top of page

Հարցազրույց Վանաձորի Հովհ․ Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանի հետ


ree

-Վանաձորի թատրոնում ավանդույթ է հայ դրամատուրգների, անգամ ժամանակակիցների պիեսները բեմադրելը։ Ի՞նչ է սպասվում 91-րդ թատերաշրջանի ընթացքում։


91-րդ թատերաշրջանը բացել ենք դեռևս անցած տարվա սեպտեմբերին։ Իհարկե, այդ ժամանակ պլանավորվում էր մեր Աբելյանական 4-րդ փառատոնով հյուրընկալվել Ստեփանակերտում՝ Արցախի Մայր թատրոնի 90-ամյակին նվիրելով փառատոնը, բայց իրադարձություններն այլ կերպ զարգացան․․․

Այո՛, մեր թատրոնում գրեթե ավանդութային է հայ դրամատուրգների գործերի բեմադրությունը, նաև ժամանակակից դրամատուրգիայի մասին է խոսքը։ Կարծում եմ՝ թատրոն-ժամանակակից դրամատուրգիա/ժամանակակից արձակ կապը շատ կարևոր է, քանի որ նաև միմյանցով փոխպայմանավորված՝ տրամաբանական զարգացումներ են լինում․․․ Եվ հետո՝ թատրոնը միջավայր է, որը նաև պետք է նպաստի ժամանակակից գրողի ստեղծագործությունների հանրահռչակմանը․․․ Իհարկե, խոսքս հատկապես վերաբերում է ժամանակի արժեքավոր գործերին, թեպետ նաև ճշմարտություն է և պետք է փաստել, որ ժամանակային որոշակի հեռավորությունից է միայն հնարավոր անցողիկի ու մնա­­­յունի զա­տո­­րո­շումը, քանզի մեր օրերում, մեր կողքին ստեղծվող գրակա­նու­թյու­նը և թատերարվեստն առաջ են շարժվում զարգացման նաև անակնկալ խմբագրականներով:

ree

Հայ դրամատուրգիային անդրադարձի կամ չանդրադառնալու առումով՝ այս թատերաշրջանը կարծեք փոքր-ինչ առանձնանում է․ 2023 թ․-ի առաջին եռամսյակում կայացավ երկու ներկայացման առաջնախաղ, ևս երկուսը՝ երկրորդ եռամսյակում։ Ջոն Ֆլեթչերի և Ֆրենսիս Բոմոնթի «Ամուսնացիր և սանձիր կնոջդ» կոմեդիայի պրեմիերան կայացավ փետրվարի 17-ին։ Պիեսը թարգմանել է բանաստեղծ-թարգմանիչ, լրագրող Խորեն Գասպարյանը դեռևս 90-ականներին․ բնագրից միակ չափածո թարգմանությունն է։ Անցյալ տարի այս կոմեդիան սկսել էր բեմադրել երջանկահիշատակ Վահե Շահվերդյանը, ավարտել է թատրոնի գլխավոր ռեժիսոր Սարգիս Մանուկյանը։

ree

Մյուս գործը ըստ Բեցույակու Մինորուի՝ «Հարյուր իեն թեյավճար» պիեսի «Խոսիր ինձ հետ» կամերային ներկայացումն է /աբսուրդ/․ պրեմիերան կայացավ փետրվարի 21-ին /ռեժ․՝ Ալյոնա Ջավուկցյան/։ Սա ներկայացում է միմյանց անծանոթ երիտասարդ մարդկանց մասին, ովքեր ճակատագրի բերումով նույն վայրում են հայտնվել, նույն նպատակով /ներկայացման հիմնական խնդիրը մարդկանց լավատեսություն ներարկելն է/, սակայն նրանցից յուրաքանչյուրը մյուսից խնամքով թաքցնում է տվյալ վայրում հայտնվելու իր իսկական դրդապատճառները։ Ըստ էության՝ նրանց համար այս հանդիպումը դառնում է ճակատագրական։ Բացի այն, որ թեման երիտասարդական է, այս գործի ընտրության նպատակներից մեկն էլ ճապոնական գրականությունը հայ թատերասեր հանրությանը ներկայացնելն է /Բեցույակու Մինորուն անիմատոր է, նրա գործերից հատկապես հայտնի է «Գիշերը գալակտիկական երկաթուղու վրա» /1985 թ․/ ստեղծագործությունը, որը պատմում է տարօրինակ և հանելուկային ճանապարհորդության մասին, շոշափում է վստահության և կրոնի հետ կապված հարցեր․․․ /։

ree

Մայիսին մեր կրտսեր հանդիսատեսի դատին ենք հանձնել «Մանչուկն ու Կառլսոնը»՝ ըստ Աստրիդ Լինդգրենի /ռեժ․՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Մխիթարյան/։

Հունիսի 6-ին և 24-ին կկայանան ըստ Ա․ Լևանդովսկու՝ «Ժաննա դը Արկ» միստիկ դրամայի առաջնախաղերը /ռեժ․՝ Գալուստ Ներսիսյան/։ Գլխավոր կերպարի մասին, կարծում եմ, բավականաչափ հայտնի է․ Օռլեանի կույսը գլխավորել է ֆրանսիացի ժողովրդի ազատագրական պայքարը անգլիացիների դեմ Հարյուրամյա պատերազմի ժամանակաշրջանում /1337-1453 թ․թ․/․ «Ես գնում էի կռիվ, որպեսզի վրեժ լուծեմ, ինձ թվում էր, թե ինձ ամեն ինչ կարելի է․․․ Ես գնում էի հանուն ճշմարիտ գործի․․․»,- Ժաննայի խոսքերն են։ Ընդհանրապես՝ մարդկային ոգու ուժը կախարդական մի երկիր է, որ վեր է կանգնած կեղծիքի, անարդարության և ծանր հալածանքի գարշահոտությունից։ Թեպետ այն, ինչ հնարավոր չեղավ ձեռք բերել ուժով և հորդորներով, Ժաննայի դեպքում արվեց խորամանկությամբ ու սրով։ Սա ներկայացում է սիրո, վստահության, դավաճանության և ամբողջ նյարդերով հայրենիքը զգալու մասին...

ree

Տարվա ընթացքում համատեղ ներկայացում է բեմ բարձրանալու Գորիսի թատրոնի հետ․ միջազգային պրոյեկտ է՝ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի շրջանակում։ Ռեժիսոր և պիեսի թարգմանիչ Սաթէ Խաչատրյանը կբեմադրի ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Ֆլորիան Զելլերի «Որդին» ստեղծագործությունը․ պետք է նշեմ, որ պիեսը Հայաստանում բեմադրվում է առաջին անգամ։

ree

-Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի ծանր կորստից հետո ենթադրում եմ, որ դժվարություններ եղան։ Սակայն, ինչպես նկատում ենք, բուռն ակտիվությամբ թատրոնը շարունակում է գործել...


- Վահե Շահվերդյանի կորուստն իսկապես անսպասելի էր․․․ Նրանից հետո մի տեսակ ցավեցնող տխրություն է մնացել․․․ Որքան էլ հարվածը բոլորի համար անսպասելի էր, բայց իրավացի եք, այո, թատրոնը Շահվերդյանից հետո շարունակեց բուռն ակտիվությամբ գործել․․․ Արդյունքում՝ 2022թ․-ն ամփոփել ենք դրական ցուցանիշով, իսկ այս տարվա առաջին եռամսյակում ավարտվում են անցած տարվա կիսատ մնացած ծրագրերը, ինչպես նաև ձեռնարկվում են նորերը, որոնց մասին հնարավորություն կունենանք խոսելու թերևս ոչ հեռու ապագայում։

ree

-Խոսենք նաև հանդիսատեսի մասին։


- Մեր հանդիսատեսը կիրթ է, պարտավորեցնող և հատկապես՝ պահանջկոտ ու բարեխիղճ, գիտի թատրոն այցելելու իր նպատակը, կարևորում է նյութի բովանդակային և գեղագիտորեն ճիշտ մատուցումը։ Վերջին տարիներին հանդիսատեսի պակաս թատրոնը չի ունեցել, և առիթից օգտվելով՝ թույլ տվեք իմ խորին շնորհակալությունը հայտնել մեր հավատարիմ հանդիսատեսին։ Աշխատում ենք՝ իբրև թիրախային լսարան ունենալով երեխաներին, դեռահասներին, երիտասարդներին և մեծահասակներին՝ կարևորելով շարունակական կրթությունը որպես սոցիալ- մշակութային միջավայրում ոչ ֆորմալ կրթության ձև։

ree
ree

Հարցազրույցը վարեց մեր հատուկ թղթակիցը

Comments


© 2023 by HAYLURUSA

Website by

self logo.png
bottom of page