top of page

Մատենադարանի պատվիրակությունը Շվեյցարիայում է

2 minutes ago
1 min read

Մատենադարանը դառնում է Բիբլիոֆիլների միջազգային ասոցիացիայի անդամ

Պատվիրակության կազմում են Մատենադարանի տնօրենի զարգացման գծով տեղակալ Տաթև Մուրադյանը, գլխավոր ավանդապահ Խաչիկ Հարությունյանը և միջազգային կապերի պատասխանատու Սոնա Բալոյանը։

Պատվիրակությունը ղեկավարում է տնօրեն Արա Խզմալյանը:

Սեպտեմբերի 21-ին Մատենադարանի պատվիրակությունը Ժնևում մասնակցել է Բիբլիոֆիլների միջազգային ասոցիացիայի (Association Internationale de Bibliophilie, AIB) տարեկան համաժողովին։ Ծրագրում ընդգրկված են այցելություններ Շվեյցարիայի նշանավոր գրադարաններ և մասնավոր հավաքածուներ, ինչպես նաև մասնագիտական հանդիպումներ ու դասախոսություններ։

Մատենադարանի անդամակցությունն այս հեղինակավոր միջազգային հարթակին կարևոր հնարավորություն է նոր մասնագիտական կապերի հաստատման, մասնավոր և ինստիտուցիոնալ հավաքածուների հետ համագործակցության զարգացման, ինչպես նաև արտերկրում պահվող հայկական ձեռագրական ժառանգության հայտնաբերման և ուսումնասիրման ուղղությամբ նոր գործընկերությունների ձևավորման առումով։

Այցը տեղի է ունենում հովանավորությամբ «Զովեր Քնսթրաքշն» կազմակերպության:

Այցելության ընթացքում կշարունակվի Մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ALIPH) հետ համագործակցությունը։

2026 թ. սեպտեմբերի 22-ին Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը Դաշինքի տնօրեն Վալերի ֆրելանին ներկայացրեց ALIPH-ի աջակցությամբ տարեսկզբին Մատենադարանում բացված Արաբատառ ձեռագրերի վերականգնման և հետազոտման լաբորատորիայի արդյունքները: Մասնավորապես կարևորվել է հետազոտության ընթացքում բացահայտված նոր տվյալների գիտական իմաստավորման և միջազգայնացման անհրաժեշտությունը, արտասահմանյան փորձագետների ընդգրկման նպատակահարմարությունը:

Արա Խզմալյանը ներկայացրել է նաև գրավոր ժառանգության պահպանման ոլորտում Մատենադարանի դերակատարման ընդլայմանն ուղղված առաջիկա ծրագրերը:

Բարձր գնահատելով լաբորատորիայի գործունեությունը և վերջինիս զարգացմանն ուղղված առաջարկները` Վալերի Ֆրելանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու Մատենադարանի միջազգային առաքելություններին և լաբորատորիայի շարունակական գործունեությանը:

Հանդիպումը նախաձեռնել էր Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:


Թղթակցությունը Մատենադարանի



Comments


© 2023 by HAYLURUSA

Website by

self logo.png
bottom of page