top of page

«Փոքրիկ հրեշտակներ» -ի ամանորյա հեքիաթը


Ահա և մոտենում է տարվա ամենատպավորիչ ու հրաշքներով լի ժամանակակաշրջանը, երբ բոլորս սրտի տրոփյունով սպասում ենք գեղեցիկ ու հեքիաթային տոներից մեկի՝ Ամանորի գալստյանը:

      Քաղաքների փողոցները լուսավորվում են հազարավոր երփներանգ գույներով, ամենուրեք զարդարված տոնածառերն ասես տեղափոխում են մեզ հեքիաթների աշխարհ և դարձնում յուրօրինակ բարի հերոսներ, ովքեր կարող են իրականացնել բոլորի նվիրական երազանքները: Ամանորը մեզ բերում է ամենաուրախ հույզերը և երջանիկ ժպիտները:

     2024 թ.-ի դեկտեմբերի 21-ին մեր տաքուկ օրրանում՝ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում, տոնական եռուզեռ էր: Եկեղեցում հավաքվել էին աշակերտների հարազատներն ու ընկերները՝ վայելելու ավանդույթ դարձած Ամանորյա հանդեսը:

Ավանդաբար այն բաղկացած էր երկու մասից, որի մեկնարկը տրվեց Ս․ Ղևոնդյանց մայր տաճարի հովիվ, արժանապատիվ տեր Խաժակ քահանա Շահբազյանի «Տերունական աղոթք»-ով։

Առաջին և երկրորդ դասարանցիներն իրենց ելույթները նվիրեցին Ամանորին և Սուրբ Ծնունդին: Իրենց մանկական շուրթերով ամփոփեցին վերոհիշյալ տոների խորհուրդները, և քանի որ այդ օրերին բոլորը տոնածառ են զարդարում, փորձցին բացատրել, որ վերջինս դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի: Քրիստոնեական աշխարհում այն կոչվում է նաև Ծննդյան ծառ․ կապվում է Կենդանի Կենաց ծառի` Հիսուս Քրիստոսի հետ։ Գագաթի զարդը խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղը, որը մոգերին առաջնորդում էր դեպի մսուր, որտեղ ծնվելու էր Փրկիչը։ Եվ ինչպես մոգերն ընծաներ բերեցին Քրիստոսին, այնպես էլ մենք ընծաներ ենք բերում Կենաց ծառին` զարդարելով այն:

Որքա՜ն մեծ էր երեխաների ոգևորությունը, երբ անսպասելի կերպով հայտվեց Ձմեռ պապիկը, ով անշուշտ իր հետ բերել էր այնքան սպասված նվերները: Ձմեռ պապիկը նաև երաժշտական անակնկալ մատուցեց բոլորին և իր հրաշալի ձայնով երգեց բոլորիս քաջածանոթ Ամանորյա երգերից մի քանիսը:

Հանդիսության երկրորդ բաժնում մասնակցում էին 3-6-րդ դասարանների աշակերտները, որոնք պատմեցին մանկության քաղցր ու անմոռանալի հուշերի մասին, գովերգեցին ընկերությունը և տվեցին դրա հստակ սահմանումը։ Գեղեցիկ կերպով նկարագրեցին ժպիտի զորությունը և բազմաթիվ մեջբերումներ արեցին հայտնի մարդկանց խոսքերից, որոնց համագումարը Մայր Թերեզայի բնորոշումն էր, որ. «Եկե՛ք ժպիտով ողջունենք միմյանց, քանի որ ժպիտը սիրո սկիզբն է»։

Հայտագրի վերջում Արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարանների հոգևոր տեսուչ և «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանն իր երախտիքի խոսքն ուղղեց ԱՄՆ Արևմտյան թեմի ժրաջան առաջնորդ, գերաշնորհ տ․ Հովնան արք․ Տերտերյանին, որի անմիջական օրհնության ներքո է գործում շաբաթօրյա մայր հաստատությունը։ Ապա իր շնորհակալությունը հայտնեց նաև տ․ Խաժակ քահանա Շահբազյանին, դոկտոր Էլլի Անդրեասյանի գլխավորությամբ բոլոր ուսուցիչներին, ինչպես նաև ծնողներին ու աշակերտներին: Տնօրենը շեշտադրեց, որ «Նոր տարին արտաքնապես թվականի փոփոխություն է, որը ոչ այլ ինչ է քան փիլիոսոփայություն և այն մեր կյանքում էական չէր լինի, եթե ճիշտ այդ օրերին չլիներ Մանուկ Հիսուս Քրիստոսի ծնունդը»։ Ամանորյա տոների ողջ զորությունը Աստվածահայտնությունն է` հույսի, հավատի, սիրո անսպառ աղբյուրը։


     Ապա ներկաներին իր օրհնությունը բաշխեց գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանը։ Սրբազանը մասնավոր գնահատեց աշակերտներին՝ պատգամելով մշտապես լսել ծնողներին, քանի որ նրանք Աստծո ներկայացուցիչներն են իրենց կյանքում։ Հորդորեց հոգով ու սրտով սիրել հայրենիքն ու մայր եկեղեցին: Մաղթեց, որ 2025 թ․-ը լինի խաղաղության, բարության տարի՝ լեցուն աստվածային սիրով ու հրաշքներով:

Մեզ մնում է միայն շնորհակալություն հայտնել Աստծուն անցնող տարվա համար և խաղաղությամբ, մաքուր սրտով, անկեղծությամբ, բարությամբ ու մեծ հավատքով դիմավորել գալիք Նոր տարին ու Ս․ Ծնունդը:

-Քրիստոս ծնվեց ու հայտնվեց։

-Օրհնյալ է ծնունդն ու աստվածահայտնությունը Քրիստոսի։


Վիկտորյա Սաֆարյան

3-րդ դասարանի ուսուցչուհի




コメント


bottom of page