Հայրենիքից դուրս ապրող յուրաքանչյուր հայի առաջ միշտ ծառացած է եղել կարևորագույն խնդիր՝ ազգային ինքնության, մշակույթի, պատմության, մայրենի լեզվի ուսուցումը և փոխանցումը հաջորդ սերունդներին: Մեր լինելիության և մեր երեխաների հայեցի դաստիարակության հիմնաքարն է մայրենի լեզվի դասավանդումը: Սփյուռքում գործող հայկական դպրոցների և Հայ առաքելական սուրբ եկեղեցու դերն ու նշանակությունը անգնահատելի է հայապահպանության գործում:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Բրբենք քաղաքում գտնվող առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյանց մայր տաճարի «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը, որը գործում է առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությամբ, պատվով և մեծ պատասխանատվությամբ իրականացնում է իր ազգանվեր ու հայրենաշեն գործունեությունը: Դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանի ակնառու ջանքերի և դասավանդող հմուտ ու փորձառու անձնակազմի անսահման նվիրվածության շնորհիվ, վարժարանի սաներն ստանում են հայեցի որակյալ կրթություն: «Փոքրիկ Հրեշտակներ»-ը հայկական միօրյա ամենամեծ կրթական հաստատություններից մեկն է աշխարհում: Գալ ուսումնական տարվանից կրթօջախը դառնալու է յոթամյա, իսկ անցնող շրջանում դպրոցն իրականացնում էր կրթական հսկայածավալ բարեփոխումներ, որի արդյունքների մասին տնօրինությունը խոստանում է հայտարարել շատ շուտով։ Հարկ է նշել, որ այս տարվանից դպրոցին իր օգտակարությունն է բերում նաև համայնքի կրթական գործի երախտավոր կազմակերպիչներից Արփի Ավանեսյանը։
Յուրաքանչյուր ուսումնական տարվա ընթացքում վարժարանում ծրագրվում և իրականացվում են տարատեսակ միջոցառումներ: Եկեղեցու հովիվ, արժանապատիվ Տ․ Խաժակ քահանա Շահբազյանն ամեն շաբաթ պարտադիր անդրադարձ է կատարում ազգային և կրոնական տոներին: Երեխաները մասնակից են դառնում տարբեր արարողությունների և այդ շրջանակներում ծանոթանում են նաև ազգային խոհանոցին: Դպրոցական օրը խանդավառ տոնի է վերածվում, հատկապես, երբ սաները ներկայացնում են իրենց կատարած անհատական աշխատանքները:
Այս տարի 6-րդ դասարանի աշակերտներն ուսումնասիրեցին Երևանի Մատենադարանը, ծանոթացան հին ձեռագրերին և ներկայացրին իրենց ուսումնասիրությունները: 5-րդ դասարանի սաները հին մագաղաթների նմանությամբ ստեղծեցին իրենց ձեռագիր մատյանը, իսկ 4-րդ դասարանցիները՝ Ս. Զատիկի տոնին ընդառաջ, իրենց ձեռքերով պատրաստեցին հայկական ավանդական կերակուրներ և քաղցրավենիքներ: Երրորդների անհատական աշխատանքները նվիրված էին հայրենի տանը և աշնան գունագեղ տեսարաններին: 2-րդ դասարանի սաներն իրենց անհատական աշխատանքներում անդրադարձան աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին և ներկայացրին հայկական երաժշտական գործիքները, նվագարանները, մանրանկարչությունը, տարազն ու պարերը: Առաջիններն էլ պատրաստեցին իրենց ավանդական այբուբենը։ Դպրոցականները մի քանի անգամ մասնակցեցին նաև կիրակնօրյա պատարագներին և մանուկների օրհնության կարգին:
2023 թ․-ի դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Ս. Ծննդյան և Ամանորի տոնական հանդեսը: Այդ օրն ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդյանց մայր տաճարում տոնական տրամադրություն էր տիրում: Աշակերտները գեղեցիկ կերպով ներկայացրին տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ ծնունդը: Երգեցին Ամանորին նվիրված երգեր և մեծ ոգևորությամբ դիմավորեցին Ձմեռ պապիկին, ով եկել էր բաղձալի հայրենիքից՝ իր հետ բերելով հայրենակիցների ջերմ ողջույնները և հասակակից երեխաների բարեմաղթանքները սփյուռքահայ ընկերներին:
Սեպտեմբեր և ապրիլ ամսիներին ավանդաբար իրականացվում է խոնարհումի և հարգանքի միջոցառումներ՝ նվիրված հայ ժողովրդի ազատագրության համար մարտնչած նահատակների և սուրբ զոհերի հիշատակին։
Այս տարի ապրիլի 20-ին առանձնահատուկ նշվեց ցեղասպանության 109-րդ տարելիցը: Դպրոցականների խմբակային արտասանությունը և մի քանի աշակերտների անհատական ելույթներն անմոռանալի տպավորություն թողեցին ներկաների վրա: Սրբազան հոր առաջնորդությամբ հատուկ աղոթքից ու «Հայր մեր»-ի միասնական երգեցողությունից հետո, բոլորը խաչքարի մոտ խոնարհեցին ծաղիկներ և ապա մշակութային ու ազգային ոգին շարունակվեց թևածել դասարաններում։
Ուսումնական տարին ամփոփվեց մայիսի 18-ին՝ տարեվերջյան ավարտական միջոցառումով, որը բաղկացած էր երկու մասից: Սկզբում մասնակցում էին առաջինից երկրորդ դասարանների սաները: Այն սկսվեց արժանապատիվ Տեր Խաժակ քահանա Շահբազյանի ողջույնի խոսքով և «Տերունական աղոթք»-ով:
Այս տարվա հանդեսը տարբերվում էր նրանով, որ գեղարվեստական մասին անմիջական մասնակից դարձան նաև դպրոցի նախորդ տարիների շրջանավարտները և հանրային դպրոցների այն աշակերտները, որոնք ամբողջ տարին կամավոր իրենց ծառայությունն են բերում վարժարանում: Հայրենիքին նվիրված իրենց ասմունքի մեջ անասելի սեր, ջերմություն ու կարոտ կար: Երիտասարդների հուզմունքն ու անկեղծությունը տեսնելով՝ ներկաները լցվել էին հպարտությամբ և Հայաստան աշխարհի վաղվա օրվա նկատմամբ հավատով ու լավատեսությամբ:
Ավարտին առաջին դասարանի աշակերտներն ստացան «Տառաճանաչության» վկայականներ։
Երկրորդ մասն սկսվեց երրորդից վեցերորդ դասարանների աշակերտների աղոթասացությամբ: Մանկական անարատ շուրթերից հնչեցին հայրենիքին, ծնողներին, ընկերությանն ու հայրենի բնությանը նվիրված հայ գրականության մեծանուն գրողների բանաստեղծությունները, ինչպես նաև թեմային համահունչ աննման երգեր:
Դպրոցի օրհներգի կատարմամբ ավարտվեց գեղարվեստական հայտագիրը, որից հետո տնօրեն բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանն իր խոսքն սկսեց բարության պատգամով՝ մեջբերելով Հենրիխ Հայնեի հայտնի արտահայտությունը, թե. <<Բարությունը միշտ գերիշխում է գեղեցկությանը>>, ապա հավելեց, որ մեր զավակները ոչ միայն բարության, այլ նաև գեղեցկության օրինակն ու գրավականն են մեր կյանքում։ Եվ իսկապես, բարությունն աշխարհում ամենասպասված և աստվածային առաքինությունն է։ Նա ջերմագին ողջունեց բոլոր ներկաներին։ Շրջանավարտներին մաղթեց հաջողություն և խնդրեց, որ սրբորեն պահեն, ու պահպանեն, մշտապես խոսեն ոսկեղենիկ մայրենի լեզվով: Հորդորեց նաև, որ իրենց սրտերում վառ պահեն բոլոր այն ծնողական խրատները, որ իրենք ստացել են «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա վարժարանում: Տնօրենն իր երախտիքի խոսքն ուղղեց առաջնորդ Հովնան սրբազանին, տեր Խաժակին, բոլոր ուսուցիչներին՝ դոկտոր Էլլի Անդրեասյանի գլխավորությամբ, ինչպես նաև ծնողներին ու աշակերտներին:
Հովնան սրբազանի օրհնությամբ միջոցառմանը ներկա էր Ս․ Ղևոնդյանց մար տաճարի տեսուչ հոգեշնորհ Տ. Երեմիա վարդապետ Աբգարյանը: Նա իր հայրական օրհնությունը բերեց բոլորին և «Ավարտական» վկայականներ հանձնեց շրջանավարտներին:
Հայրենիքից հեռու բնակվող հայության համար կրթօջախը կարող է դառնալ փոքրիկ հայրենիք: Այդպիսին է նաև Արևմտյան թեմի միօրյա մայր դպրոցը՝ «Փոքրիկ հրեշտակներ»-ը, որն օտարության ափերում ստանձնել է հայապահպանության սրբազան առաքելություն և պատվով ու անսահման նվիրվածությամբ է կատարում այն։
Հարկ է նշել, որ 2024-25 ուս. տարվա նոր աշակերտների ընդունելությունն սկսելու է հուլիսի 1-ից, իսկ դասերը մեկնարկելու են օգոստոսի 17-ից։
Վիկտորյա Սաֆարյան
Ուսուցչուհի
Yorumlar