Ռանչո Միրաժի Ս․ Կարապետ եկեղեցին միասնական՝ հավատի, կրթության և հայրենյաց սիրո սուրբ ճանապարհին
- gumruyan
- Sep 8
- 2 min read

ԱՄՆ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությամբ, սեպտեմբերի 7-ին՝ կիրակի օրը, Ռանչո Միրաժի Սուրբ Կարապետ եկեղեցի էին այցելել թեմի շաբաթօրյա վարժարանների հոգևոր տեսուչ և «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցի երկարամյա տնօրեն՝ բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը, և շաբաթօրյա վարժարանների գիտա-կրթական հանձնախմբի ատենապետ՝ դոկտոր Էլլի Անդրեասյանը։

Նրանց այցելությունը մեծ պատիվ և ոգեշնչում եղավ համայնքի համար։
Պատվո հյուրերը, հոգևոր հովվի և ծխական խորհրդի անդամների ուղեկցությամբ, նախ հանդիպեցին շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների ծնողներին։ Եղավ հետաքրքիր ու բովանդակալից զրույց, որի ընթացքում նրանք ներկաներին փոխանցեցին առաջնորդ Սրբազան հոր օրհնությունը, ինչպես նաև փոխանակեցին մտքեր դպրոցի ընդլայման, ուսման պայմանների և հնարավորությունների զարգացման ուղղությամբ։

Այնուհետև հյուրերը շրջեցին դասարաններով, մասնակցեցին օրվա դասերին՝ իրենք էլ դառնալով թե՛ ունկնդիր և թե՛ ուսուցիչ։ Յուրահատուկ ջերմությամբ աշակերտներն իրենց գիտելիքներով զարմացրեցին ներկաներին՝ նրանց հետ մտնելով անմիջական զրույցի, որի շարունակությունը տեղափոխվեց եկեղեցի, ուր սաներից ոմանք սկսեցին սպասավորել կիրակնօրյա պաշտամունքին։
Դպրոցի յուրահատկություններից մեկն էլ այն էր, որ կրթօջախում հայ սովորողներից բացի կար նաև մեկ ամերիկացի աշակերտ, որը եկել էր սերտելու մեր ոսկեղենիկ մայրենին ու բազմադարյա մշակույթը։

Հարկ է նշել, որ դպրոցը լինելով թեմապատկան վարժարանների ցանցում, հավաստագրված է Քոլեջների և Դպրոցների Արևմտյան Ասոցիացիայի կողմից (WASC) և արտացոլում է նաև Արևմտյան թեմի կրթական առաքելությունը՝ խթանել հավատքը, պահպանել մեր ազգային ինքնությունը և ամրապնդել քրիստոնեական կրթության ու հայկական մշակույթի արմատները։
Կարևոր էր նաև այն, որ ուսուցիչների հետ տեղի ունեցավ աշխատանիստ, որի ընթացքում քննարկվեցին մեթոդական, մանկավարժական և կազմակերպչական հարցեր։

Առաքելական ավանդույթի համաձայն, օրվա ավարտը ամփոփվեց սիրո ճաշով, որի շուրջ հյուրերն իրենց տպավորություններն ու նկատառումները կիսեցին ծխական խորհրդի անդամների հետ։ Ատենապետ Կարպիս Հինդոյանը բարձր գնահատեց նման հանդիպումները և խոստացավ, որ պետք է շարունակեն ամեն ինչ անել հանուն մեր վաղվա սերնդի և եկեղեցու բարօրության։
Օգտվելով առիթից՝ Սուրբ Կարապետ եկեղեցու համայնքը իր խորին շնորհակալությունն է հայտնում բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանին և դոկտոր Էլլի Անդրեասյանին՝ իրենց ոգեշնչող խոսքի, քաջալերանքի և անսահման նվիրումի համար քրիստոնեական և մշակութային կրթության այս սուրբ առաքելության նկատմամբ։

Այս օրհնյալ այցելության համար գոհություն ենք հայտնում նաև Աստծուն և վերանորոգում մեր պատրաստակամությունը՝ ձեռ ձեռքի տված ընթանալու հավատքով, շնորհակալությամբ, հարգանքով և նվիրումով։ Մեր որդիական խոնարհումն ենք բերում թեմական առաջնորդ՝ Բարձրաշնորհ Տ. Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանին՝ մշտական աջակցության և հայրական խնամքի համար։
Նմանօրինակ այցելությունները գալիս են վկայելու, որ այս սուրբ կոչմամբ մենք կանգնած ենք միասնական՝ որպես մեկ թեմական ընտանիք, վստահված սրբազան առաքելությամբ՝ դաստիարակելու մեր զավակներին հավատքով, պահպանելու մեր հայկական ինքնությունը և փոխանցելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր և մշակութային գանձերը գալիք սերունդներին։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր նվիրյալ ուսուցիչներին՝ Դավիթ Ասատրյանին և Հերմինե Մնացականյանին՝ իրենց անսահման նվիրումի, համբերության և սիրո համար՝ մեր մանուկներին հավատքի և գիտելիքի ուղով առաջնորդելու գործում։ Նույնպես սրտանց շնորհակալություն ենք հայտնում եկեղեցու ծխական խորհրդի անդամներին և համայնքի ողջ ընտանիքին՝ նրանց մշտական աջակցության, քաջալերանքի և աղոթքների համար, որոնց շնորհիվ իրականություն է դառնում այս սուրբ առաքելությունը։
Թո՛ղ մեր զավակների սրտերում ամբարված հավատքի սերմերն աճեն և ծաղկեն՝ դառնալով ամուր հավատ և սեր՝ Մայր Եկեղեցու և Հայրենիքի նկատմամբ։ Թո՛ղ այդ անգին ժառանգությունը փոխանցվի գալիք սերունդներին՝ ի փառս Սուրբ Եկեղեցու և Ամենակարող Աստծու անվան։
Գևորգ սարկավագ Գևորգյան
Ս․ Կարապետ եկեղեցու հոգևոր սպասավոր
Comments