top of page

Հայաստանի ընտրությունները՝ վստահության, անվտանգության և ապագայի խաչմերուկում

  • 3 minutes ago
  • 3 min read

Հայրենիքում ծավալվող խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ մինչ այժմ հրապարակումներ չենք արել, սակայն մշտապես ուշի ուշով հետևել ենք քաղաքական զարգացումներին, հասարակական տրամադրություններին և երկրում ձևավորվող նոր իրողություններին։ Այդ լռության հիմնական պատճառներից մեկն այն էր, որ փորձել ենք մեր ընթերցողներին ոչ թե ուղղորդել կամ պարտադրել որևէ քաղաքական նախընտրություն, այլ հնարավորություն տալ սեփական փորձով, դիտարկումներով և համոզմունքներով կողմնորոշվելու։ Մեր համոզմամբ՝ ժողովրդի գիտակցված ընտրությունն առավել արժեքավոր է, քան ցանկացած քարոզչական ազդեցություն։ Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է, որ հասարակությունը մասնակցի քաղաքական գործընթացներին ոչ թե հիասթափությամբ կամ անտարբերությամբ, այլ պատասխանատվության զգացումով, որովհետև յուրաքանչյուր քվե ոչ միայն քաղաքական ընտրություն է, այլ նաև մասնակցություն մեր պետության վաղվա օրվա, ազգային անվտանգության և ավելի լուսավոր ապագայի կերտմանը։

Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունները թերևս վերջին տարիների ամենաբարդ և ամենաբևեռացված քաղաքական գործընթացներից մեկն է։ Երկիրը մտել  է ընտրական շրջան ոչ միայն ներքին սոցիալ-տնտեսական խնդիրներով, այլ նաև անվտանգային լուրջ անորոշությամբ, արտաքին քաղաքական ճնշումներով և հասարակության ներսում աճող անվստահությամբ։ Այս ընտրությունները շատերի համար այլևս պարզապես իշխանության պահպանման կամ փոփոխության հարց չեն, այլ՝ Հայաստանի հետագա ուղղության ընտրություն։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում է շեշտադրել խաղաղության օրակարգը, տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը և արևմտյան ուղղության զարգացումը։ Սակայն հանրության մի մասի մոտ շարունակում են պահպանվել լուրջ դժգոհություններ՝ կապված անվտանգության խնդիրների, սահմանային լարվածության, Արցախի կորստից հետո ձևավորված հոգեբանական մթնոլորտի և տնտեսական անհավասարության հետ։ Թեև իշխանությունը դեռևս պահպանում է կազմակերպչական առավելություն և վարչական ռեսուրս, ակնհայտ է, որ նախկին տարիների համեմատ նրա հանրային վստահությունը խիստ նվազել է։

Ընդդիմադիր դաշտը մինչդեռ շարունակում է մնալ մասնատված։ Չնայած իշխանության նկատմամբ կոշտ քննադատությանը՝ ընդդիմադիր ուժերը այդպես էլ չկարողացան ձևավորել լիարժեք միասնական քաղաքական բևեռ։

«Հայաստան» դաշինքը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, շարունակում է պահպանել իր հիմնական ընտրազանգվածը՝ հատկապես այն քաղաքացիների շրջանում, որոնք առաջնահերթ համարում են անվտանգության և կոշտ պետական կառավարման հարցերը։ Միևնույն ժամանակ, նույնիսկ նրա քաղաքական հակառակորդները հաճախ հիշատակում են, որ Քոչարյանի իշխանավարման տարիներին Հայաստանը գրանցել էր տնտեսական աճ, ենթակառուցվածքային ակտիվ զարգացում և համեմատաբար կայուն պետական կառավարման համակարգ։ Սակայն մյուս կողմից, դաշինքի հիմնական խնդիրը մնում է նախկին իշխանությունների հետ նույնացվելը։ Հանրության զգալի հատվածի համար այդ քաղաքական բևեռը դեռևս ասոցացվում է հին համակարգի հետ, ինչը սահմանափակում է նոր ընտրողների ներգրավման հնարավորությունը։

Ավելի չափավոր և կենտրոնամետ քաղաքական գիծ է փորձում ներկայացնել Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»։ Վերջին տարիներին Մարուքյանը հաճախ փորձել է հանդես գալ որպես ավելի հավասարակշռված և դիվանագիտական մոտեցումների կողմնակից գործիչ՝ շեշտադրելով ինստիտուցիոնալ բարեփոխումների, արտաքին քաղաքական հաշվենկատության և քաղաքական բևեռացվածության նվազեցման անհրաժեշտությունը։ Թեև նրա քաղաքական ուժը ներկայումս չունի նախկին տարիների բարձր վարկանիշը, այնուամենայնիվ այն շարունակում է ընկալվել որպես առավել կիրթ և բանավեճային քաղաքական մշակույթ ներկայացնող ուժերից մեկը։

Վերջին շրջանում առավել քննարկվող նոր դերակատարներից մեկը դարձել է «Ուժեղ Հայաստան» նախաձեռնությունը՝ գործարար Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորված քաղաքական հարթակը։ Այն փորձում է ներկայանալ որպես ազգային արժեքների, եկեղեցու դերի և ուժեղ պետականության պաշտպան։ Սակայն միևնույն ժամանակ քաղաքական փորձի պակասը և տարբեր շրջանակների կողմից հնչող քննադատությունները կարող են սահմանափակել այդ ուժի ընտրական աճը։ Այնուամենայնիվ, ներկայիս տեղեկատվական դաշտում այն դիտարկվում է որպես խորհրդարան անցնելու իրական շանս ունեցող նոր ուժերից մեկը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն փորձում է վերականգնել իր նախկին դիրքերը քաղաքական դաշտում։ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորված ուժը շարունակում է հենվել սոցիալական օրակարգի, մարզային կապերի և ավանդական ընտրազանգվածի վրա, ինչը կարող է նրան կրկին դարձնել խորհրդարան անցնելու հավակնորդներից մեկը։

Առաջիկա ընտրությունների կարևոր առանձնահատկություններից է նաև եկեղեցի–պետություն հարաբերությունների շուրջ ձևավորված լարված անթույլատրելի մթնոլորտը։ Վերջին մեկ տարվա ընթացքում իշխանության և որոշ հոգևորականների միջև հնչող փոխադարձ քննադատությունները, ինչպես նաև եկեղեցու դերակատարության շուրջ ծավալված քննարկումները, զգալի տեղ են զբաղեցնում քաղաքական օրակարգում։ Մի հատվածը կարծում է, որ եկեղեցին պետք է ակտիվորեն արձագանքի ազգային և հասարակական հարցերին, մինչդեռ մյուսները պնդում են, որ հոգևոր կառույցը չպետք է ներգրավվի քաղաքական պայքարի մեջ։ Այս թեման արդեն դարձել է ոչ միայն գաղափարական, այլ նաև հասարակական բաժանարար գիծ։

Քաղաքական մթնոլորտի վրա ազդեցություն են թողել նաև ձերբակալությունները և քրեական գործերը։ Իշխանությունը դրանք ներկայացնում է որպես օրենքի և պետական կարգի պահպանման քայլեր, մինչդեռ ընդդիմադիր շրջանակները հաճախ խոսում են քաղաքական ճնշումների և ընտրություններից առաջ ուժային մթնոլորտ ձևավորելու մասին։ Թե որքանով այդ գործընթացները կազդեն ընտրողների որոշումների վրա, պարզ կդառնա արդեն ընտրություններից հետո։

Այս ընտրությունները լինելու են ոչ միայն կուսակցությունների, այլ նաև հանրային վստահության քննություն։ Իշխանությունը քննադատվում է անվտանգության և ազգային հարցերում թույլ քաղաքականության համար, իսկ ընդդիմությունը՝ հին մեթոդներով գործելու, նոր գաղափարների պակասի և ներքին անհամաձայնությունների պատճառով։ Դրա հետևանքով շատ քաղաքացիներ այսօր ընտրություն կատարում են ոչ թե մեծ ոգևորությամբ, այլ՝ «ավելի ընդունելի տարբերակ» փնտրելու տրամաբանությամբ։

Անկախ քաղաքական հայացքներից՝ առաջիկա ընտրությունները կարևոր են ամբողջ երկրի համար։ Հանրային դժգոհությունը կամ աջակցությունը պետք է արտահայտվի ոչ թե միայն սոցիալական ցանցերում, այլ նաև ընտրատեղամասերում։ Հայաստանի ապագայի վերաբերյալ որոշումը ձևավորվելու է հենց քաղաքացիների մասնակցությամբ։ Այդ պատճառով կարևոր է, որ բոլորը գնան ընտրությունների, ուսումնասիրեն քաղաքական ուժերի ծրագրերը և իրենց ձայնը տան գիտակցված ու լուրջ պատասխանատվությամբ։


Թղթակից

Comments


© 2023 by HAYLURUSA

Website by

self logo.png
bottom of page