top of page

«Փոքրիկ հրեշտակներ»-ի նախագիծը՝ «Սասունի խոհանոցը» թեմայով


ԱՄՆ Արևմտյան թեմի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը միշտ առանձնացել է իր հայաշունչ և մայրենիին նվիրված միջոցառումներով և նախագծերով:

2023 թ․-ի փետրվարի 25-ին դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները` գլխավորությամբ ուսուցչուհի տիկին Ռիմա Եսայանի, օրը դարձրել էին ուրախ և յուրահատուկ. «Սասունցի Դավիթ» էպոսի ամփոփիչ դասն էր: Երեխաները նախապես ծանոթացել էին Սասնա մշակույթին, խոհանոցին, ավանդույթներին: Հետաքրքիր մտահղացում էր առաջացել կազմակերպել դաս- նախագիծ, ըստ որի երեխաները տանը պետք էի պատրաստեին Սասունի խոհանոցից որևէ ուտեստ, աղանդեր կամ ապուր, ներկայացնեին բաղադրատոմսը, պատրաստման ընթացքը և այդ ամենը տեսագրեին, տեղադրեին դասարանի համացանցային հարթակում, ապա բերեին դպրոց և հյուրասիրեին իրենց դասընկերներին: Հանձնարարության ամենակարևոր պահանջներից մեկն այն էր, որ ամբողջ ընթացքը պետք է ներկայացվեր բացառապես մայրենի լեզվով։ Ոգևորությունն այնքան մեծ էր, որ որոշվել էր դասարանում ևս մեկ աղանդեր պատրաստել՝ Սասունի փոխինդ (փոխինձ), ձևավորել տարբեր քաղցրեղեններով և մատուցել, ապա նաև համտեսել դասընկերներով:



Տիկին Եսայանը ներկայացրեց փոխինդի բաղադրատոմսը, պատմությունը, ապա միասին սկսեցին պատրաստել այն: Դասարանում մթնոլորտը բուրավետ և հաճելի էր. երեխաները մեծ բավականությամբ, աշխուժությամբ և ստեղծագործական եռանդով սկսեցին աշխատանքը: Հաճույքով կարելի էր նկատել, թե որքա՜ն կյանք, ժպիտ, գործն ավարտին հասցնելու հասատակամություն կար նրանց դեմքերին: Պետք է խոստովանել, թե որքա՜ն փոքր բան է պետք, որ երեխան ժպտա և վստահություն ձեռք բերի իր իսկ ուժերի հանդեպ: Ստեղծագործական միտքը ոչ միայն բազմաբնույթ էր, այլ նաև յուրօրինակ ակնահաճո. փոխինդները ձևավորեցին նուշով, ընկույզով, գունավոր կոնֆետներով՝ համեմված հաճելի աշխատանքային «աղմուկով»:



Նախագիծ - դասը հաջողեց. ազգային մշակույթը շնչող օրգանիզմ է: Այն ոչ միայն ժամանակի, այլ նաև կյանքը լիարժեք և ամբողջական դարձնելու խթանիչ ուժ է: Մշակույթն ազգ է պահում, ազգը՝ մշակույթ, և այս ճանապարհը պիտի հարատև լինի, մեզ միշտ տանի դեպի մեր արմատները և ապագա սերնդին դաստիարակի ազգային մտածողությամբ ու արժանապատվությամբ:


Թղթակից



Comments


bottom of page