top of page

Երբ Զատիկը դառնում է ապրում․ Ֆրեզնոյի փոքրիկների մեծ տոնը

  • 2 days ago
  • 2 min read

Ֆրեզնոյի Սուրբ Պողոս եկեղեցու շաբաթօրյա վարժարանի սաներն այս տարի մեծ ոգևորությամբ և նվիրումով մասնակցեցին Սուրբ Զատիկի շաբաթվա բոլոր արարողություններին՝ իրենց ակտիվ ներկայությամբ խանդավառելով համայնքային և հոգևոր կյանքը։

Տոնական շաբաթը մեկնարկեց Ծաղկազարդի ուրախ և խորհրդավոր մթնոլորտում։ Կրթօջախի ուսուցիչները, ծնողները և աշակերտները նախօրոք մեծ սիրով և խնամքով պատրաստել էին շուրջ 350 գեղեցիկ մոմ, որոնք ոչ միայն զարդարում էին եկեղեցին, այլև խորհրդանշում էին լույսը, հավատը և նոր կյանքի սկիզբը։ Ուսուցիչների, ծնողների և երեխաների ձեռքով պատրաստված յուրաքանչյուր մոմ յուրահատուկ էր՝ արտահայտելով նրանց ստեղծագործ միտքը և հոգևոր ներշնչանքը։ Ծաղկազարդի միջոցառման ընթացքում բոլոր սաներին իր օրհնությունը բաշխեց եկեղեցու բարեխրատ հովիվ, արժանապատիվ Տեր Եսայի քահանան։

Դպրոցականներն ակտիվորեն մասնակցեցին Ավագ Շաբաթվա յուրաքանչյուր օրվա խորհրդին՝ զգալով առաքելական շրջանի շունչը և Տիրոջ երկրային կյանքի մանրամասները։ Աշակերտների համար ուսուցողական էին Տաս կույսերի առակը, Ոտնլվայի արարողությունը, խավարման գիշերը և թաղման կարգին մասնակցելը։

Սուրբ Հարության պատարագը նույնպես անցավ մեծ շուքով․ եկեղեցին լեցուն էր հավատացյալներով։

Վարժարանի սաները մասնակցեցին Սուրբ Պատարագին։ Այնուհետև ավանդական տոնախմբությունը շարունակվեց եկեղեցու բակում։ Նրանք երգեցին հայրենասիրական, հոգևոր և ազգային երգեր, որոնց մեղեդիները լցրին եկեղեցու բակը՝ ջերմությամբ ու հույսով։ Արտասանեցին բանաստեղծություններ՝ նվիրված Հիսուս Քրիստոսի Հարության տոնին՝ ներկայացնելով օրվա խորհուրդը մանկական անմիջականությամբ ու խոր զգացումով։ Ազգային պարերի կատարումները ևս առանձնահատուկ տեղ ունեցան, երբ երեխաները հայկական ավանդական պարախաղերով փոխանցեցին ազգային ոգին և տոնի ուրախ տրամադրությունը։ Սպիտակ նապաստակի անակնկալ ներկայությունը զվարճացրեց բոլորին։ Այնուհետև կազմակերպվեց ավանդական հավկթախաղ, որը մեծ ոգևորություն առաջացրեց թե՛ երեխաների, թե՛ ներկա մեծահասակների շրջանում։ Զատկական ձվերը՝ կարմիր, գեղեցիկ զարդարված, դարձան սիրո, հաղթանակի և Հարության խորհրդանիշը։

Այս ամբողջ ընթացքում նկատելի էր երեխաների միասնականությունն ու համատեղ համագործակցությունը։ Նրանք ոչ միայն սովորում էին հայկական ավանդույթներն ու եկեղեցական տոները, այլև ապրում էին դրանք՝ դառնալով իրենց մշակույթի և հավատքի կրողները։ Ուսուցիչների և ծնողների աջակցությամբ ստեղծված ջերմ միջավայրը նպաստեց, որ յուրաքանչյուր երեխա իրեն զգա կարևոր և ներգրավված այս ամենին։

Ֆրեզնոյի Սուրբ Պողոս եկեղեցու շաբաթօրյա վարժարանի այս ակտիվ մասնակցությունը ևս մեկ անգամ վկայեց, որ հայկական կրթությունն ու հոգևոր դաստիարակությունը շարունակում են ապրել և զարգանալ սերունդների միջոցով։ Զատկի լույսն ու ավետիսը այս երեխաների սրտերում ոչ միայն տոնական օրերի հիշողություն են, այլև հավատքի և հույսի մշտական ուղեցույց։

Կեցցե՛ն վարժարանի ուսուցիչները՝ իրենց տքնաջան աշխատանքով և նվիրվածությամբ, ծնողները՝ իրենց ուշադրությամբ և աջակցությամբ, հայ անուշիկ սաները՝ իրենց խելացիությամբ և ազգային ավանդույթները պահպանելու ոգով։


Մարգարիտ Դումանյան

Ֆրեզնոյի Սուրբ Պողոս եկեղեցու շաբաթօրյա վարժարանի տնօրեն


Comments


© 2023 by HAYLURUSA

Website by

self logo.png
bottom of page