Կարևոր հրատարակություն (Կարող եք ներբեռնել մեր կայքից)

Մատենադարանի հրատարակչությունը, աջակցությամբ Թովմասյան հիմնադրամի, լույս է ընծայել 12-րդ դարի հայ բժիշկ, բնագետ Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարութիւն» երկի քննական բնագիրը և արդի հայերեն թարգմանությունը։Բնագիրը կազմել, թարգմանել, ծանոթագրել ու ներածությունը հեղինակել է Մատենադարանի գիտաշխատող Կարինե Մոսիկյանը։
«Ջերմանց մխիթարութիւն»-ը համարվում է հայերեն մեզ հասած առաջին ինքնատիպ բժշկագիտական ստեղծագործությունը։ Այս արժեքավոր հանրագիտարան-ձեռնարկը ստեղծվել է 1184 թ. և ամփոփում է ջերմերի մասին այն հիմնական տեղեկությունները, որոնց տիրապետում էր իր ժամանակաշրջանի գիտությունը:
Երկի պահպանված չորս ձեռագիր օրինակները ներկայումս գտնվում են չորս տարբեր գրապահոցներում՝ Երևանի Մատենադարանում (ՄՄ416), Փարիզի Ազգային գրադարանում (№ 246), Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքում (№ 370), Վենետիկի Ս. Ղազար կղզում (№ 1281): Այս նոր հրատարակությունը միավորել է պահպանված բոլոր ձեռագրերը մեկ քննական բնագրում՝ լրացնելով այն հետազոտական ներածականով և երկում կիրառված բազմաթիվ բուսանունների և այլ անծանոթ բառերի մասին ծանոթագրություններով։
Խմբագիրներն են բ.գ.դ. ԳոհարՄուրադյանն ու բ.գ.դ. Հայկանուշ Մեսրոպյանը։
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը և «Թովմասյան» հիմնադրամը երախտագիտություն են հայտնում Զարիկ Պօղօսեանին սույն գրքի հրատարակության աջակցելու համար։
Թղթակցությունը Մատենադարանի
Կարող եք ներբեռնել այստեղ՝





Comments