top of page

Արթուր Միկոյանի «Երազներ մահվանից հետո» գրքի շնորհանդեսը Վանաձորում

Մայիսի 14-ին Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի Մկրտիչ Սարգսյանի անվան թիվ 3 մանկական գրադարանում տեղի ունեցավ Արթուր Միկոյանի պատմվածքների «Երազներ մահվանից հետո» ժողովածուի շնորհանդեսը (գիրքն արժանացել է ՀԳՄ Համահայկական գրական հիմնադրամի մրցանակին)։

Նախախոսք ասաց դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը, ով վարում էր միջոցառումը։ Նա ներկայացրեց Ա. Միկոյանի կենսագրությունը։

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից ողջույնի խոսք ասաց մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ավագ մասնագետ, բանաստեղծուհի, արձակագիր Մանուշակ Քոչարյանը։ Նա անդրադարձավ գրողի ստեղծագործությունների մի շարք առանձնահատկություններին, մասնավորապես վերլուծելով իր սիրած գործը՝ «Անհաղորդություն» պատմվածքը։

Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանն իր խոսքում անդրադարձավ Ա. Միկոյանի ստեղծագործական ուղուն՝ նրան մաղթելով համառություն և համբերություն արձակի դժվարին ճանապարհը պատվով հաղթահարելու գործում։

Վանաձորի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Փիլոյանն ասաց, որ լուրջ գրականությունը դժվարին տառապանքի և լարվածության արդյունք է։ Նա նշեց, որ Ա. Միկոյանն ստեղծում է փորձարարական գրականություն։ Այն հարուստ է պայմանականություններով, որոնք իր համար երբեմն անհասկանալի է։

Վանաձորի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվեդյանը նշեց, որ ընդունելության քննություններից առաջ Արթուրին լրացուցիչ հայոց լեզու և գրականություն է ուսուցանել, իսկ նա գերազանցությամբ է ավարտել բուհը՝ ստանալով կարմիր դիպլոմ։ Թ. Շահվերդյանը վերլուծական խոսք ասաց գրքի «Դռնակով Աստվածաշունչը» գործի մասին։

Երգով հանդես եկավ «Հորովել» երգի-պարի համույթի մենակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանը։

Բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանը, հիշելով Վ. Փիլոյանի խոսքն ասաց, որ Ա. Միկոյանի գործերը երբեմն ոչ թե պետք է հասկանալ, այլ զգալ։

«Երբ երազ ենք տեսնում, արթնանալուց հետո գունեղ պատկերները մոռանում ենք և հիշում միայն բովանդակությունը։ Երազն ամբողջովին նկարագրելու համար պետք է անցկացնենք մեր երևակայության պրիզմայով։ Կարծում եմ՝ այդպես է վարվում Արթուրը։ Այնուամենայնիվ, նրա գործերում մեծ անկեղծություն կա, մանկությունից եկող հուշեր և ապրված զգացմունքներ։ Նրա արձակը հարուստ է ֆենթզի ժանրի առանձնահատկություններով, առկա են նաև հրաշքների, գերբնական երևույթների, հայկական, սկանդինավյան, հունական առասպելաբանության, անդրոպոսոֆյան ուսմունքի տարրերով պատկերներ։ Եվ այս «կոկտեյլի» համն զգալու համար որոշակի պատրաստվածություն է հարկավոր։ Այնպես որ, Արթուրի գրականությունը կայացած իրողություն է, ոչ թե փորձարարություն»,- ասաց Խ. Գասպարյանը մասնավորապես վերլուծելով հեղինակի «Բարսելոնա» գործը։ Նա նշեց նաև, որ Ա. Միկոյանի փոքր արձակ գործերը կարելի է համարել արձակ բանաստեղծություններ։ Գրականությունն Արթուրի համար փախուստ է իրականությունից, բայց ոչ այն իրականությունից, որ մենք տեսնում ենք մեր երազներում։ Երբ իրար սիրելու, միմյանց նկատմամբ բարի լինելու դրվագներ է ներկայացնում, ցանկանում է, որ յուրաքանչյուրի մոտ դա կրի ներանձնական բնույթ։ Խ. Գասպարյանը ստեղծագործական նորանոր հաջողություններ մաղթեց Ա. Միկոյանին։

Գրականագետ Կարեն Մանուչարյանն իր խոսքում նշեց, որ Ա. Միկոյանի գործերում շատ են զուգորդումները, պատկերների անսպասելի վերափոխումները, որոնց պատճառով երբեք չես կռահի, թե ինչ ավարտ կունենա ստեղծագործությունը։

«Ես նույնպես կանդրադառնամ «Դռնակով Աստվածաշունչը» գործին, որում հետաքրքիր և ինքնատիպ ձևով է ներկայացված այսաշխարհային և այնաշխարհային հարաբերությունը։ Հենց այդ դռնակն է խորհրդանշում հոգևորի և նյութականի հարաբերությունը։ Դռնակի փակ մնալու խորհուրդը խորհրդանիշի մակարդակում է»,- ասաց նա։

Միջոցառման ընթացքում Վանաձորի պոեզիայի թատրոնի արտիստուհիներ Անգելինա Մկրտչյանը, Մանե Սահակյանը, Աստղիկ Ադամյանը և Էմմա Ղամբարյանը համապատասխանաբար կարդացին Ա. Միկոյանի «Ես ու դու», «Ֆիոնա», «Վերջին պահի հրաշքը» և «Գիշերային միայնության դրվագ մեծ անկողնում» պատմվածքները։

Արթուր Միկոյանն իր խոսքում ասաց. «Բարև ձեզ, տիկնայք ու պարոնայք։ Սովորաբար կարելի է այսքանով ելույթն ավարտել, քանզի բարևի մեջ Աստված է ապրում, տղամարդու ու կնոջ մեջ էլ այն ճշմարտությունն է ապրում, որը դեռ չի երևում, բայց կերևա մի օր, երբ արևը շողա, աստղերից մեկը միանա մյուսին ու մեծ աստղ դառնա ու անձրևի կաթիլը, վախենալով իր միայնությունից՝ գնալով միանա օվկիանոսին և օվկիանոս դառնա ու  Աստված բարևի կնոջն ու տղամարդուն։

Սակայն ես իմ ելույթը բարևով չեմ սահմանափակի, քանի որ ոչ մեկն է եղել, ոչ էլ մյուսը։

Եթե քեզ գովաբանողը ոչ քո մայրն է, ոչ հայրը, ապա այդ գովաբանությունը տարօրինակ է հնչում, առնվազն՝ զարմանալի։ Քանի որ այս աշխարհում ընդհանուր առմամբ ամեն ինչ ձևական, ցուցամոլական ձևի մեջ է սահմանափակվում, որտեղ ուրիշի անհաջողությունը որպես սեփական հաջողություն է ընկալվում, ուրիշի պարտությունը՝ սեփական հաղթանակ, ուրիշի մահը՝ որպես սեփական կյանքի շարունակություն։ Ես նախընտրում եմ լռել, քանզի միայն լռության մեջ եմ ինքս ինձ գտնում, բայց լռության մեջ էլ հաճախ այնքան աղմուկ է հայտնվում, որ նախընտրում եմ խոսել, բայց չշատախոսել, որ բառը շնչահեղձ չլինի։

Ես բարու կողմն եմ, բայց երբեք չեմ տոնում չարի նկատմամբ հաղթանակը, քանզի չարի նկատմամբ տոնելն ինքը հենց չարություն է, քանզի երբ տոնվում է չարի ոչնչացումը, հենց այդ տոնելու ընթացքում ծնվում է չարն ավելի ուժեղ ու ագրեսիվ, քան նախկինում էր։ Ես թե՛ չարի, և թե՛ բարու պարտությունից հետո նախընտրում եմ սպասել, որը թե՛ համբերության նշան է և թե՛ սիրո։ Համբերության նշան է, քանզի, որովհետև, քանի որ… Իսկ սպասելը սիրո նշան է նրանով, քանի որ ես սիրում եմ ծառերին, իսկ ծառերը վաղուց դարձել են սպասման խորհրդանիշ։

Եթե ես այնքան միամիտ լինեի, որ սկսեի վերլուծել իմ ստեղծագործությունները, դրանով իսկ կդառնայի դահիճ, ով սպանում է իր սեփական երեխաներին, դրանով ես կվերացնեի իմ ստեղծագործությունների կախարդական ուժը, այսինքն կդառնայի այն դահիճը, որը սպանում է իր երեխաներին։ Իմ ստեղծագործությունների կորիզը կախարդանքն է, ու եթե իմ ստեղծագործություններից կախարդանքը հանեն, այն ամբողջությամբ կփլվի, ինչպես փլվել է այնինչը, այսինչն ու այն մեկը, որը պատի տակ կանգնած, գլուխը քորելով, մտքերի մեջ ընկած չի հասկանում, թե Աստված ինչու իրեն այդքան դժբախտ ստեղծեց։

Ես թեև իմ ստեղծագործությունների մեծ մասը չեմ հավանում, բայց աշխատում եմ չդատել դրանք, քանզի առաջնորդվում եմ «մի՛ դատիր որ չդատվես» պատվիրանով, քանզի գիտեմ, որ ստեղծագործություններն ապրում են իրենց ինքնուրույն կյանքով ու նրանք էլ մի օր անպայման ինձ կդատեն։ 

Ես գրում եմ, ուրեմն ես իմ ենթագիտակցության խորքում չեմ ընդունում, որ ա-ին հաջորդում բ-ն, քանզի մտածում եմ, որ բ ասելուց առաջ, կարելի է մտածել, որ հնարավոր է՝ ա-ն  սխալ էր։

Ես ստեղծագործում եմ, ուրեմն զբաղված եմ իմ կորած մտքի փնտրտուքներով, որն իմ երազում ինձ մոտ եկավ ու արթնանալուց հետո ինձ այնքան հանճարեղ թվաց, որ ինձ թվաց, թե այն երբեք չեմ մոռանա,  մինչդեռ մոռացա։ Եվ կորած մտքի կարոտն ինձ ստիպեց անվերջ փնտրել ու փնտրտուքների ժամանակ կորած միտքը թեև չգտա, բայց գտա մտքեր, որոնք միգուցե ավելի խորիմաստ էին, քան կորցրած միտքը։ Այնուամենայնիվ, ես շարունակում եմ փնտրել կորած միտքը, որովհետև հույս ունեմ, որ այն կորած է, բայց ոչ երբեք մոռացված։

Ես գրում եմ, ուրեմն աշխարհագրական ոչ մի քարտեզի վրա ես չեմ գտել իմ հայրենիքն ու իմ հայրենիքի փնտրտուքներն ինձ մոտեցնում են մահվան, այսինքն իմ հայրենիքին, այսինքն մոտեցնում են ինքս ինձ, այսինքն կորած մտքին։

Ստեղծագործել ինձ համար նշանակում է կամովին մտնել ճահիճն ու այնտեղ լողալ սովորել։ Չնայած դեռ չեմ սովորել այդ ճահճում լողալ, բայց հաստատապես կարող եմ ասել, որ ես այդ ճահճի բնակիչն եմ։ Այն բնակիչը, ով գոյություն չունի։ Ես գիտեմ, որ ես գոյություն չունեմ, դրա համար էլ շարունակում եմ գոյություն ունենալ։ Այն պահին, երբ ինձ թվա, թե ես գոյություն ունեմ, այդ պահին այնքան մեծ նշանակություն ու կարևորություն կտամ իմ գոյությանը,  որ հաջորդ պահին կդադարեմ գոյություն ունենալ։

Ով եմ ես այնուամենայնիվ, ով կանգնած ձեր դիմաց՝ խոսում եմ բաներ, որից միակ եզրակացությունը, որ դուք կարող եք անել, այն է, որ մտքերը ծնվում են կարուսել դառնալու համար, որ սա այն մարդն է, ում մենք միշտ փնտրում էինք, որ տանենք մի այնպիսի տեղ կորցնենք, որ այլևս չգտնվի (այդպես բոլորի համար ավելի հանգիստ կլինի) ու միգուցե իմ կորուստի արդյունքում  դուք ձեր կորած մտքերը գտնեք ու այդ կորած մտքերն իմ մասին լինեն։

Բայց  այնուամենայնիվ, ո՞վ եմ ես։ 

Այդ հարցի պատասխանը գտնելու համար ինձ հետ հարցազրույց է անում այն մեկը, ով պատի տակ կանգնած, մտքերի մեջ ընկած, չի հասկանում, թե ինչու է Աստված իրեն այդքան դժբախտ ստեղծել։

Ով եմ ես


-Ո՞վ ես դու:

Իմ բառերի, մտքերի լաբիրինթոսը չմտնելու համար  պատասխանում եմ՝ ես Արթուրն եմ։ 

-Բա հետո՞։

-Ես Արթուրն եմ ու հետոյի մասին չեմ մտածում։

-Ի՞նչ է նշանակում Արթուր լինել։

-Արթուր լինել նշանակում է չլինել Մայքլ, Ջոն, Վիլյամ, նույնիսկ մոտ չլինել Մուհամեդ, Հասան ու Աբդուլ լինելուն, բայց չհրաժարվել լինել Պողոս, Պետրոս, Մարտիրոս ու երազել լինել Ալեքսանդր,  Նապոլեոն, մեկ-մեկ Պիկասո, Դա Վինչի, լինել Վան Գոգ՝ ականջ ունենալու պայմանով, եղանակային ծանր պայմաններում՝ հանուն բոլորի հարմարավետության, լինել Դալի, բայց չմտածել Դալիլայի կրքերի մասին ու լինել ապրելու համար ու մեկ-մեկ չշնչել՝ ավելին տեսնելու համար։ Այս ամենը ես եմ ու դրանից ավելի չեմ ցանկանում պատմել, քանզի իմ անունից շատ չեմ ուզում հեռանալ։ Ես կողմնորոշվելուց վատ եմ ու հաստատ կեսճանապարհին կմոլորվեմ ու կգնամ ուրիշ անվան մոտ։

-Քեզ հետ ամեն ինչ պարզ է։ Դու մեկն ես, ով ո՛չ ուզում է հրաժարվել իր անունից, ո՛չ էլ հաշտվում է իր անվան հետ։

-Մտածիր՝ ինչպես ցանկանում ես, մեկ է՝ իմ պատասխանը միշտ տեղ է հասնում, մինչդեռ քո հարցը դեռ ճանապարհ էլ ընկած չի լինում։ Ես հարց ու պատասխանների մեջ արդեն հաշտվել եմ իմ ճակատագրի հետ, ու իմ անունն իմ դուռն է դարձել, որ ամեն րոպե կարող եմ բացել, ներս մտնել ու ամբողջ աշխարհից մեկուսանալ։

-Դե ուրեմն՝ հաջող։

-Հաջող, ես գնացի։

-Հաջող, ես էլ եկա, բայց այլևս չեմ ուզում ետ գնալ, քանզի երբ ետ եմ գնում՝ միշտ մտածում եմ վերադառնալու մասին։

Հ.Գ. Երկխոսությունն ավարտվեց, քանզի ես արդեն անվան դռնից ներս մտա ու դուռն ամուր փակեցի»:

Ա. Միկոյանը խորին երախտագիտություն հայտնեց ելույթ ունեցողներին, գրադարանի տնօրինությանը և բոլոր ներկաներին, ապա պատասխանեց նրանց հարցերին։

Ցերեկույթը եզրափակվեց Ստեփան Դալլաքյանի երգով։

Միջոցառումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում։



Թղթակից


Comments


© 2023 by HAYLURUSA

Website by

self logo.png
bottom of page