top of page

44-օրյա պատերազմ. ինչու պարտվեցինք


Ուղիղ 3 տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի վերջին սկսվեց Ղարաբաղյան երկրորդ մեծ պատերազմը, որի պատմությունը կարելի է նկարագրել շատ հակիրճ՝ ադրբեջանցիները հարձակում ձեռնարկեցին հարավում, Իրանի սահմանի երկայնքով, ճեղքեցին հայերի պաշտպանական գիծը, գրավեցին այսպես կոչված անվտանգության գոտու մի շարք բնակավայրեր, հետո մտան բուն Արցախի տարածք, վերցրին Հադրութը, ու թեեւ սպասվում էր, որ ադրբեջանական ստորաբաժանումները կշարժվեն դեպի Լաչինի միջանցքը, որպեսզի կտրեն կապը Հայաստանի հետ, նրանք անսպասելիորեն փոխեցին ուղղությունը, առանց տեխնիկայի անտառներով բարձրացան դեպի Շուշի, կռիվներով մտան քաղաք, եւ պատերազմն ավարտվեց։

Ես էլ զգացի, որ նկարագրածս ինչ-որ արտառոց կայծակնային պատերազմի տպավորություն է թողնում։ Մասնագետներն այս կարծիքը ամենեւին չեն կիսում եւ հիշեցնում են, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայի պես հզոր երկիրը հիտլերականների հարձակմանը դիմացավ 1 ամիս 12 օր, Հունաստանը՝ 24 օր, իսկ ողջ Լեհաստանը գերմանացիները գրավեցին ընդամենը 27 օրում, այնինչ, Ղարաբաղյան պատերազմը տեւեց մեկուկես ամիս, եւ ադրբեջանցիներին այդպես էլ չհաջողվեց վերահսկողություն հաստատել ամբողջ Արցախի հանրապետության նկատմամբ։

Մի բան, սակայն, ակնհայտ է՝ ադրբեջանցիները կարողացան այնպես անել, որ լայնածավալ պատերազմը գրեթե բոլորի համար անակնկալ էր։ Հայաստանի եւ Արցախի պատասխանատուներն այս փաստը, բնականաբար, չեն ընդունում։ Որեւէ բարձրաստիճան չինովնիկից կամ զինվորականից լսե՞լ եք այսպիսի խոստովանություն՝ այո′, ես չէի սպասում։ Զուտ մարդկայնորեն դա, իհարկե, լրիվ հասկանալի է՝ իսկ մեզնից ո՞վ է հանգիստ ընդունում, որ իրեն պարզապես երեխայի պես խաբել են։ Այնինչ, օտարերկրյա դիտորդները խոստովանում են, որ իրենք էլ են խաբվել։ Շատ կոնկրետ օրինակ բերեմ։

Ռուսաստանի Ռազմարդյունաբերական հանձնաժողովի փորձագիտական խորհրդի անդամ, պաշտոնաթող գնդապետ Վիկտոր Մուրախովսկին ասում է. «Հարկ է ընդունել՝ ադրբեջանցի զինվորականները եւ թուրք խորհրդատուները լավ էին աշխատել։ Նրանց հաջողվեց մոլորեցնել ոչ միայն հակառակորդին, այլեւ անկախ դիտորդներին եւ փորձագետներին։ Ես, օրինակ, պատերազմի առաջին օրերին նույնպես համոզված էի, որ դա ընդամենը տեղական նշանակության գործողություն է, որովհետեւ չկար հարվածային խմբավորման կենտրոնացում որեւէ գլխավոր ուղղությամբ, չկար նույնիսկ զորահավաք եւ ողջ զինված ուժերի համընդհանուր ակտիվացում»։

Եթե այս հարցում հայ բարձրաստիճան զինվորականների անհոգությունը դեռ մի կերպ կարելի է մեծ դժվարությամբ արդարացնել, ապա նույնիսկ ադրբեջանցիները այդպես էլ չհասկացան, թե իրենց ինչպես հաջողվեց այդքան հեշտությամբ ճեղքել հայերի պաշտպանությունը հարավում եւ կիլոմետրերով հանգիստ, առանց որեւէ խոչընդոտի եւ դիմադրության տանկերով առաջ շարժվել այնպես, կարծես ոչ մի պատերազմ էլ չկար։ Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ազադ Իսազադեն արեւմտյան լրատվամիջոցներից մեկին ասել է. «Միայն առաջին օրերն էին ծանր ադրբեջանական բանակի համար։ Երբ ճեղքվեց պաշտպանության առաջին գիծը, ողջ ճակատը, կարծես, փլուզվեց։ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, չգիտես ինչու, չէին էլ կանխատեսել, որ հարձակումն ընթանալու է հարավային թեւում, եւ այնտեղ որեւէ լուրջ պաշտպանություն չէին նախապատրաստել։ Դրա բացատրությունը ես չունեմ, դա պարզապես խելագարվելու չափ անհասկանալի անփութություն էր, որը հնարավոր չէ ո′չ ընկալել, ո′չ ներել»։

Նկատ′եք, մեր աններելի անհոգությունը շշմեցրել է նույնիսկ ադրբեջանցի մասնագետին։ Խոստովանենք, մեզնից շատերը անկեղծորեն հավատում էին, որ 25 տարվա ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել, Արցախը շրջապատվել է մի քանի խրամատային եւ ականային գոտիներով։ Չէ՞ որ դրանց ստեղծումը կապված չէր ֆինանսական մեծ ծախսերի հետ, հարկավոր էր ընդամենը փորել, որովհետեւ դեռ նախանցած դարում գերմանացի բարձրաստիճան զինվորականներից մեկն ասել էր. «Զինվորը հենց արթնացավ առավոտյան, անմիջապես էլ պիտի սկսի փորել»։ Ու միանգամից հիշեցի գեներալ Անատոլի Զինեւիչին, որի համար Հայաստանը դարձել էր երկրորդ հայրենիք։ Ղարաբաղյան առաջին պատերազմի օրերին մեր պաշտպանության նախարարությունում ամեն օր կազմակերպվող թռուցքաժողովների ժամանակ նա ասում էր. «Դուք՝ հայերդ, փորել չեք սիրում։ Անընդհատ ասում եմ ղարաբաղցի զինվորներին՝ խրամա′տ փորեք, այլապես ձեզ համար գերեզման կփորեն։ Էլի չեն փորում»։

Այսինքն, մեր պարտության հիմնական պատճառներից մեկն այն էր, որ հաղթանակ տանելով 90-ականների սկզբներին, պարզապես հանգստացանք ու սկսեցինք սպասել, թե երբ վերջապես Մինսկի խմբի համանախագահները մեզ համար ընդունելի առաջարկ կբերեն՝ չնկատելու տալով, թե ինչպես է Ադրբեջանը մեծացնում ու մեծացնում իր ռազմական բյուջեն, ինչպես է ժամանակակից զենք, այդ թվում թուրքական եւ իսրայելյան դրոններ ձեռք բերում ու շարունակ մշակում ռեւանշ վերցնելու իր ծրագրերը՝ թուրք մասնագետների ամենաանմիջական մասնակցությամբ։

Այսքանից հետո շատ դժվար է չհամաձայնել Հեռավոր Արեւելքի ինստիտուտի ավագ գիտաշխատող Վասիլի Կաշինի հետ, որը ԲիԲիՍի-ին տված հարցազրույցում ասել է. «Հայերը բարոյահոգեբանական պատրաստվածության խնդիր չունեին՝ այն բարձրագույն մակարդակի էր։ Պաշտպանվում էին շատ համառ, իսկ անձնակազմի որակը պատշաճ էր։ Ուղղակի կողմերից մեկը պատերազմին շատ լավ էր նախապատրաստվել, տասնամյակներ շարունակ գնում էր դեպի նախանշված նպատակը, իսկ մյուս կողմը պատրաստվում էր մի կերպ, իմիջիայլոց...»։


Արմեն Դուլյան,

Սպուտնիկ Արմենիա

Comentarios


bottom of page