Հայոց մեծ եղեռնը ցավոտ ու սպիացած թեմա է ողջ հայության համար։Այս տարի լրանում է հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։Այն դարձել է մեր կյանքի անմասն ուղեկիցը ,որը ցավեցնում, հիշեցնում և ոգեկոչում է անպայման ապրել ու արարել։
Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին դասավանդելը դժվար է և՛ հոգևոր, և՛ մտավոր առումներով։ Հայոց Ցեղասպանությունը մեր պատմության մեծագույն ողբերգությունը լինելուց բացի, նաև ամենակարևոր դասերից մեկն է, որից պետք է հետևություններ անել:
2023 թ․-ի ապրիլի 22-ին, Սրբոց Ղևոնդյանց մայր տաճարում, ամենամյա ավանդության համաձայն հավաքվել էին <<Փոքրիկ հրեշտակներ>> շաբաթօրյա դպրոցի սաները, ծնողները, ուսուցիչները։ ԱՄՆ արևմտյան թեմի և Մեքսիկայի առաջնորդ գերաշնորհ Տ․ Հովնան արք Տերտերյանին ուղեկցում էին արժանապատիվ տեր Խաժակ քահանա Շահբազյանը և դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը։
Առաջնորդի աղոթքով և Սրբոց նահատակաց բարեխոսությամբ սկսվեց օրվա պատգամը, ապա Հովնան սրբազանը կոչ ուղղեց ապրելու, արարելու, մայրենին պահպանելու, այն սերնդե սերունդ փոխանցելու։
Սրբազան հոր հետևողությամբ աշակերտները ձեռնամած ուխտ արեցին, որին հաջորդեց Սրբոց Նահատակաց խաչքարի առջև խմբակային արտասանությունները, ՀՀ օրհներգի երգելը և ծաղիկների խոնարհումը։
Աշակերտները սրտաբուխ ու հայրենասիրական բանաստեղծություններով իրենց նվիրումն ու հաստատակամությունը ցույց տվեցին առ հայրենիք։ Խոսուն լռությամբ երդվեցին պահանջատեր լինել սրբադասված զոհերի հիշատակի և նրանց չապրած տարիների համար:
Նման ոգեկոչումները գալիս են ամրագրելու, որ մեր ապագա սերունդներn ամեն ինչ կանեն, որ արդարությունը վերակարգնվի, և յուրաքնչյուր հայի անկատար երազանքները իրողություն կդառնան։
Էլմիրա Դավթյան
Comentários