top of page

«Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի 2022-2023 թթ.. ուսումնական տարեշրջանը


Աշխարհասփյուռ հայության ինքնության, մշակութային արժեքների պահպաման և հայեցի դաստիարակության կարևորագույն գործոններից մեկը հայերենի ուսուցումն ու տարածումն է: Այս դժվարին ժամանակաշրջանում, երբ մեր հայրենիքն ունեցավ շատ կորուստներ և դեռևս վտանգված է նրա ապագան, մենք ավելի ենք պարտավորվում մեր երեխաներին կրթելու և նրանց «զինելու» ոսկեղենիկ հայոց լեզվով: Այս միտումով էլ հենց ստեղծվել և մինչ օրս անձնանվեր գործունեություն է իրականացնում Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյանց Մայր Տաճարի «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը, որը հիմնադրվել է դեռևս 2000թ․-ին և գործում է Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի անմիջական գլխավորությամբ:

Կրթօջախում ուսուցումն արևելահայերեն է, իսկ կրթական ծրագիրը համաձայնեցված է ՀՀ-ում գործող ուսումնական ծրագրին և Կալիֆորնիայի կողմից սահմանված չափանիշներին: «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի երկարամյա տնօրենն է բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը, իսկ դպրոցում դասավանդում են Հայաստանի Հանրապետության համապատասխան ոլորտներում բարձրագույն կրթություն ստացած և ուսումնական շրջաակներում հայտնի արհեստավարժ մանկավարժներ, որոնց փորձառության և անսահման նվիրումի շնորհիվ դպրոցի երեխաները ստանում են հայեցի դաստիարակություն:

Վարժարանի 2022-2023 ուսումնական տարին բուռն էր, հագեցած՝ տարաբնույթ ձեռնարկներով: Կազմակերպվող միջոցառումները երեխաներին հնարավորություն են ընձեռում ծանոթանալ ոչ միայն հայերեն լեզվին ու գրականությանը, այլ նաև հայկական մշակույթին, պատմությանն ու արվեստին: Կազմակերպվում են նաև ժամանցային և ուսուցողական միջոցառումներ, անհատական ու խմբակային աշխատանքներ, որոնք էլ ավելի են ոգևորում երեխաներին: Գրեթե ամեն ամիս դպրոցում կատարվում է փոքրիկ միջոցառում, որը կազմված է լինում հենց դպրոցի աշկերտների աշխատանքներից: Հոկտեմբերին, սփյուռքում հայտարարված մշակույթի ամսվա շրջանակներում, ինչպես նաև մայրենի լեզվի տոնին ընդառաջ, իրենց գեղեցիկ և ուսուցողական աշխատանքները ներկայացրեցին 4-րդ դասարանցիները` ուսուցչուհի և կրթական գծով տնօրենի օգնական տիկին Ռիմա Եսայանի գլխավորությամբ: Տպավորիչ էր առաջին դասարանցիների այբուբենի, ինչպես նաև 5-րդ դասարանցիների կերակուրների պատրաստման աշխատանքները։ Ոսկե աշունն իր երփներանգ ու խայտաբղետ գույներով արտացոլվել էր 3-րդ դասարանի աշակերտների կողմից: Լոս Անջելեսի տաք աշնանը սովոր աշակերտներն այնքան իրական էին պատկերել տարվա երրորդ ամիսն իրենց աշխատանքներում, որ կարծես մի կտոր նախշուն աշուն մտել էր դասասենյակ: Իսկ երկրորդ դասարանցիներն իրենց գեղեցիկ աշխատանքների միջոցով ներկայացրեցին հայկական երաժշտական գործիքները, նվագարանները, մանրանկարչությունը, տարազն ու պարերը:

Շատ ուրախ և տոնական տրամադությամբ անցավ նաև Ամանորյա միջոցառումը, որին մասնակցում էին հաստատության բոլոր սաները: Հանդեսն ուղեկցվում էր ուրախ երաժշտությամբ և սուրբ ծննդյան խրախճանքով, իսկ առատաձեռն Ձմեռ պապիկն ապահովեց երեխաներին բարձր ու տոնական տրամադրություն: Հարկ է նշել, որ յուրաքանչյուր միջոցառում ուղեկցվում է աշակերտների կողմից շա՜տ սիրված Հովնան սրբազանի ու արժանապատիվ Տեր Խաժակ քահանա Շահբազյանի ներկայությամբ, աղոթքով և հայրական օրհնությամբ:

Դպրոցն անմաս չմնաց նաև ապրիլի 2-ին Գլենդելի Վերդուգո այգում կազմակերպված համագաղութային մանկական փառատոնի մասնակցությունից: Հայ մշակույթի փառաբանությանը միահյուսվել էր օրվա կրոնական՝ Ծաղկազարդի խորհուրդը՝ իր մեջ ներառելով օրհնություն, սեր ու միություն։ Միջոցառմանը սիրով մասնակցեցին երրորդ դասարանցիները, ովքեր հանդես եկան Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթի փոքրիկ բեմադրությամբ, ինչպես նաև «Հայրենիքիս հետ» բանաստեղծության խմբակային արտասանությամբ։

Վարժարանն ունի բազում ավանդույթներ, որոնցից մեկն էլ ապրիլ ամսին Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակությունն է: Այդ օրը բոլորը հավաքվել էին Եղեռնի խաչքարի առաջ՝ համատեղ հիշելու և սուրբ մարտրիոսների բարեխոսությունը խնդրելու: Դպրոցականները հանդես եկան խմբակային արտասանությամբ և ցեղասպանությանն նվիրված տպավորիչ ելույթով: Խոսուն լռությամբ երդվեցին պահանջատեր լինել սրբադասված զոհերի հիշատակի և նրանց չապրած տարիների համար: Հավարտ արարողության, թեմակալ առաջնորդը՝ գերաշնորհ Տեր Հովնան արք. Տերտերյանը, ամփոփեց օրվա խորհուրդը և իր օրհնությունը բաշխեց բոլոր ներկաներին՝ հորդորելով միշտ տոկուն պահել հայրենասիրական ոգին և հավատարիմ մնալ ազգային մշտամնա արժեքներին:

Տարեվերջյան ավարտական հանդեսը տեղի ունեցավ մայիսի 20-ին։ Այն ուղեկցվում էր ուրախ, ամառային ջերմ տրամադրությամբ և դարձել էր յուրօրինակ հեքիաթային փառատոն: Միջոցառումը բաղկացած էր երկու մասից, սկզբից մասնակցում էին 1 և 2-րդ, ապա 3-ից մինչև 6-րդ դասարանի աշակերտները։ Թեման բազմազան էր, մթնոլորտը` սիրաբուխ և հուզախառն: Երեխաների շուրթերից հնչեցին գարնան, հայրենիքի, հայոց լեզվի ու մաշտոցյան հրաշքի մայրական սիրո մասին աննման խոսքեր:

«Մա՜յր»,որքան քնքշություն ու տոկունություն կա այս մեկ բառում, «մա՜յր» կյանքի միակ հանգրվան, որին կարող ես փարվել թե տխուր, թե ուրախ օրերին։ «Մայր» հասկացությունը նվիրումի, ապահովության, բարության ու անսահման սիրո գաղափարների ամբողջությունն է: Պատահական չէ, որ մեր հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, մեր լեզուն՝ մայրենի:

Շրջանավարտները հրաժեշտ տալով դպրոցին` խոստացան վառ պահել հայի ինքնության, հարատևության, հայ մնալու և ոսկեղենիկ մայրենին հավերժ պահելու պատիվը: Միջոցառման ընթացքում առաջին դասարանցիներն ստացան «Տառաճանաչության» վկայականներ, իսկ շրջանավարտները՝ «Ավարտական» վկայականներ: Հանդիսության ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը։ Ավարտական 6-րդ դասարանի սաներին մաղթեց հաջողություն՝ հորդորելով որ գալ ուսումնական տարեշրջանին վերջիններս գան և իրենց ակտիվ մասնակցությունը բերեն թեմական կառույցներում և որպես կամավորներ և ուսուցչի օգնականներ ծառայեն նաև հարազատ դպրոցում։

«Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա վարժարանի և նմանատիպ կրթօջախների առկայությունը Հայաստանի սահմաններից դուրս դառնում է փոքրիկ հայրենիք և հայապահպանության կարևոր օջախ, որն իր ուրույն դերը կարող է ունենալ ազգային, հայեցի մտածողության, մշակութային արժեքների պահպանման ու զարգացման վսեմ գործում:

Նոր աշակերտների ընդունելությունն սկսելու է հուլիսից, իսկ դասերը մեկնարկելու են օգոստոսի 19-ին։

Սիրով հրավիրում ենք 6 և բարձր տարիք ունեցող բալիկներին դառնալու <<Փոքրիկ հրեշտակներ>>-ի հրաշքի մի մասնիկը։

Անահիտ Ամիրյան

Դպրոցի մամլո դիվանի պատասխանատու,

ուսուցչուհի


Comments


bottom of page