top of page

Տ․ Ներսեհ վարդապետ Խալաթյանի նկարների անհատական ցուցահանդես – վաճառքն Արևմտյան թեմում, հարցազրույց


Կենսագրական գծեր


1972 թ. – Ծնվել է Թբիլիսի քաղաքում, Վրաստան:

1989-95 թթ.. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր Ճեմարանում:

1995թ. նշանակվել է Գանձատան տնօրեն։

1996 թ․ ձեռնադրվել է կուսակրոն քահանա, ապա նշանավել է Մայր աթոռի թանգարանների տնօրեն։

2000 թ․ եղել է Ս. Գայանե վանքի վանահայր, իսկ 2002թ․-ին նշանակվել է Ս․ Գեղարդավանքի վանահայր։

2006 թ.-ին նշանակվել է Հյուսիսային Եվրոպայում Հայրապետական Պատվիրակի Փոխանորդ, իսկ 2009 թ․-ին Ս․ Հաղարծին վանքի վանահայր։

2011 թ․-ից Քահանայից պատրաստման լսարանի տեսուչն է։

2016 թ․ -ից ՀՀ Նկարիչների միության անդամ է։ Մասնակցել է մի շարք անհատական և հավաքական ցուցահանդեսների: Աշխատանքները պահվում են Մայր աթոռի Գանձատանը, Դիվանատանը, Մատենադարանում, ինչպես նաև Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում և այլ անհատական հավաքածուներում:

-Հա՛յր Ներսեհ, HayLurUsa լրատվական ծառայության անունց ողջունում եմ Ձեզ և շնորհակալություն հայտնում, որ համաձայնեցիք հարցազրույց տալ։ Մենք գիտենք, որ երկու տասնամյակից ավել դուք Ձեր խոնարհ, արգասաբեր ծառայությունն եք բերում Հայ առաքելական սուրբ եկեղեցուն։ Տեղյակ ենք նաև, որ զբաղվում եք նկարչությամբ։ Ինչպե՞ս եք համատեղում հոգևոր սպասավորությունն ու արվեստը միաժամանակ։

-Իրականում համատեղելը դժվար բան չէ: Նկարում եմ, երբ հնարավոր է լինում, քանի որ ես նախ և առաջ հոգևորական եմ և ունեմ իմ քահանայական պարտավորությունները: Նկարչությունն ինքնաբուխ, զգացական դաշտին վերաբերող խնդիր է, ուստի այն միայն լրացնում և գունային հավելյալ երանգ է հաղորդում իմ անհատականությանը:


-Երբվանի՞ց և ինչպե՞ս եք սկսել նկարել։

-Սկսել եմ նկարել մանկությունից: Սիրել եմ այն այնպես, ինչպես ամեն մի երեխա: Ավելի հասուն տարիքում ուզում էի սովորել ճիշտ նկարել, բայց հոգևոր ծառայությանս զուգահեռ դժվար էր արհեստավարժ կրթություն ստանալ: Ուստի որոշեցի ազատ ժամերին ինքնակրթությամբ զբաղվել:


-Ինչպե՞ս է ծնվում կտավը և ի՞նչ զգացմունքներ եք ունենում նկարելու ժամանակ։

-Կտավը ծնվում է զգացողությունից, այստեղից էլ առաջ է գալիս ապագան ստեղծագործության ընդհանուր պատկերը: Իմ ներաշխահում հստակ պետք է լինեն ի՞նչ, ինչպե՞ս և ո՞նց հարցերի պատասխանները: Երբ շատ թե քիչ տիրապետում ես տեխնիկային հասկանալի է դառնում նկարվելիք աշխատանքի սկիզբն ու վերջը: Իհարկե, ոչ ոք չգիտի ինչ ավարտ կլինի վերջում:


-Հայտնի նկարիչներից ու՞մ եք շատ սիրում, և ու՞մ կտավներն են խոր ազդեցություն թողել Ձեր ստեղծագործական կյանքի վրա։

-Շատերին եմ սիրում: Արվեստագետն իր կայացման ճանապարհն անցնում է նրանց միջով։ Ինձ ավելի հոգեհարազատ են ավանդգարդիստները, ռուսական նոնկոնֆորմիստները:

Հարկ է խոստովանել, որ Պիեր Սուլաժով և Ալբերտո Բուրիով ես բացահայտեցի իմ մեջ գոյություն ունեցող մինիմալիզմը, որովհետև ինչ որ ժամանակ նկարում էի, փորձեր էի կատարում հենց այդ ժանրի մեջ:


-Հայր սուրբ, ի՞նչ գույներ եք սիրում, ինչու՞։

-Հետաքրքրականն այն է, որ տարիների հետ բացահայտվում են նաև գույները: Ժամանակին խուսափում էի վառ գույներից՝ դեղին, կարմիր և այլ: Իմ փորձառությունից կարող եմ ասել, որ երբ գունազգացական փորձը մեծանում է, բացահայտում ես նաև այդ գույների կիրառության ձևերը: Ներկերի հետ աշխատելը շատ հետաքրքիր է: Օրինակ, երբ ես որևէ գույն եմ օգտագործում, հետը մի քիչ խառնում եմ տվյալ գույնի կոմպլեմենտար հակառակ ներկը։ Այսպես կանաչի հետ խառնում եմ մի քիչ կարմիր և այլն:


-Գիտենք, որ բոլորովին վերջերս փառահեղ ցուցահանդես ունեցաք Ստամբուլում, կխնդրեմ պատմել այդ մասին։

-Ճիշտ եք, վերջերս գտվում էի Ստամբուլ կամ, որ ինձ ավելի հարազատ է Կ. Պոլիս քաղաքում: Ամենապատիվ Տ․ Սահակ Բ Պատրիարք Մաշալյանի օրհնությամբ և հովանավորությամբ կայացավ իմ անհատական ցուցահանդեսը: Ներկայացված էին 24 աշխատանք, որոնք հիմնականում վերջի հինգ տարիների գործերից էին: Ցուցահանդեսը բարեգործական բնույթ էր կրում և ստացված հասույթի մի մասը ուղված էր Թուրքիայում երկրաշարժից տուժված Վաքըֆ և Իսկանդեր հայկական գյուղերի վերականգնմանը:

-Հայր սուրբ, ուրախ եմ, որ մայիսին այցելելու եք նաև մեր համայնք և ԱՄՆ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի օրհնությամբ Ձեր անդրանիկ ցուցահանդեսն եք ունենալու նաև առաջնորդարանում։ Ե՞րբ է այն լինելու, և հնարավոր կլինի արդյո՞ք ձեռք բերել նաև Ձեր կտավներից։

-Նախախնամության տնօրինությամբ, առաջիկա օրերին պիտի այցելեմ Լոս Անջելես և մայիսի 17, 18 և 19-ին Տ․ Հովնան արք. Տերտերյանի օրհնությամբ իմ առաջին անհատական ցուցահանդեսը պիտի անցկացնեմ: Սա ինձ համար բացառիկ նշանակալից իրադարձություն է, ներկայանալ նման մեծ գաղութի արվեստասեր հանրությանը: Այն նաև, հոգևոր առումով յուրօրինակ քննություն է ստուգելու իմ անցած ճանապարհն ու ստեղծագործական ուղին: Կարծում եմ, որ աշխատանքները հետաքրքիր են: Կան բնանկարներ, նատյուրմորտներ և վերացական աշխատանքներ: Պետք է խոստովանեմ, որ շատ հարմար չափեր են նաև բնակարանները զարդարելու իմաստով: Աշխատանքները, ի հարկե, կարելի է ձեռք բերել տեղում, այցելելով ցուցահանդես և հաղորդակից դառնալով իմ արվեստին:


-Վերջում ի՞նչ կցանկանաք ասել մեր մշակութասեր հանրությանը։

-Իմ մաղթանքն է ու աղոթքը, որ մեր արվեստասեր հանրությունը չդադարի սիրել ու գնահատել այն: Ամեն մեկին չէ տրված հասկանալ ու արժեվորել, գնահատել ու ոգևորել աստվածային, ստեղծագործ հոգու մշակութային արտահայտությունը։ Մենք ապրում ենք դժվար, ես կասեի բարդ ժամանակներում: Մարդկության վրա մեծ սպառնալիքներ ու մարտահրավերներ կան, որ մենք դեռ պիտի հաղթահարենք: Ցավոք սրտի, արվեստը կորցնում է իր երբեմնի դյութիչ հմայքը և ավելի ու ավելի տեղը զիջում է սին արժեքների: Մենք պետք է ամուր մնանք մեր համոզումների մեջ ու ապավինենք արվեստով ապրելու ու զարգանալու աստվածատուր շնորհին: Անսանք Աստծու ձայնին և նրա մշտանորոգ օրհնությունն ապրեցնենք մեր մեջ նաև արվեստի ու աղոթքի հոգենորոգ ճանապարհով։

-Շնորհակալություն, սիրելի՜ հայր Ներսեհ և Աստված օգնական, իսկ մեր ընթերցողներին հիշեցնեք, որ հոգեշնորհ Տ․ Ներսեհ վարդապետ Խալաթյանի նկարների ցուցահանդեսը պետք է լինի Արևմտյան թեմի Առաջնորդարանում։ Հասցեն՝ 3325 N. Glenoaks Blvd, Burbank, CA 91504


Թղթակից



Comentários


bottom of page