Ապրելու իրավունք
- 2 days ago
- 2 min read

Ահը սրտերում մի խումբ հալածված,
Քայլում էր հուշիկ՝ վախից կուչ եկած,
Փախած արյունոտ սրից թուրքերի,
Սոսկում են, - Չընկնե՞ն ձեռքը ասկյարի։
Երեք ամսական տղան բարուրում,
Ճչում էր, լալիս, ուտել էր ուզում,
-Կտրեցե՛ք, ձայնը այդ երեխայի,
Թե չէ կմատնի տեղը բոլորի,
Հենց լացի ձայնը թուրքերը լսեն,
Վրա կտան մեզ ու կկոտորեն։
Այսպես սաստեցին բոլոր կողմերից,
Եվ ղեկավարին դիմեցին նորից,
-Թող ջուրը նետեն, ուրիշ ճար չկա,
Միակ միջոցը հենց դա՛ է, որ կա։
Այսքան մարդու կյանք նրանից է կախված,
Այս քայլը հաստատ կների Աստված,
Ո՞ր մի ծնողը այդ բանը կանի,
Երեխային ողջ ո՞նց ջրին հանձնի,
Գետը հոսում էր իր համար հանդարտ,
Կարծես, սպասում փոքրիկին անբախտ։
Սաստող հայացքներ, սպասողական,
-Կամ այս խումբը մեծ, կամ քո երեխան,
Ու հեկեկում էր մայրը սրտաբեկ,
Ինչպե՞ս տա որդուն, ա՜խ, երբե՛ք, երբե՛ք։
Հայրը ստիպված, վերցրեց փոքրիկին,
Մայրը ուշաթափ տապալվեց գետին,
Հայրը բարուրը զգույշ ու կամաց
Հանձնեց ջրերին ու մի պահ սոսկաց։
Գետը, բարուրը մեղմ օրորելով,
Տանում էր առաջ մեղմիկ գգվելով,
Երբ բավական տեղ նրանք գնացին,
Բարուրն ու գետը, ա՜խ, երևացին։
Հայրը բարուրը վերցնելու նետվեց,
Ամբոխը, իսկույն, առաջը փակեց,
-Դու քո փոքրիկին ես ուզում փրկել,
Հապա մի նայիր, քանի փոքրիկներ
Կարող են կորչել։
Երբ երրորդ անգամ բարուրն երևաց,
-Ես էլ չե՛մ կարող, - հայրն ասաց հուզված,-
Եթե չեք ուզում քայլենք մենք ձեզ հետ,
Մենք կհեռանանք մեր փոքրիկի հետ։
Ու հայրը իսկույն ջրի մետ մտավ,
Փոքրիկ տղային նա քնած գտավ,
Գետն էր մեղմորեն նրան օրորել
Ու քաղցր, անուշ վրան քուն բերել։
Մայրը քնքշորեն գրկեց բալիկին,
Արցունքներն առատ թափվում էր դեմքին,
Լաց էին լինում բոլորը հուզված,
Այս ի՞նչ հրաշք էր, որ արեց Աստված,
Գետը շատ ուրախ հոսում էր հանդարտ,
Իր կատարածից, կարծես, շատ հպարտ
Այսքանից հետո ո՞վ դեմ կկանգնի,
Ապրելու իրավունք փոքրիկը ունի։
Լաուրա Խլղաթյան
Լաս Վեգաս





Comments