top of page

Հիշողության ձայնը «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում

  • 2 days ago
  • 2 min read

Ապրիլի 24-ին լռությունն ավելի խոսուն է, քան բառերը, քանի որ հաճախ դրանք չեն բավարարում արտահայտելու այն ցավը, որը փոխանցվել է սերնդեսերունդ։ Այդ լռության մեջ հնչում են չասված աղոթքներ, չլսված ճիչեր և կորսված կյանքերի հիշողություններ, որոնք ոչ մի խոսք չի կարող ամբողջությամբ փոխանցել։ Այն մոռացության լռություն չէ, այլ խորին հարգանքի և հիշողության դրսևորում, երբ յուրաքանչյուր սիրտ իր ներսում վերապրում է անցյալի ահասարսուռ վերքերը՝ պահպանելով ճշմարտությունն ու անարգված արդարությունը։ Այդ օրը մարդիկ խոսում են աչքերով, զգում առանց բառերի և հիշում առանց սահմանների, որովհետև ցավը դառնում է միասնական հիշողություն, իսկ լռությունը՝ նրա ամենաազնիվ արտահայտությունը։

Ապրիլի 24-ը նաև միասնության օր է։ Աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերը միավորվում են նույն զգացումով՝ հիշելու և պահանջելու մեր ոտնահարված ու անտեսված իրավունքները։ Այդ օրը մենք գիտակցում ենք, որ հիշողությունը միայն անցյալի մասին չէ, այլ նաև ապագայի համար է, որպեսզի նման արհավիրքներ այլևս չկրկնվեն… երանի՜ չկրկնվեն…

Մեծ եղեռնի 111-րդ տարելիցի առթիվ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում, ավանդույթի համաձայն, դասերն սկսվեցին հարգանքի և աղոթքի, սրբոց բարեխոսության արարողությամբ։ Աշակերտներն ավանդաբար եկեղեցի էին եկել ծաղիկներով։ Ս. Ղևոնդյաց Մայր Տաճարում Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությունն ու պատգամը փոխանցեց եկեղեցու հովիվ արժանապատիվ տեր Խաժակ քահանա Շահբազյանը։ Ապա տեր հայրն ընդգծեց, որ «Աստծու հավիտենական պատգամներից մեկը սերն է, որը ոչ միայն զգացում է, այլ աստվածային ներկայություն մարդու սրտում, կոչված՝ լուսավորելու աշխարհը և միավորելու մարդկանց։ Ինչպես գրված է Աստվածաշնչում․ «Աստված սեր է, և ով մնում է սիրո մեջ, Աստծու մեջ է մնում, և Աստված՝ նրա մեջ» (Ա Հովհաննես 4:16)։ Նա շեշտեց, որ այս սերն է կամուրջ դառնում երկնքի ու երկրի միջև, որով հավատացյալը հաղորդակցվում է ոչ միայն Աստծու, այլև Նրա սրբերի հետ։ Սրբոց նահատակները, իրենց կյանքով վկայելով կատարյալ սերը, դարձել են կենդանի օրինակներ և բարեխոսներ, ովքեր կանգնած են Աստծու առաջ՝ աղոթելով մարդկության համար»։

Ապա աշակերտները դպրոցի տնօրեն բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանի առաջնորդությամբ և ուսուցիչների ուղեկցությամբ գնացին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների խաչքարի մոտ՝ իրենց խոնարհումը մատուցելու։ Միասնական «Տերունական աղոթք»-ից հետո «Փոքրիկ հրեշտակներ»-ի քաղցր շուրթերից հնչեցին խմբակային արտասանություններ՝ մեղմ, հուզիչ և միաժամանակ հպարտությամբ լի։ Նրանց ձայները միավորվել էին մեկ ամբողջության մեջ՝ ստեղծելով գեղեցիկ հնչյուն, որը լցրել էր եկեղեցու բակը։ Ամեն բառ արտասանվում էր խոր զգացումով, կարծես յուրաքանչյուր աշակերտ իր սրտից էր խոսում։ Այդ միասնական ձայնի մեջ կար և՛ հիշողություն, և՛ սեր, և՛ հարգանք։ Ներկա ծնողները լուռ էին, որովհետև այդ պահին բառերն ավելորդ էին։ Խմբակային արտասանությունը դարձավ մի փոքրիկ, բայց կարևոր կամուրջ՝ անցյալի և ներկայի միջև։ Այն հիշեցրեց, որ նույնիսկ փոքրիկ շուրթերից հնչող խոսքը կարող է մեծ նշանակություն ունենալ, երբ այն բխում է անկեղծ սրտից։ Ծաղիկների խոնարհումից հետո աշակերտները վերադարձան դասարաններ՝ շարունակելու օրվա խորհուրդն ու պատգամը։

Այս օրը դարձավ ոչ միայն հիշողության, այլ նաև հավատքի, սիրո և ինքնության վերանորոգման պահ, որովհետև Սրբոց նահատակների բարեխոսությամբ և Աստծու սիրո լույսով ամրացած՝ այս սերունդը կոչված է պահելու ճշմարտությունը, փոխանցելու այն և կառուցելու մի աշխարհ, որտեղ արդարությունն ու խաղաղությունը հաղթում են ցավին։


Անի Եղիազարյան

2-րդ դասարանի ուսուցչուհի




Comments


© 2023 by HAYLURUSA

Website by

self logo.png
bottom of page