top of page

Քվեարկությունից՝ դատարան

  • 11 minutes ago
  • 1 min read

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական և հետագա հաստատված տվյալների համաձայն՝ իշխանությունը պահպանեց խորհրդարանական մեծամասնությունը։

Սակայն ընտրությունների արդյունքները միանշանակ չընդունվեցին քաղաքական բոլոր ուժերի կողմից։ Ընտրարշավի ընթացքում և քվեարկությունից հետո մամուլում, դիտորդական առաքելությունների զեկույցներում ու քաղաքական ուժերի հայտարարություններում տեղ գտան տեղեկություններ հնարավոր խախտումների, անհավասար մրցակցային պայմանների, ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգերի և ընդդիմադիր գործիչների նկատմամբ ճնշումների մասին։ Թեև միջազգային դիտորդներն ընդհանուր առմամբ արձանագրել են, որ քվեարկությունն անցել է կազմակերպված և մրցակցային պայմաններում, նրանք նույնպես մատնանշել են որոշ խնդիրներ, որոնք դարձել են հետընտրական քննարկումների առարկա։

Ընդդիմադիր ուժերը պնդում են, որ արձանագրված խախտումները կարող էին ազդեցություն ունենալ վերջնական արդյունքների վրա։ Նրանց գնահատմամբ՝ իշխանության ստացած ձայների իրական ծավալը կարող էր լինել ավելի համեստ, քան արտացոլված է պաշտոնական տվյալներում։ Հատկանշական է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նույնիսկ անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասերի արդյունքները, ինչը լրացուցիչ հիմք է տվել ընդդիմությանը՝ պնդելու, որ ընտրական գործընթացի նկատմամբ առկա հարցերը պահանջում են մանրակրկիտ քննություն։

Ընտրություններից հետո մի շարք քաղաքական ուժեր հայտարարեցին, որ պատրաստվում են շարունակել պայքարը իրավական դաշտում։ «Հայաստան» դաշինքն արդեն հայտարարել է Սահմանադրական դատարան դիմելու մտադրության մասին, իսկ այլ ընդդիմադիր ուժեր ևս սկսել են ընտրությունների արդյունքների բողոքարկման գործընթացներ՝ պնդելով, որ առկա են բավարար հիմքեր քվեարկության արդյունքների իրավական վերանայման համար։

Միևնույն ժամանակ, նույնիսկ ընտրություններում հաղթանակ տանելով՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը, ըստ հրապարակված տվյալների, չի ստացել սահմանադրական մեծամասնություն։ Սա նշանակում է, որ իշխանությունը, թեև պահպանել է կառավարություն ձևավորելու իրավունքը, առաջիկա տարիներին սահմանադրական բնույթի որոշումների և հնարավոր փոփոխությունների հարցում ստիպված կլինի հաշվի նստել խորհրդարանում առկա քաղաքական հարաբերակցության հետ, կամ էլ դիմել այլ քայլերի։


Թղթակից

Comments


© 2023 by HAYLURUSA

Website by

self logo.png
bottom of page