top of page

ԵՐՈՒԱՆԴ ՄԱՆԱՐԵԱՆՆ ՈՒ «Տժվժիկ»-Ը (Մեծ Արուեստագէտի Ծննդեան 100-Ամեակի Առթիւ)

Օրերս Երեւանի Տիկնիկային թատրոնի դիմացի մայթին, Հայաստանի կառավարութեան Աւագանու ներկայութեամբ, տեղադրուեց «Բոլոր ժամանակների լաւագոյն դերասան եւ սցենարիստ» որակումով Երուանդ Մանարեանի արձանը: Կարծում եմ, արժէ ընթերցողին որոշ տուեալներ ներկայացնել լաւագոյնս ճանաչուած ու սիրուած, թող ներուի, սակայն վերջին 20-25 տարիներին գրեթէ անտեսուած, Արուեստի եւ գրականութեան բազմաթիւ ճիւղերում իրեն փայլուն կերպով դրսեւորած Երուանդ Մանարեանի մասին: Որքան որ գիտեմ, (ես գոնէ չեմ տեսել, ՀԵՆ. Ա.) բեմադրիչ եւ դերասան Երուանդ Մանարեանի մասին համապարփակ, ծաւալուն յօդուած, գրութիւն չի եղել Սփիւռքի որեւէ լրագրի կամ պարբերականի մէջ: Եւ ես, խղճի մտոք, պիտի փորձեմ իմ գնահատականը տալ թէ իր, եւ թե իր արտիստական-կատարողական յաղթարշաւի սկիզբը հանդիսացող «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմի մասին: Սակայն, վստահ եմ, շատերին է յայտնի նրա կողմից մեր մշակութային կեանքում աւելի քան 70 տարուայ ընթացքում տարուած ազգանուէր գործունէութիւնը:

Երուանդ Մանարեանը ծնուել է 1924 թ.-ի Իրանի Արաք քաղաքում: Սովորել է տեղի Հայկազեան դպրոցում, որից յետոյ Թեհրանի ամերիկեան եւ պարսկական քոլէջներում: 1946 թ․-ին ներգաղթել է Հայաստան եւ սովորել Երեւանի Գեղարուեստա-թատերական ինստիտուտում, որի ռեժիսորական բաժինն աւարտել է 1952 թ.-ին: Որպէս ռեժիսոր եւ դերասան՝ աշխատել է Երեւանի Պարոնեանի անուան երաժշտական կոմեդիայի թատրոնում եւ Սունդուկեանի անուան դրամատիկական թատրունում: Զոյգ թատրոններում աշխատելու ընթացքւմ Մանարեանը հասկացաւ որ Թատրոնն իր տեղը չէ, ուր, ժամանակի ընթացքում կարող էր տրոհուել սեփական արժանապատւութիւնը, որն իր համար ՍԿԶԲՈՒՆՔ էր: Որպէս վեհանձն անձնաւորութիւն՝ ուրիշների նման, նա գլխաւոր դէր չէր խնդրում, ինչ դէր տալիս էին՝ դա էլ խաղում էր մեծ վարպետութեամբ: Գուցէ զարմանալի թուայ, 1957 թուականից սկսեալ, մինչեւ իր կեանքի վերջը, գրեթէ յիսուն տարի, Երուանդ Մանարեանը թատրոնի բեմ չի բարձրացել, նախընտրել է «գործ ունենալ» անմեղ, միամիտ հանդիսատեսի՝ երեխաների հետ, ու նրանց համար գործունէութիւն ծաւալել Տիկնիկային թատրոնի աշխարհում: Երուանդ Մանարեանը նկարահանել է վաւերագրական եւ գեղարուեստական մի շարք ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Հայկական մանրանկարչութիւն», «Միքայէլ Նալբանդեան», «Կառամատոյցի կրպակը» եւ այլն: Երուանդ Մանարեանը նկարահանուել է մի շարք ֆիլմերում, որոնցից ամէնայայտնին «Հարսնացուն Հիւսիսից» կինոնկարն է: Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տէրն ու ծառան», «Սպիտակ ափեր», եւ այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմուածքներ եւ յօդուածներ։ Հապայ նրա կեանքի վերջին 30 տարուայ քաղաքական-հասարակական գործունէութիւնը, ընդդիմադիր կեցուածքը` իշխանութիւնների վարած ապազգային քաղաքականութեան դէմ:

Երուանդ Մանարեանը եզակի մտաւորականներից մէկն էր, որ մինչեւ իր կեանքի վերջը հաւատարիմ մնաց իր սկզբունքներին ու մնաց ժողովրդի հետ: Եւ, ինչպէս սովորաբար լինում է, հայաստանեան կեանքում, բազմաթիւ մտաւորականներ ու արուեստագէտներ, քիչ թէ շատ լրջմիտ մոտեցումով ու մասնագիտօրէն արժեւորւում են իրենց կեանքի վերջալոյսին եւ կամ՝ մահից յետոյ: Ինչը, որ եղաւ Երուանդ Մանարեանի պարագային: Նոյնը չեղա՞ւ հռչակաւոր Դիրիժոր Օհան Դուրեանի պարագային: Այլախոհութեան դէմ պայքարը գալիս է Սովետի օրերից եւ սրբորեն պահպանւում է չակերտաւոր Ազատ, Անկախ Հայաստանում…

- Ո՞վ է տեսել, որ զառամեալ ծերունուն, 94 տարեկան հասակում Ժողովրդական Արտիստի կոչում շնորհեն: Այս քայլով ներկայ իշխանութիւնները փորձեցին մաքրել նախորդների, ինչո՞ւ չէ՝ նաեւ իրենց կողմից տարիներ շարունակուող այպանելի անտարբերութեան քողը մեծ բեմադրիչի, դերասանի եւ մտաւորականի վրայից, յուսալով թէ յետագայում ոչ ոք չի յիշի, թէ երբ է այդ մեծ պարգեւին արժանացել անուանի մարդն ու արուեստագէտը:

Գոնէ մենք, իր ժամանակակիցները լաւ էլ յիշում ենք, յիշում ենք նաեւ նրա բոցաշունչ ելոյթները համազգային, համաժողովրդական բնոյթի ընվզումի հաւաքների ժամանակ:

…Վերջին օրերին «Տժվժիկ» ֆիլմը դիտելիս, առաջին իսկ դրուագներից աչքիս առջեւ կենդանացաւ ֆիլմի գրական նիւթի (սցենար) հեղինակ Երուանդ Մանարեանը: Յիշեցէք Երուանդ Մանարեանի հետ կապուուած հանճարեղ «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմը, որի սցենարը (գրական նիւթ) պատկանում է իրեն: Քանի հարիւր անգամ ենք դիտել «Տժվժիկ»-ը, ու ամէն անգամ հիացել Հայ Թատրոնի հսկաներ Հրաչյա Ներսիսեանի, Ցոլակ Ամերիկեանի եւ Արման Կոթիկեանի դերասանական վարպետութեամբ: Երբ դժուարագոյն, մեծածաւալ կերպարներ (Համլետ, Լիր, Պաղտասար Ախպար, Պեպօ) մարմնաւորած հանճարեղ Հրաչյա Ներսիսեանին հարցրել են թէ ո՞րն է իր ամենասիրած կերպարը, պատասխանել է` «Ներսես ախպարը»՝ «Տժվժիկ»-ից: Ինձ մշտապէս հիացմունք է պատճառել այս երեք խոշորագոյն արտիստների ոչ միայն դերասանական վարպետութիւնը, այլեւ պոլսահայ հրապուրիչ բարբառի գերազանց իմացութիւնն ու հրաշալի արտաբերումը: 65 տարի առաջ ստեղծուած այս հրաշք ֆիլմի գրական նիւթի (սցենար) փայլուն Արևմտահայերէնն ինձ մշտապէս հիացրել է ու միշտ զարմացել եմ, թէ ինչպէ՞ս է յաջողուել գրող Ատրպետին` այդքան հարազատօրէն ներկայացնել պոլսահայ միջավայրը, բառն ու բանը, զգլխիչ հումորը: Շատ լաւ իմանալով, որ «Տժվժիկ» պատմուածքի հեղինակ Ատրպետը (Սարգիս Մուպեաճեան) արեւեահայ գրող է, Կարսեցի, երկար տարիներ ապրած Պարսկաստանում եւ Լենինականում, որքան էլ տիրապետէր արեւմտահայերէնին (յատկապէս պոլսահայերէնին,- Հեն. Ա.), հազիւ թէ կարողանար անթերի լեզուով ընթերցողին մատուցել տրագիկոմեդիա յիշեցնող պատմութիւնը: Կասկածներս փարատելու համար, որոշեցի երկար տարիներ անց, նորովի ընթերցել Ատրպետի «Տժվժիկ» պատմուածքը: Եւ ի՞նչ պարզուեց.

- Աստուա՜ծ իմ, այս ի՞նչ բան է,- մտածում եմ, արեւմտահայերէնի, մանաւանդ` պոլսահայերէնի քիչ ու միչ օգտագործում Ատրպետի`առաջին հայեացքից պարզունակ թուացող պատմուածքի մէջ: Իսկ երկխոսութիւններն էյ (Dialogs)` սակաւաթիւ: Սա մի իրական պատմութիւն է, որը տեղի է ունեցել 19-րդ դարի կէսերին` Պարսկաստանի հայաշատ գաւառներից մէկում: Եւ, Ատրպետը 3-րդ դէմքով պատմում է իրականութիւնը` պարսկահայերէնին մոտ գաւառական բարբառով: Գրեթէ ոչինչ չասող այդ պատմուածքի նիւթը Երուանդ Մանարեանը հանճարեղ մտայղացմամբ վեր է ածել իրարյաջորդ համոզիչ գործողութիւնների, որոնք իրականացնող հերոսները կարծես թէ քոքով-պորտով պոլսահայեր լինեն: Մանարեանը պահել է Ատրպետի նկարագրած վայրերը (փողոց, մսավաճառի խանութ, սրճարան, բաղնիք, եկեղեցի), որոնց մէջ, հերոսները իրար հետ հաղորդակցւում են միանգամայն անթերի պոլսահայերէնով` մշակուած սուր եւ դիպուկ հումորային երկխոսութիւններով: Կասկած չկայ, որ ծնունդով պարսկահայ Երուանդ Մանարեանը «Տժվժիկ»-ի սցենարը գրելիս, մեծապէս օգտուել է երեք թուրքահայ հանճարեղ արտիստների պոլսահայերէն լեզուի իմացութիւնից: «Տժվժիկ» ֆիլմով Երուանդ Մանարեանը իրաւամբ կերտել է իր «Անձեռակերտ Յուշարձան»-ը, որի գլխաւոր բաղադրատարրերն են`բեմադրիչ Արման Մանարյանը (Երուանդի եղբայրը), մեծամեծ դերասաններ Հրաչյա Ներսիսեանը, Ցոլակ Ամերիկեանը, Արման Կոթիկեանը եւ երաժշտութեան հեղինակ, կոմպոզիտոր Էդուարդ Բաղդասարեանը:

Աւարտենք մեր խոսքը Երուանդ Մանարեանի մարգարէական զոյգ պարբերութեամբ․ «Մեր բարոյականութիւնը կանգնած է անդունդի եզրին: Եթէ մենք կարողացանք այն ետ պահել, ուրեմն կը կարողանանք շարունակել ապրե՞լ…: Անտարբերութիւնից աւելի դաժան բան հասարակութեան համար գոյութիւն չունի: Եթէ իշխանութիւն չկայ, չկայ պետութիւն. Եթե ընդդիմութիւն չկայ, պետութիւնը վայրենանում է»:


Հենրիկ Անասեան

Komentar


bottom of page