Բոգդանը՝ Ջունգլիներից
Հայաստանի Հանրապետության երրորդ քաղաք Վանաձորում հաճախ կարելի է հանդիպել օտարազգի զբոսաշրջիկների, որոնք տեղացիներից հետաքրքրվում են՝ ինչպե՞ս գնալ վարպետ Բոգդանի արվեստանոցը: Հյուրընկալ վանաձորցիներն անմիջապես պատասխանում են.
-Վարպետի արվեստանոցը Ջունգլիներում է:
-Oh my God...!
Մինչդեռ, զարմանալու բան չկա, հանրահայտ խաչքարագործ վարպետ Բոգդան Հովհաննիսյանի արվեստանոցը, իսկապես, Ջունգլիներում է:
Բանն այն է, որ Վանաձորն ամենատարօրինակ քաղաքն է աշխարհում: Այստեղ կան ոչ միայն Ջունգլիներ, այլև՝ Կոնգո և Բանգլադեշ անվամբ թաղամասեր: 1970-ականների սկզբին, երբ Կիրովականը (այժմյան Վանաձորը) մեծ թափով կառուցապատվում էր, այդ երկրներում ժողովրդական ապստամբություններ բռնկվեցին և, կիրովականցիները, ժողովրդավարությանն ու անկախությանն իրենց վերաբերմունքն արտահայտելով՝ նորակառույց թաղամասերը կոչեցին այդ երկրների անուններով: Իսկ քաղաքի արևելյան այս թաղամասը Ջունգլիներ անվանեցին, որովհետև այն անբարեկարգ էր և մարդիկ տուն հասնելու համար բազմաթիվ արգելքներ պիտի հաղթահարեին…
Ջունգլիներում վարպետ Բոգդանին գտնելը հեշտ է. ձեզ խորհուրդ կտան գնալ այն ուղղությամբ, որտեղից ժողովրդական կամ ազգագրական երգ է հնչում: Անվարան գնացեք: Հինգհարկանի բնակելի շենքերից մեկի առաջին հարկից կտարածվի ախորժալուր երգը.
-Գութնի թախում նըմուշ-նըմուշ, Չկեր վաստակ քյանց էն անուշ, Աշխարհի շեն վըր գութնինէ, Գութան չըլներ աշխարհն ինչ էր։
Բաց դռնից կերևա 70-ը բոլորած, խաչքար պատրաստող Վարպետը, որին շրջապատած տասնյակից ավելի երեխաներ կավից արձանիկներ պատրաստելով են զբաղված:
Մենք արդեն Ջունգլիների մշակութային կենտրոնում ենք:
Բոգդանիկների աշխարհում
Տոհմիկ քարագործ վարպետ Գևորգն իր կրտսեր որդուն անվանեց Բոգդան՝ երկու անգամ երազում այդ առաջարկը ստանալուց հետո: Բառացի թարգմանությունը՝ Աստծո տված, Աստվածատուր:
Բոգդանը երազում էր գեղանկարիչ դառնալ, բայց հանգամանքների բերումով նրան չհաջողվեց իր քարագործ ապուպապերի արհեստից հեռանալ, ավարտեց Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակի բաժինը: Մանկուց սիրում էր երգել և ուսումնառության տարիներին անդամագրվեց Երևանի պետական համալսարանի երգչախմբին, որի ղեկավարը Հովհաննես Չեքիջյանն էր:
Վերադառնալով ծննդավայր, գեղանկարչություն դասավանդեց դպրոցում, իսկ 1988-91 թվականներին Հայաստանի գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի տնօրենն էր: Առանց երգելու չէր կարող, աշխատանքի անցավ նաև տեղի «Հորովել» ազգագրական երգի-պարի համույթում, ազատ օրերին ազգագրական, աշուղական երգերի բանահավաքչությամբ զբաղվեց, շուրջ՝ 3700 երգ:
Լոռին ազգագրական երգերով աչքի չի ընկնում, շատերի կարծիքով այս բնաշխարհի ժողովուրդը երգեր չի հորինել, կամ դրանք չեն պահպանվել, բացառությամբ՝ Գյուլագարակ գյուղում Կոմիտաս Վարդապետի գրի առած և մշակած հանրահայտ «Հորովելի»: Բոգդանը չհավատաց Լոռու երգարվեստի «ամլությանը», գյուղից-գյուղ շրջելով երգեր ու պատառիկներ գրի առավ, ձայնագրեց, ինքը սկսեց դրանք կատարել՝ հարուցելով մասնագետների զարմանքը:
1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Վանաձորում թշվառագույն վիճակ էր: Դպրոցները գործում էին վրաններում, երեխաները մեծ մասամբ սնվում և հագնվում էին տարբեր երկրներից ստացված մարդասիրական օգնություններով: Երբեմնի արդյունաբերական, մշակութային աշխույժ կյանքով ապրող քաղաքում աղքատություն էր, ցուրտ, մութ… «Երեխաներին հոգեբանական սատարում է անհրաժեշտ»,- վճռեց Բոգդանը և կարճ ժամանակամիջոցում կազմավորեց «Խորոտիկ» ազգագրական երգի մանկական համույթը: Երեխաներին երգեցողության բերող ծնողները, պարապմունքների ժամանակ, երբեմն, ձայնակցում էին: Բոգդան Հովհաննիսյանն ավելի ոգևորվեց և նրանց մասնակցությամբ ստեղծեց «Տաշիրք» համույթը: Ժամանակ անց, ազգագարական երգչախմբեր ստեղծեց և ղեկավարեց նաև բժշկական ուսումնարանում, մանկավարժական պետական ինստիտուտում: Այդ համույթները հանրահայտ դարձան հանդես գալով հանրապետական փառատոներում և մրցանակների արժանանալով:
Վանաձորում ազգագրական երգերի համույթներում երգող փոքրիկներին Բոգդանիկներ էին կոչում: Հիմա նրանք հասակ են առել, երեխաներ ունեն, թոռնիկներ: Սակայն, Վանաձորում «Բոգդանիկները» չվերացան… Բայց այդ մասին՝ քիչ հետո:
Երկխոսություն քարի հետ
Շուրջ 20 տարի է, որ ՀՀ նկարիչների միության անդամ, ազգագրական երգերի, գեղանկարչության և քանդակի բազմաթիվ փառատոների ու մրցույթների դափնեկիր Բոգդան Հովհաննիսյանը, բացի գրաֆիկական, գեղանկարչական և քանդակի ստեղծագործություններից, խաչքարեր է կերտում: Նրա հեղինակած բազմաթիվ կոթողները տեղադրված են ոչ միայն Հայաստանում, այլև՝ Ռուսատանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում: Վերջերս, Վարպետը երկու լուր ստացավ՝ ԱՄՆ-ի Մասաչուսեթս քաղաքի ազգային թանգարանը հիմնական ցուցադրության է վերցրել նրա խաչքարերից մեկը, իսկ մյուս հաղորդագրությամբ նրան հրավիրում են Արաբական Միացյալ Էմիրություններ՝ տեղում խաչքար քանդակելու և հայ խաչքարագործությանը ծանոթացնելու նպատակով:
Բազմաթիվ ցուցահանդեսներում, միջազգային բաց ներկայացուցչական միջոցառումներում (plener) Հովհաննիսյանի մասնակցությունն աննկատ չի անցնում՝ խաչքարի ավանդական կառուցվածքում ինքնօրինակ զարգացումներ ստեղծելու և իմաստաբանական խորհուրդներ պարունակելու գեղագիտությամբ:
Խաչքարագործ վարպետն առաջինն էր, որ կոթողներ ստեղծեց տարբեր գույնի քարերի համադրությամբ, արտահայտելով ոչ միայն գուներանգային գեղագիտություն, այլև չարի և բարու, խավարի և լույսի, մեղքի և ապաշխարման խորհուրդներ:
Խաչքարի խորությունների բազմազանության մեջ ներմուծելով նուրբ և համանվագային տարրեր, ուղղանկյուն կառուցվածքի խորքում թեքադիր կառուցվածքներ, դրանք փոխկապակցելով ազգային զարդարվեստի նախշերով ու առասպելական, հրեղեն թևավորների սիգանքով, Վարպետը սլացքի ավյուն և կոթողայնություն է ներարկում խորաքանդակին:
Անհնար է Բոգդան Հովհաննիսյանի կերտած խաչքարը չճանաչել այլ հեղինակների գործերի շարքում: Դրանք առանձնանում են զարդերի անթերի հղկվածությամբ, հպված կամ ագուցված շերտերի նազելի քմայքով, ոգեղեն լիցք հաղորդելու կախարդանքով, Հովհաննիսյանական ճաշակի բարձրարվեստ ներկայացմամբ:
Վարպետն օրն ի բուն իր արվեստանոցում է, որտեղ, դարձյալ, անպակաս է թաղի երեխաների ելումուտը: Տարիներ առաջ Բոգդան պապիկը նրանց կավ տալով առաջարկեց քանդակել: «Ի՞նչ քանդակենք»,- հարցրին երեխաները: «Ինձ քանդակեք»,- ասած Վարպետն ու այդ օրից տասնայակ «Բոգդանիկներ» են ստեղծվում, որոնք անչափ դուր են գալիս վարպետին այցի եկող զբոսաշրջիկներին և իրենց հետ վերցնում են որպես նվեր: Ի դեպ, միայն երեխաները չէ, որ աշակերտում են Վարպետին: Ցանկացած ոք, ով ցանկություն է ունենում քանդակելու, Բոգդան Հովհաննիսյանը սիրով օգնության է հասնում՝ տրամադրելով նաև հարկավոր նյութն ու գործիքները:
Օրն ի բուն ստեղծագործում է Վարպետը՝ երգը շրթին, երբեմն՝ զրուցելով քարի հետ: Դա բոլորը գիտեն և զարմանալի չէ, որ ոմանք նրան հյուրընկալվում են ոչ միայն խաչքարի ծնունդը տեսնելու, այլև, այդ երգերն ու խոհերը լսելու համար:
Թերևս քարի հետ խոսելու, նրա հետ երգելու մեջ է Բոգդան Հովհաննիսյանի տաղանդաշատության ակունքը:
Սամվել Խալաթյան
«Հրեշտակն ուսին» տեսաֆիլմը՝ Բոգդան Հովհաննիսյանի մասին
Comments