրահում տեղի ունեցավ մայրենիի ուսուցիչների ամենամյա համաժողովը, որն ընթանում էր ինչպես առկա, այնպես էլ տեսակապով աշխարհի տարբեր ծայրերից՝ Հայրենիքից, Հնդկաստանից, Եվրոպայից, Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ երկու թեմերից միացած 100-ից ավել ուսուցիչների, մտավորականների և հյուրերի ներկայությամբ: Օրվա հանդիսավար, ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների հոգևոր տեսուչ և «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը, սկզբում ողջունելով ներկաներին, նշեց, որ «Եթե 14 տարի առաջ այս հավաքներին մասնակցում էին միայն շաբաթօրյա դպրոցների մանկավարժները, ապա հիմա այս աշխատաժողովները դուրս են եկել Արևմտյան թեմի շրջանակներից, տարածվել Հայոց եկեղեցու բոլոր թեմերում և դարձել մայրենի լեզվի մշակների համագումար»։
Աշխատանիստն սկսվեց Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի աղոթքով և օրհնության խոսքով։ Սրբազան հայրն անրադարձավ ուսուցչի առաքելությանն ու կարևորությանը, իր մասնավոր գնահատանքը բերելով մասնակիցներին և հատկապես օրվա դասախոսներին ու կազմակերպիչներին։ Հարկ է նշել, որ առաջնորդ Հովնան սրբազանն իր շնորհավորական խոսքը նախապես ուղարկել էր նաև գրավոր։
Ներկաներին ողջունեց նաև դոկտոր Էլլի Անդրեասյանը։
Հիմնական բանախոսներից, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ և պետական գործիչ Սերժ Սրապիոնյանը ներկայացրեց հայ հանճարեղ գրողների՝ Թումանյանի, Զոհրապի, Շանթի և այլոց ստեղծագործությունների առանձնահատկությունները՝ մեջբերելով գրողների կյանքին վերաբերող հետաքրքիր մանրամասներ։ Բանախոսն անրադարձավ նաև արևելահայ և արևմտահայ նոր և նորագույն գրականության հնարավոր լեզվական և այլ ազդեցություններին ու առանձնահատկություններին։
Օրվա հաջորդ բանախոս, հանճարեղ լեզվաբան, գիտնական և Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը 2-րդ անգամ էր մասնակցում Արևմտյան թեմի կողմից կազմակերպվող ամենամյա աշխատանիստերին։
Նա ներկայացրեց «Հայոց լեզվի ուսումնական նյութեր սփյուռքի հայկական դպրոցների համար» թեման՝ իր խոսքում կարևորելով ուսուցչի մասնակցությունը և անհատական մոտեցումը դասի տարբեր խնդիրներին։ Ընդգծեց, որ փայլուն դաս հնարավոր է ստանալ վատ դասագրքից արհեստավարժ ուսուցչի շնորհիվ, որի կողմից օգտագործվող մեթոդներից ծնվում է ուսուցողական և աշակերտակենտրոն դաս և հակառակը: Քանի որ տասնամյակներ շարունակ սփյուռքում առկա է հայերենի դասագքրքերի խնդիրը գիտնական լեզվաբանը ներկաներին ցույց տվեց դասի օրինակներ և իր հարուստ փորձառությամբ բացատրեց, թե ի՞նչ կարելի է անել, երբ ուսուցիչն իր ձեռքի տակ չունի դասագիրք, կամ եղածը ժամանակավրեպ է և կամ էլ ոչ շատ օգտակար։
Հայերենը կենդանի օրգանիզմ է, այն պետք է զգալ որպես գործող անձ՝ աշխարհն ու բնությունը ճանաչելու համար։
Դասավանդման մեթոդական և գնահատման խնդիրներին անրադարձ կատարեց օրվա համակազմակերպիչներից, Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի պատասխանատու դոկտոր Էլլի Անդրեասյանը։ Նշեց, որ բազմաբնույթ մեթոդները ապահովում են աշակերտների գիտելիքների իմացության մակարդակը և անհրաժեշտ է նրանց կարողություններն օգտագործել ինչպես դասապրոցեսի ընթացքում, այնպես էլ լեզվական մտածողության ձևավորման ժամանակ։
Համաժողովի ավարտին բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը շնորհակալություն հայտնեց գիտաժողովի մասնակիցներին, աշխարհասփյուռ մայրենի լեզվի դեսպաններին և հատկապես օրվա դասախոսներին։ Նշեց, որ Արևմտյան թեմն իր ողջ ներուժով մշտապես պատրաստ է իր օգնությունը բերել հայերենի բոլոր մշակներին՝ անկախ նրանց գտնվելու վայրից։ Նոր ուսումնական տարվա կապակցությամբ բոլորին մաղթեց հաջողություն և բազմաբեղուն աշխատանք՝ ի նպաստ մեր աշակերտների գիտելիքների զարգացմանն ու հայ ինքնության պահպանմանը:
Վերջում հուրախություն բոլորի նշեց, որ սփյուռքի պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների ցանցն ստացել է պետական արտոնագիր և նրանց տրված վկայականները ճանաչվում են բոլոր կրթական հաստատությունների կողմից։
Սվետլանա Հակոբյան
ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի խոսքը
Comments