1860 թվականի փետրվարի 27-ին, Ախլցխայում ծնվել է հայ մեծ նկարիչ, թարգմանիչ, արվեստի տեսաբան, հայ գեղանկարչության մեջ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցը։
Հոգևորականի ընտանիքում ծնված Վարդգեսը նախնական կրթությունը ստացել է Լազարյան ճեմարանում, ապա ուսումը շարունակել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժնում, այնուհետև` Մյունխենի կայսերական ակադեմիայում։ Սակայն, մինչ այս տպավորիչ կրթությունը ստանալն էլ արդեն պարզ էր, որ Սուրենյանցին սպասվում էր ստեղծագործող մարդու ապագան։ Ասում են մի անգամ, երբ նա ընտանիքի հետ Բախչիսարայում էր, պատանի Վարդգեսը կլանված նայել է «Արցունքի շատրվանի» խաչքար հիշեցնող պատվանդանին, քարի վրայով հոսող վճիտ ջրի շիթերին: Տանը մատիտով այնքան ճշգրիտ է նկարել տեսածը, որ զարմացրել է նույնիսկ ընտանիքի բարեկամին՝ Հովհաննես Այվազովսկուն. աշխարհահռչակ ծովանկարիչը յուղաներկերի մի տուփ էր նվիրել շնորհալի երեխային...
Շնորհալի այդ երեխան մեծանալով, հետագայում գեղանկարչություն և արվեստի պատմություն է դասավանդել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա մասնակցել է Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Թիֆլիսի ու Բաքվի հասարակական և մշակութային կյանքին, Պերեդվիժնիկների ընկերության ցուցահանդեսին: 1905–1915 թթ-ին Սուրենյանցն ապրել է Սանկտ Պետերբուրգում ու այդ ընթացքում իր հայտնի «Սալոմե» կտավով մասնակցել Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսին (1912 թ.) և Վենետիկի համաշխարհային արվեստի բիենալեին (1914 թ.): Այն պահին, երբ նկարիչը միջազգային ճանաչման շեմին էր, 1915 թվականին տեղի է ունենում Հայոց Ցեղասպանությունը։ Նա ցնցված Մեծ եղեռնից, Թիֆլիսում և Էջմիածնում ստեղծում է բազմաթիվ փախստական-գաղթականների պատկերները, որոնք այսօր գեղարվեստականից բացի նաև փաստագրական արժեք ունեն։
Հայրենասեր նկարիչը 1916-ին Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Փանոս Թերլեմեզյանի և ուրիշների հետ Թիֆլիսում հիմնադրում է Հայ արվեստագետների միությունը և այս կառույցի միջոցով փորձում աջակցել ոչ միայն հայ արվեստագետներին, այլ նաև միջոցներ է հայթայթում Ցեղասպանությունից մազապուրծ հայության համար։
Սուրենյանցի մեծությունը, ինտելեկտուալ ողջ ներուժը ու կատարած աշխատանքը անվերջ ուսումնասիրման թեմա է։ Նա մեծամասշտաբ, անսահման հնարավորություններով ու անսպառ տաղանդով արվեստագետ։ Փայլուն դիմանկարիչ, բնանկարիչ ու խոշորագույն գրաֆիկ լինելուց բացի նա նաև գրքի տաղանդավոր ձևավորող է, հայտնի թատերական նկարիչ, արվեստի հմուտ տեսաբան, թարգմանիչ, ճարտարապետ, քանդակագործ և հասարակական գործիչ։ Որքան տաղանդավոր ու արժեքավոր են Սուրենյանցի կտավները, էտյուդներն ու էսքիզները, նույնքան տպավորիչ ու հիասքանչ են նրա ձևավորած գրքերը` Ալեքսանդր Պուշկինի «Բախչիսարայի շատրվան» պոեմը, Օսկար Ուայլդի «Արքայադստեր ծննդյան տոնը», հայկական հեքիաթները... Գրքերից բացի, Սուրենյանցը Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում ձևավորել է նաև Անտոն Ռուբինշտեյնի «Դև» օպերան, Մոսկվայի գեղարվեստական թատրոնում՝ Մորիս Մետեռլինկի «Կույրերը», «Այնտեղ՝ ներսում», «Անկոչը», Անտոն Չեխովի «Ճայ» պիեսների բեմադրությունները:
8 օտար լեզուների՝ ռուսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, ֆրանսերեն, պարսկերեն և թուրքերեն, փայլուն իմացությամբ այս նկարիչը բնագրերից թարգմանել է Վիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III»-ը, «Միջամառային գիշերվա երազը», սոնետների մի մասը, Վոլֆգանգ Գյոթեի, Հայնրիխ Հայնեի և այլոց ստեղծագործությունները։
Սուրենյանցի ծննդյան օրվա առթիվ ձեզ ենք ներկայացնում Հայնրիխ Հայնեի բանաստեղծություններից մեկը, որը նկարիչը թարգմանել է գերմաներենից. Սիրտս ճնշված է, հոգիս պղտորված, Անցյալ դարերը միտքս են ընկնում, Երբ հյուրընկալ էր, զվարթ էր աշխարհ, Մարդս էլ հանգիստ էր ապրում աշխարհում։ Իսկ այժմ ամեն բան ասես փոխված է․ Չորս դին նեղություն, կսկիծ է տիրել։ Ասես վերևում աստված մթնած է, Եվ ներքևումը՝ սատանան մռայլ։ Չորս դին մելամաղձ, տխուր պատկերներ, Մգլած, սառած է այժմ ամեն բան, Եվ եթե այդ փոքրիկ սերը չլիներ, Չէինք ունենա ոչ մի ապաստան:
1917-1920 թթ. Վարդգես Սուրենյանցը Պետերբուրգից տեղափոխվել է Յալթա` հայկական եկեղեցին նկարազարդելու նպատակով: Մասամբ նկարազարդել է եկեղեցու պատերը, խորանը, գմբեթը։ Եկեղեցում աշխատելու ժամանակ ծանր հիվանդացել է։ Մահացել է 1921 ապրիլի 6-ին: Նկարիչը թաղված է Յալթայի հայկական եկեղեցու բակում: «Աշխարհիս ամեն կողմը ցրված են զորեղ նկարիչներ, որոնցից ամեն մեկն իր գտնված երկրում անուն է հանել և հռչակվել հայրենիքից դուրս, զորօրինակ Շահին, որ գտնվում է Փարիզում, Մախոխյան՝ Բեռլինում և շատ ուրիշներ։ Եվ ամեն անգամ, երբ իրար պատահում էինք միշտ լուրջ կերպով ցավակցում էինք, որ այդ կերպ անջատված ենք իրարուց և չենք կազմում մի ամփոփ ընկերություն. այդ գանգատը ես անձամբ հանգուցյալ Հովհաննես աղա Այվազովսկուց ևս լսել եմ»,- ցավով ու ափսոսանքով գրել է Վարդգես Սուրենյանցը։
Օտար ափերում ապրած, ստեղծագործած և կյանքն ավարտած նկարիչը մշտապես կապված է եղել իր ժողովրդի հոգսերի, խնդիրների, հույզերի ու մտահոգությունների հետ։ Նա ամենուր փնտրել է իր ազգակիցներին, երազել միավորվելու, համախմբվելու մասին։ Վաղաժամ մահը, ցավոք, կիսատ է թողել մեծ նկարչի երազանքները, նպատակներն ու արարումները։
Նաիրա Եղիազարյան
Սկզբնաաղբյուր՝ https://oragir.news/hy
Comments