Ապրելու իրավունք
- gumruyan
- 6 days ago
- 2 min read

1972 թիվն էր։ Մեր տուն այցելեց ինձ համար մի անծանոթ մարդ։ Նա կլիներ մոտ 55-56 տարեկան։ Ամուսնուս ծնողների հետ սրճում էին ու հաճելի զրուցում։
Հիշեցին անցած, գնացած օրերից։ Երբ ճանապարհեցինք այդ հյուրին, սկեսուրս ասաց․
-Գիտե՞ս, ո՞վ էր այդ մարդը։
-Ոչ, անծանոթ էր, - ասացի ես։
-Այդ մարդը՝ Ստրատին, շատ զարմանալի ու հետաքրքիր պատմություն ունի։ Նա հրաշքով է փրկվել։
Նա որ հիմա ապրում է, ուղակի հրաշք է։
-Մամա՛, կպատմե՞ս։ Ինձ շատ հետաքրքրեց։
-Իհարկե՛, աղջիկս, կպատմեմ։ Այդ պատմությունը մտքիցս դուրս չի գալիս․- ասաց սկեսուրս ու սկսեց իր պատմությունը։
Եղեռնի դաժան տարիներն էին։
Թուրքերը կատաղած հետապնդում էին հայերին։ Նրանք հրաման ունեին բնաջնջել ողջ հայությանը։ Հայերն սկսեցին խումբ-խումբ հեռանալ իրենց հարազատ բնակավայրերից։ Խմբերից մեկի մեջ էին Ստրատիի ծնողները։ Ստրատին այդ ժամանակ բարուրի երեխա էր։ Ճանապարհին նա հաճախ էր լաց լինում։ Երևի մոր կրծքի կաթը չէր բավարարում նրան։ Խմբի անդամներն սկսեցին բողոքել։
Այդ երեխայի լացի ձայնը մեր տեղը կմատնի թուրքերին։ Այսպես շարունակել չենք կարող։ Այսքան մարդու փոխարեն ավելի լավ է զոհել մի երեխայի։ Թուրքերը լացի ձայնից մեր տեղը կիմանան և բոլորիս կկոտորեն։ Երեխային գցեք ջուրը․- ասաց խմբի ավագը և բոլորը հաստատեցին նրա խոսքը։
«Ի՞նչ անել, խմբին հակառակ գնալ չեն կարող։ Իրենցից էր կախված այսքան մարդկանց կյանքը»։
Մտածում էին երեխայի ծնողները։ Գիտակցում էին այդ ամենը, բայց ինչպե՞ս իրենց անմեղ բալիկին իրենց ձեռքով գցեն գետը։ Միթե՞ դա հնարավոր է։ Միթե՞ Աստված դա կների։
Բայց նայելով բոլորի սպասողական ու պահանջկոտ հայացքներին, նրանք հասկացան, որ այլ ելք չունեն։
Մայրը հեկեկալով համբուրեց որդուն ու դողացող ձեռքերով տվեց ամուսնուն։
Ամուսինը գրկեց փոքրիկի բարուրը, մի քանի համբույր դրոշմեց նրա փափլիկ այտին ու կամաց դրեց գետի ալիքների վրա։
Ջուրն սկսեց օրորելով երեխային տանել։ Մարդ ու կին լաց լինելով քայլում էին խմբի հետ։ Ճանապարհի ոլորապտույտին, որտեղ գետը նույնպես թեքվում էր, բարուրը դուրս եկավ նրանց դիմաց։
Ծնողներին թույլ չտվեցին մոտենալ բարուրին։ Երեխան ձայն չէր հանում։ Հավանաբար գետն օրորելով քնեցրել էր նրան։ Բավական տեղ գնալուց հետո, բոլորը զարմանքով տեսան, թե ինչպես բարուրը նորից իրենց դեմ դուրս եկավ։
-Սա, արդեն, չափից ավելի է։ Ես այլևս չեմ հանդուրժի սա։ Աստված էլ չի կամենում, որ երեխաս խեղդվի գետում։ Ես վերցնելու եմ նրան։ Եթե չեք ընդունում, մենք ձեզ հետ չենք քայլի։ Մենք կառանձնանանք․-ասաց երեխայի հայրը, մտավ գետն ու վերցրեց երեխային։
Փոքրիկ Ստրատին զարմացած նայում էր, չհասկանալով, թե ի՞նչ է կատարվում շուրջը։
Մայրը հեկեկալով, անմիջապես մոտեցավ ու վերցրեց երեխային։ Բոլորն արտասվում էին ու անիծում թուրքերին։
-Լա՛վ, ինչպես տեսնում եմ, Աստծո մատն այս գործում խառն է,- ասաց խմբի ավագն ու ավելացրեց․
- Աստվածն էլ չի կամենում այս երեխայի մահը։ Թո՛ղ Աստծո կամքը լինի։ Միասին կգնանք։ Ինչ լինում է՝ թող լինի։
Աստծո կամքին հակառակ գնալ չի կարելի։ Կարծես, բոլորի սրտից մի քար ընկավ։ Նրանք շարունակեցին լուռ քայլել։
-Եվ ահա՛, այսօր դու տեսար այդ երեխային՝արդեն հասուն տարիքում։ Նա ամուսնացել է, լավ ընտանիք կազմել և ունի 4 երեխա։ Եթե մարդ ապրելու իրավունք ունի, ի՞նչ ուզում է լինի՝ կապրի։
- Այսպես ավարտեց իր զարմանալի ու սրտաճմլիկ պատմությունը սկեսուրս։
Լաուրա Խլղաթյան
Լաս Վեգաս
Comments