Հրաժեշտի ակորդ՝ հայ հանճարների ուղեկցությամբ
- 2 hours ago
- 2 min read

Անց են կենում, միայն անմահ
Գործն է խոսվում լավ ու վատ։
Ա՜խ, երանի՝ ով մա՛րդ կգա
Ու մա՛րդ կերթա անարատ։
— Հովհաննես Թումանյան
Կան մարդիկ, ովքեր իրենց ներսում կրում են մի ամբողջ մշակույթ և այն անմնացորդ նվիրում ուրիշներին։ Եվ լինում են մշակութային երեկոներ, որոնք ժամանակի մեջ չեն կորչում, այլ դառնում են հիշողության թանկարժեք մասունք։
Այդպիսին էր տիկին Լաուրա Խլղաթյանի կազմակերպած «Մեր Մեծերը» խորագրով երեկոների ամփոփիչ և եզրափակիչ միջոցառումը։
Այն ոչ թե պարզապես հաշվետու երեկո էր, այլ մի ամբողջ կյանքի վաստակի ամփոփում, որն իր մեջ խտացրել էր հայ գրականության ոսկեդարն ու արդիականությունը։
Պատրաստվել էր նաև «Մեր Մեծերը» խորագրով ստենդ, որտեղից մեզ էին նայում մեր հանճարները։ Իսկ երեկոյի վարողի շուրթերից հնչող յուրաքանչյուր խոսք կամուրջ էր դառնում ներկայի և անցյալի միջև։

Տիկին Լաուրա Խլղաթյանը, ով տարիներ շարունակ (2014 թվականից մինչ օրս) իր ուսերին է կրել մշակութային այս լուսավոր բեռը, վարում էր միջոցառումն այնպիսի ներշնչանքով, կարծես հենց ինքն էր կենդանի կամուրջը մեր և հանճարների միջև։
Միջոցառումը բացվեց Հովհաննես Թումանյանի իմաստուն տողերով․
Կժերն ուսած՝ թռվռալով
Ջուրն են իջնում աղջիկներ,
Խնդում իրար ուսի տալով,
Երգը զնգում սարն ի վեր։
Եվ հանդիսատեսը, մի մարդու պես, Տեր Նարեկի ղեկավարությամբ երգեց․
Ամպի տակից ջուր է գալիս,
Դոշ է տալիս, փրփրում,
Էն ո՞ւմ յարն է նստած լալիս
Հոնգուր-հոնգուր էն սարում։
Ամենայն հայոց բանաստեղծի կողքին իրենց պատվավոր տեղն էին զբաղեցրել նաև Իսահակյանի լիրիկան և Տերյանի նուրբ աշունը։
Այնուհետև բեմը ողողվեց Պարույր Սևակի խորությամբ։ Սևակյան անդավաճան սերը մոր հանդեպ՝ «Մոր ձեռքերը» բանաստեղծության միջոցով, ստիպեց բոլորիս հուզվել։
Թող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պես
Խա՛ս ձեռքերը։
Դահլիճում լռություն տիրեց՝ լցված երախտագիտությամբ ու ջերմությամբ։ Սևակյան ուժին հաջորդեց Չարենցի հուրը։ Երեխաները կարդացին նրա կրակոտ բանաստեղծությունները։
Իսկ Գեղամ Սարյանի «Մարտիկի երգը», որը կատարեց Տեր Նարեկը, հուզեց բոլորին։
Հայրենիքն իմ սրտում,
Թե չընկնեմ ես մարտում,
Ա՜խ, իմ մայր թանկագին,
Տուն կգամ ես կրկին,
Կսփոփեմ քո հոգին
Համբույրով սրտագին,
Կսեղմեմ քեզ իմ կրծքին։

Հայրենասիրության գագաթնակետը Հովհաննես Շիրազի «Մասի՛ս, Մասի՛ս» և «Իմ սուրբ հայրենիք» գործերն էին։ Դրանք սոսկ բանաստեղծություններ չէին, այլ հայ լինելու հպարտության դասեր։
Սայաթ-Նովայի և Ջիվանու ներկայությունը երեկոյին հաղորդեց ազգային իսկական երանգ։
Իմ ձախորդությանս մի՛ խնդա, ընկե՛ր,
Քեզ էլ կպատահի այդ բանը մեկ օր,
Դու վարը կնստես, ինձ կկանչեն վեր,
Բախտերս կփոխե շրջանը մեկ օր։
Աշուղ Ջիվանու յուրաքանչյուր խոսք մի ամբողջ փիլիսոփայություն է։ Պատահական չէ, որ նրան անվանում են բոլոր ժամանակների աշուղ։
Միջոցառման ողջ ընթացքում երաժշտությունը ոչ թե պարզապես լրացնում, այլ կենդանացնում էր խոսքը։ Երեկոյի ընթացքում երգողներին նվագակցեց մաեստրո Գարիկ Հովակիմյանը։
Եկեղեցու երգչախմբի բյուրեղյա ձայները, անհատ կատարողների հուզականությունն ու հանդիսատեսի միասնական երգեցողությունը ստեղծել էին մի յուրահատուկ ներդաշնակություն։
Յուրաքանչյուր բանաստեղծությունից հետո հնչող երգերը լրացնում էին խոսքը՝ այն վերածելով աղոթքի։

Եվ հանկարծ հնչեց հայտարարությունը, որը սթափեցրեց բոլորին․
— Սա վերջինն էր։
Տիկին Լաուրան, ով տարիներ շարունակ անձնվիրաբար կազմակերպել է նման միջոցառումներ, որոշեց դնել իր վերջակետը կամ գուցե՝ բազմակետը:
Եվ թեև նա ասաց «վերջին», մենք գիտենք, որ այն սերմերը, որոնք նա ցանել է մեր երեխաների հոգիներում, դեռ երկար պտուղ են տալու։
-Սիրելի՛ տիկին Լաուրա Խլղաթյան,
Դուք այս տարիների ընթացքում եղել եք մեր «Մեծերի» դեսպանը մեր օրերում։ Այս վերջին երեկոն Ձեր ստեղծած գեղեցկության խտացումն էր։
Թեև Դուք հայտարարեցիք ավարտի մասին, սակայն այն սերմերը, որոնք դրել եք մեր երեխաների հոգիներում, շարունակելու են ծաղկել ու պատմել Ձեր նվիրումի մասին։
Շնորհակալ ենք Ձեզ՝ մեր հոգիները հայերենով ու լույսով ողողելու համար։
Անահիտ Աբրահամյան
Լաս Վեգաս





Comments