Երանաշնորհ Վազգեն Ա կաթողիկոսին բաժին էր ընկել հովվապետության ծանր տարիներ (1955-1994թթ․), սակայն նա մշտապես աչքի է ընկել իր խոհուն դիվանագիտությամբ, հայրենիքի նկատմամբ անսակարկ սիրով և Քրիստոսի պատգամին ընդմիշտ հավատարիմ։ 1992թ.-ի հուլիսի 17-ին արտասանած մարգարեական խոսքը շատ համահունչ է այօրվա մեր անասելի ծանր իրականությանը։ Եկե՛ք ականջալուր լինենք նրան։
ՎԱԶԳԵՆ Ա.-ի ԽՈՍՔն ՈՒՂՂՎԱԾ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ
17 հուլիս, 1992 թ.
(կրճատումներով)
Հարազա՜տ զավակներ մեր ազգի,
Զգում եմ, որ հերոսական Արցախում ստեղծված առավել ողբերգական այս օրերին, Դուք, ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի, սպասում եք մի մխիթարական խոսք լսել:
Ահավասիկ, ես պատրաստ եմ այդ պարտքը կատարելու, սակայն ինձ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս մխիթարեմ ես Ձեզ, երբ ինքս կարիք ունեմ մխիթարվելու, քանզի դժվար է ճեղքել ծանր մշուշը, որ իջել է մեր անկախ պետության կյանքի հորիզոնի վրա, տեսնելու համար ուղիղ ճանապարհը դեպի փրկություն:
Այս պահին, նախ իմ հոգևոր պարտականությունն եմ համարում իմ աղոթքն առաքել դեպի երկինք, Արցախում և Հայաստանի սահմանամերծ շրջաններում զոհվածների հոգիների համար, որոնք մի անգամ ևս փառավորեցին մեր ազգի պատմությունն իրենց հեղած արյամբ, ազատության ու արդարության զոհասեղանի առաջ: Նրանք նախընտրեցին ազատ մեռնել, քան ստրուկ ապրել:
Իբրև քրիստոնյաներ, մենք բոլորս հավատում ենք, որ նրանք՝ կյանքից կյանք գնացին՝ երկնքում արժանանալով փառաց պսակին:
Ես չգիտեմ ե՞րբ և ինչպե՞ս կվերջանա Արցախյան հերոսամարտը, սակայն ինձ համար մի իրողություն ստույգ է, որ հանուն ազատության զոհված մեր ժողովրդի զավակների հերոսական սխրանքը, աշխարհի պատմության ժայռի վրա անջնջելի տառերով արձանագրված պիտի մնա, 2500 տարի առաջ Թերմոպիլեսի հերոսների ծանոթ արձանագրության կողքին, Հելլադայում: Վշտահար սրտով հիշենք նաև Արցախում ու այլ ահաբեկված շրջաններում. հայ ազգաբնակչության ծոցից հազարավոր զոհված ձեր եղբայրներին ու քույրերին, ծերունիներին, կանանց ու երեխաներին ու աղոթենք նրանց արդար հոգիների խաղաղության համար երկնային հավերժության լուսի աշխարհում:
Այսօր իմ խոսքը ուզում եմ ուղղել նաև Հայաստանի ու Արցախի մեր ողջ ժողովրդին, որ կյանքի ծանրածանր պայմաններում, նրանք հոգու աննման տոկունությամբ ու համբերատարությամբ իրենց խաչն են տանում անտրտունջ՝ Գողգոթայի ճանապարհով հասնելու հույոսվ հարության հաղթանակին:
Հարգանք ու օրհնություն քեզ արիասիրտ հպարտ իմ ժողովուրդ:
Սիրելինե՜ր մեր, ես հրավիրում եմ ձեզ քաջությունը ունենալ, տեսնելու թե վերջին ամիսներին մանավանդ, ոչ միայն Արցախի մեր ժողովուրդը, այլ նաև մեր մայր երկիրը Հայաստան, կանգնած են վտանգներով հղի կացությունների առաջ: Մեր հայրենի երկրի աշխարհագրական դիրքը, մեր ազգի անցյալ ողբերգությունների հիշողությունը, մեր սեփական ուժերի տարողությունը, այլև այս անիրավ աշխարհի անտրաբերությունը, մեր ազգի արդար իրավունքների նկատմամբ, որով չենք լսում վճռական մի խոսք՝ ոչ հյուսիսից, ոչ արևելքից և ոչ էլ արևմուտքից ու շարունակվում է իշխող մնալ ոչ թե օրենքի ուժը, այլ ուժի օրենքը, ահա բախտորոշ մտահոգիչ այս իրողություններն են, որոնք ինչպես գիտեք, տևապես քննարկման ու վերլուծման առարկա են հանդիսանում կառավարության:
Փոթորկված այս պայմաններում հրամայական է, որ մեր պետական իշխանությունները, խորհրդարանը և քաղաքական կուսակցությունները՝ իրենց մտածելու և գործելու ուժերը կենտրոնացնեին հիմնական հարցերի լուծման վրա, ինչպիսիք են՝ անվտանգ պահպանումն ու ամրապնդումը մեր անկախ պետականության, արդար մի լուծում գտնելը Արցախյան դատի ու դուրսբերումը մեր հայրենի ժողովրդի տնտեսական այս անտանելի իրավիճակից: Նոր ցնցումների՝ մեր ժողովուրդը այլևս չի կարող տոկալ:
Տագնապալի պահերին հին հռոմեացիները պատգամում էին՝ «Հայրենիքի փրկությունը գերագույն օրենքն է»:
Աստուծո և ժողովրդի առաջ պատասխանատու՝ բոլոր մեր քաղաքական ու հասարակական գործիչներին, հայրական հրավեր եմ կարդում ղեկավարվել ա՛յս հրամայականով, միևնույն ազգի հարազատ զավակները լինելու գիտակցությամբ, ներքնապես առավել միավորվելով, առավել գործակցելով, ժողովրդավարական օրինականության գործընթացով, առաջնորդված մեր ազգային պետության գերագույն շահերով:
Պատմության ընթացքում, գրեթե բոլոր պետությունների, կայսրությունների կործանման պատճառները եղել են առավելապես ներքին պառակտումները, ներքին հակամարտություններն ու կենտրոնախույս մղումները: Հիշենք Հիսուսի հրեղեն խոսքերը՝ «Ամեն թագավորություն, որ ինքն իր մեջ բաժան-բաժան է լինում, կործանվում է, և ամեն քաղաք կամ ընտանիք, որ ինքն իր մեջ բաժանված է, կանգուն չի մնում» (Մատթ. ԺԲ. 25):
Այս ճշմարտությունը անշուշտ չի հակադրվում ժողովրդավարական բազմակուսակցական պետության կառույցի գործընթացին, այլ շեշտում է, որ այդ կառույցը ինքն իր մեջ բաժանվելու դեպքում է ավերվում:
Ժողովրդավարական ղեկավարման հիմքն իսկ է նաև Պողոս առաքյալի, նույն ոգով արտահայտած դատողությունը, թե՝ «Ինչպես մի մարմնի մեջ բազմաթիվ անդամներ ունենք և յուրաքանչյուր անդամ նույն գործը չի կատարում, սակայն բոլոր այդ անդամները մի մարմին են կազմում» (Հռոմ. ԺԲ 4-5), և «եթե մի մարմնի մի անդամը վշտանա, կվշտանան մարմնի բոլոր անդամները, իսկ եթե մի անդամը փառավորվի, նրա հետ կուրախանան մյուս անդամները» (Ա. Կորնթ. ԺԲ 26):
Սիրելինե՛ր մեր, չե՞ք նկատում թե ինչքան այժմեական և ինչքան ուսանելի են հնչում այս սրբազան հորդորները մեզ բոլորիս համար, մեր խռովահույզ այս ժամանակներում:
Կամենում եմ վերստին հիշեցնել ձեզ մեր Եկեղեցու պատգամը՝ մշտապես ուղղված մեր ամբողջ ազգին ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի. «Ազատություն հերկբայականս, միություն ի կարևորս, սեր հընթանուրս»:
Իմ խոսքը վերջացնելուց առաջ, ցանկանում եմ խոստովանել, որ իմ մտածումից բոլորովին հեռու է՝ միջամուխ լինել քաղաքական միջկուսակցական վեճերին, որոնք բնական երևույթներ են ժողովրդավարական իրավակարգ որդեգրած երկրներում, որովհետև համոզված եմ, թե վերջին խոսքը պատկանում է մեր ժողովրդին: Բոլոր պարագաներում, մեր ազգային Առաքելական Եկեղեցին իր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով, վստահաբար նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսական Աթոռով և Երուսաղեմի ու Կ. Պոլսի պատրիարքական Աթոռներով, կմնա միշտ մեր նորահրաշ անկախ Հանրապետության և ազատատենչ ժողովրդի կողքին, միշտ նրանց մխիթարող, միշտ նրանց զորավիգ, միշտ նրանց իր օրհնությունը և Սուրբ Հոգու շնորհները բաշխող:
«Այսուհետեւ եղբարք, ողջ լերուք, հաստատուն կացէք՝ մխիթարեցարուք, միաբան լերուք, խաղաղութիւն արարէք եւ Աստուած խաղաղութեան եւ սիրոյ եղիցի ընդ ձեզ» (Բ. Կորնթ. ԺԲ 11): Ամեն:
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻՈԿՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
17 հուլիս, 1992 թ.
Comentarios