top of page

Վռամշապուհին սպասելով


1618 տարի է անցել այն օրից, երբ հանճարեղ Մերոպ Մաշտոցը, Վռամշապուհ արքայի հովանավորությամբ երկար դեգերելով ու հետազոտելով, հայոց գրերը հայտնաբերեց և Սամոսատ քաղաքում հույն գեղագիր Հռոփանոսին հանձնարարեց ձևավորել դրանք:

Ի պատիվ հայոց գրի առաջին գեղագրի, տառերի ձևավորումն այն աստիճանի ճարտարությամբ արվեց, որ հետագայում այն նպաստավոր և անխաթար հիմք ծառայեց գրատեսակների բազմաթիվ համակարգեր ստեղծելուն, ինչպիսիք են երկաթագիրը, բոլորգիրը, նոտրգիրը, միջակագիրը, կոնդակագիրը, փառագիրը, վարազագիրը, նշանագիրը, դրամագիրը, զարդագիրը, և այլ բազմաթիվ գրատեսակներ, որոնցով հարստացավ մեր ազգային մշակույթը՝ համաշխարհային քաղաքակրթությանն անգնահատելի նպաստ բերելով:

Իհարկե, գրատեսակների անվանումները հիմնականում տրվել են միջին դարերում։ Նոր շրջանում գրատեսակների խմբավորման արդյունքում ստեղծվեցին նոր անվանումներ, որոնք երբեմն կրում են դրանց հեղինակների անունները:

Նոր գրատեսակների ստեղծումը, փաստորեն, մինչև իսկ մեր օրերում շարունակական բնույթ ունի, որը թելադրվում է ոչ միայն տառաձևեր ստեղծող գեղագետ վարպետների ստեղծագործական մղումներով, այլև՝ գիտության զարգացմամբ, որի այս կամ այն փուլը պարտադրում է նոր տեսակների ծնունդ: Առանց դրանց անհնար է ապահովել հասարակական կյանքի, գիտության, կրթության և մշակույթի պահպանումն ու զարգացումը: Այդպես, ըստ հարկի և ժամանակի ստեղծվեցին գեղեցիկ և դյուր ընթեռնելի, նաև՝ հեշտ շարվող տպագիր, մեքենագիր տառաձևեր, իսկ մեր օրերում՝ համակարգչային օգտագործման տառատեսակները:

Տառաձևերի ստեղծման գործում մեծ ավանդ ունեցան հայ հրատարակիչները, ճարտարապետները, գրաֆիկական արվեստի վարպետներն ու նկարիչները: Այսօր էլ, գեղագիտական հաճույք պարգևելուց զատ, գործածական են Օննիկ Ավետիսյանի, Ճանիկ Արամյանի, Ֆրեդ Աֆրիկյանի, Արա Բաղդասարյանի, Ռուբեն Հակոբյանի, Հենրիկ Մնացականյանի, Հրանտ Փափազյանի, Մանվել Շմավոնյանի, Կարապետ Տիրատուրյանի, այլոց ստեղծած հարյուրավոր տառատեսակները, որոնք ոգեղեն շունչ են հաղորդել մասնագիտական ու գեղարվեստական գրականության հարյուր հազարավոր գրքերի:

Վերջին երեք տասնամյակում համակարգչային նոր տառաձևերի ստեղծման գործում աննխընթաց ավանդ ներդրեց, մասնագիտությամբ մաթեմատիկոս, տառաստեղծ Էդիկ Ղաբուզյանը, ում տառատեսակներն իրենց բնույթով հայտնություն էին այդ ոլորտի հայկական տիրույթում:

Նա ստեղծել է մոտ 300 տառատեսակ և բազմաթիվ գրքերի, ամսագրերի և թերթերի համակարգչային ձևավորման հեղինակ է։

Երեսուն տարվա փորձառությամբ, այլ երկրների տառաստեղծման մոտեցումները խորապես ուսումնասիրելով, Ղաբուզյանն առաջնահերթորեն կարևորում է տառատեսակի ընտրությունը՝ ըստ օգտագործման ձևաբնույթի և էության։ Տառատեսակն ստեղծելուց առաջ մանրազննին վերլուծում և զատորոշում է, թե՝ ինչի համա է այն օգտագործվելու: Այլ է գովազդի համար օգտագործվող տառատեսակը, այլ՝ դասագրքի, ճշգրիտ գիտությունների կամ պատմական գրքերի համար նախատեսվածները: Արդյունքում, Ղաբուզյանի տառատեսակները ոչ միայն գեղագիտորեն ներկայանալի են, այլև կառուցվածքային կերտումները համապատասխանեցվում են տեքստերի ժանրային ու մասնագիտական էությանը, դրանց առանձնահատկություններին, թե որքանո՞վ կարող է այդ տառատեսակը ծառայել և արտահայտչական լինել, ասենք, գեղարվեստական կամ մասնագիտական գրականություն, գործնական կամ կառավարական փաստաթղթեր ներկայացնելու համար: Այսինքն, յուրաքանչյուր տառատեսակ հասցեագրվում է մի առանձին ոլորտի գրագրության համար, ավելին, հաշվի են առնվում նաև ոճային առանձնահատկությունները:

Սակայն, ավելի լավ է խոսքը տանք իրեն.

-Մի առիթով ես արդեն ասել եմ, որ չենք կարող Տերյան ու Չարենց նույն տառատեսակով տպել։ Տերյանի ոգին փոխանցելու համար նուրբ տառեր են պետք, շքեղ ուրվագծերով, մաքուր, բարակ, Չարենցի դեպքում՝ եռանդուն տառեր,- ասում է Վարպետը։

-Անորակ, դժվար ընթեռնելի տառատեսակներն ազդում են մարդու հոգեբանության վրա, կարող են նույնիսկ գլխացավ առաջացնել: Պատահում է՝ գիրքը բացում եք ու չի կարդացվում: Չե՞ք զգում՝ ինչից է, իրականում՝ տառատեսակը չի տրամադրում կարդալ։

Ծանոթ չլինելով տառատեսակների բազմազանության կարևորագույն պահանջներին՝ ոմանք կարող է զարմանան, թե Վարպետի ստեղծած 300 տառատեսակը շատ չէ՞, արդյոք: Շտապենք տեղեկացնել, որ թեև հայկական տառատեսակների քանակը, Մաշտոցից սկսած, շուրջ 1000 է, այդուամենայնիվ, դա այսօր անհամեմատ սուղ է բավարար լինելու համար: Մինչդեռ, լատինական մի քանի հարյուր հազար տառատեսակ կա և դեռ պետական հատուկ քաղաքականության ներքո շարունակվում են նոր տառատեսակներ ստեղծվել: Ցավոք, մեզանում, ինչպես միշտ, երբ հարցը վերաբերում է մեր ազգային գիտության, մշակույթի խնդիրներին, կամ փակուղի է և կամ քար անտարբերություն:

Դեռ մի քանի տարի առաջ հայկական տառատեսակների ստեղծմամբ զբաղվում էր Ազգային գրապալատը։ Շուրջ հինգ տարի առաջ գրապալատը միացավ Ազգային գրադարանին։ Հայկական տառատեսակների պահպանման ու մշակման բաժինը, որը ղեկավարում էր ինքը՝ Էդիկ Ղաբուզյանը, փակվեց։ Հիմա պետական որևէ կառույց տառաստեղծմամբ չի զբաղվում և այդ գործը տարերայնորեն արվում է մի քանի անհատների կողմից՝ անձնական նախաձեռնությամբ:

Չնայած անբարենպաստ մթնոլորտին ու պայմաններին Էդիկ Ղաբուզյանը շարունակում է անխոնջ ստեղծագործել: Բանն այն է, որ անցած տարիների ընթացքում տառատեսակների ստեղծման միջազգային հարթակում նվաճած հեղինակությունն անհնար է դարձնում «նահանջի փող հնչեցնելը»: Բացի այդ, շնորհիվ նրա, Հայաստանն այդ հարթակում համարվում է տառաստեղծման գործի հեղինակավորներից մեկը և պատվախնդրության խնդիր է հաղթարշավը շարունակելը:

Հաջողությունների շարանը մեկ-երկուս չէ: Որոշ տառատեսակների համար մշակել է ոչ միայն հայկական, այլև լատինական, կիրիլյան և հունական այբբենական համակարգերի գրանշանները: Նրա հեղինակած 26 տառատեսակ տեղական և միջազգային տառարվեստի մրցույթներում արժանացել են պատվավոր մրցանակների։ 2004 թվականին հրատարակել է իր տառատեսակների «Հայկական համակարգչային տառատեսակներ» ալբոմը։

Էդիկ Ղաբուզյանի տառատեսակների ցուցանմուշները ցուցադրվել են Լինքոլնում , Լոնդոնում, Հեմփշիրում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Մյունխենում, Բեռլինում, Ալեքսանդրիայում, Բարսելոնում, Վարշավայում, Սեուլում, Բանգկոկում, Երևանում և Օշականում կազմակերպված ցուցահանդեսներում: Բեռլինում 2014 թ․-ին կայացել է Էդ. Ղաբուզյանի տառատեսակների անհատական ցուցահանդեսը։ Հայկական տառատեսակների նախագծմանը և տառարվեստին վերաբերող նրա հոդվածները տպագրվել են տարբեր ամսագրերում և թերթերում, այդ թեմաներով ելույթներ է ունեցել տասնյակ միջազգային գիտաժողովներում և սիմպոզիումներում: Խարկովի գեղարվեստի պետական ակադեմիայի Pangram, , Կիևի «Զոլոտայա բլոխա» միջազգային մրցութային հանձնաժողովների անդամ է։

2012թ., հայկական գրատպության 500-ամյակի կապակցությամբ Էդիկ Ղաբուզյանը ՀՀ Նախագահի կողմից արժանացել է Մովսես Խորենացու անվան մեդալի։ Նույն տարում պարգևատրվել է Մոսկվայի միջազգային դիզայներների միության Լև Յաշչենկոյի անվան ոսկե մեդալով՝ դիզայնի բնագավառում բացառիկ նվաճումների համար։Նախաձեռնել և հիմնադրել է «Գրանշան» ոչ լատինական տառատեսակների միջազգային ամենամյա մրցույթը, որի կազմկոմիտեի և մրցութային հանձնաժողովի համանախագահն է։ 2012 թ. հունիսի 14-16-ը Երևանում նախաձեռնել և անցկացրել է ոչ լատինական այբբենական համակարգերի արդի խնդիրներին նվիրված «Գրանշան 2012» միջազգային համաժողովը, որի երկրորդ փուլն անցկացվեց 2013 թ.-ին Թայլանդում։ Այնուհետև ամեն տարի Տառաստեղծների միջազգային ասոցիացիայի համաժողովին զուգընթաց անցկացվում են իր տեսակի մեջ եզակի՝ «Գրանշան» միջազգային մրցույթն ու «Գրանշանի» հաղթող տառատեսակների ցուցահանդեսը։

Ղաբուզյանի տառերով ստեղծած դիզայներական աշխատանքները 2015-ից ի վեր ամեն տարի ցուցադրվում են կորեական KSBDA միջազգային դիզայներական ցուցահանդեսում և տպվում հատուկ ալմանախներում։

Լինելով ոչ լատինական տառատեսակների միջազգային մրցույթների կազմակերպիչ ու համանախագահող՝ 2012 թ.-ից հետո նա, համեստորեն, իր տառատեսակները չներկայացրեց մրցույթների, բացառությամբ 2014 թ.-ին Ճապոնիայում անցկացվող տառատեսակների Մորիսավայի միջազգային մրցույթից, որտեղ լատինական անվանակարգում շահել է հասարակության ընտրության 2-րդ մրցանակը։

-Տառատեսակ ստեղծելը հեշտ աշխատանք չէ,- հայտնում է Ղաբուզյանը,- արտասահմանյան մասնագիտացված կառույցներում մի տառատեսակի նախագծմանը մի քանի մարդ է մասնակցում։ Մեկը տառի տեսքն է նկարում, մյուսը՝ միջտառային հարաբերություններն է կարգավորում, երրորդը՝ կետաշտկմամ բզբաղվում և այլն: Այդ ամբողջ աշխատանքը ես կատարում եմ մենակ, իսկ նոր տառատեսակ ստեղծելու պատվերներ հիմնականում ստանում եմ արտերկրից, համագործակցում հեղինակավոր մասնագիտացած ընկերությունների հետ։

Թերևս միակ մխիթարականն այն է, որ Հայաստանի պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառության պարտադիր կիրառման համար, 2010 թվականին ,պետությունը Էդիկ Ղաբուզյանից գնեց GHEA Grapalat եւ GHEA Mariam տառատեսակները։ Այլ պատվերներ Հայաստանից չի ստացել:

Էդիկ Ղաբուզյանը շարունակում է բեղմնավոր ստեղծագործել, տառարվեստ է դասավանդում Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում և, իհարկե, հույս ունի, որ երկար սպասումը մի օր կծնի ժամանակակից մի Վռամշապուհի:


Սամվել Խալաթյան



Կից հղումով կարող եք տեսնել Էդիկ Ղաբուզյանի «Հայկական համակարգչային տառատեսակներ» ալբոմը

Vanadzor
.pdf
Download PDF • 1.21MB




bottom of page