«Չտալ խավարին վերջին խոսքը»․ Բրբենքում ազգային ոգու և հիշողության հզոր երեկո՝ նվիրված Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին
- 3 minutes ago
- 3 min read

2025 թ․-ի մայիսի 8-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդարանի «Գալաճյան» սրահում տեղի ունեցավ Արցախի թեմի երկարամյա նախկին առաջնորդ, բարձրաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին նվիրված «Չտալ խավարին վերջին խոսքը» գրքի շնորհանդեսը։ Երեկոն վերածվել էր ազգային հիշողության, հավատքի և երախտագիտության բացառիկ հավաքի՝ միավորելով շուրջ 200 հյուրերի՝ մտավորականների, մշակույթի, արվեստի գործիչների, երիտասարդների, հոգևորականների, նախկին զինվորականների, ինչպես նաև համայնքային ու քաղաքական դեմքերի։
Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի անունը վաղուց արդեն դուրս է եկել սովորական հոգևորականի կերպարի սահմաններից։ Նա հատկապես միջին սերնդի համար եղել է ազգային կամքի, տոկունության և հոգևոր ուժի կենդանի խորհրդանիշ։ Արցախյան պատերազմի ամենադժվար տարիներին նրա խոսքը մարդկանց համար ոչ միայն աղոթք էր, այլ նաև պայքարի կոչ, հավատ ներշնչող ուժ և ազգային արժանապատվության ձայն։ Շատերի համար նա եղել և մնում է այն անհատը, որը պատերազմի, ցավի և կորուստների միջով առաջնորդում էր ժողովրդին՝ հույս չկորցնելու պատգամով։
Խորհրդանշական էր նաև օրվա ընտրությունը։ Մայիսի 8-ը հայ ժողովրդի հաղթանակների ու ազգային ոգու վերածննդի օրերից մեկն է՝ կապված Շուշիի ազատագրման և մայիսյան հերոսական հաղթանակների հիշատակի հետ։ Այդ պատճառով միջոցառումն ուներ ոչ միայն մշակութային, այլև խոր ազգային և հայրենասիրական խորհուրդ։
Երեկոյի ընթացքում առանձնահատուկ ուշադրության արժանացավ նաև գրքի բովանդակային ու գաղափարական նշանակությունը։ Նշվեց, որ «Չտալ խավարին վերջին խոսքը» գիրքը հրատարակվել է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, ինչը կարևոր քայլ է Պարգև Սրբազանի հոգևոր և ազգային ուղերձը ոչ միայն հայ հանրությանը, այլև միջազգային շրջանակներին հասցնելու համար։
Հանդիսության սկզբում, Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, բարձրաշնորհ Տ․ Հովնան արք Տերտերյանի խոսքը ներկաներին ընթերցեց արժանապատիվ Տ․ Նժդեհ քահանք Քեշիշյանը։
Միջոցառման գլխավոր վարողն ու գրքի հեղինակն էր լրագրող Աշոտ Պողոսյանը, որի խոսքը հագեցած էր խոր հարգանքով, ապրումով և հիշողություններով։ Նրա ելույթը ներկաների համար դարձավ ոչ միայն գրքի ներկայացում, այլ սրտից եկող վկայություն մի մարդու մասին, որն իր կյանքով ու ծառայությամբ դարձել է ազգային արժանապատվության խորհրդանիշ։
Երեկոյի կարևոր ու տպավորիչ հատվածներից մեկը բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նորյար Պողոսյանի ելույթն էր։ Նա ներկայացրեց գրքի հայերեն տարբերակի ստեղծման ընթացքը՝ ընդգծելով, որ իր կատարած աշխատանքը պարզապես թարգմանություն չէ, այլ իսկական «հայացում»։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր միտք, յուրաքանչյուր բառ փորձ է արվել փոխանցել հայ հոգևոր ու ազգային մտածողության շնչով՝ պահպանելով գրքի գաղափարական խորությունը և ներքին հուզական ուժը։ Նորյար Պողոսյանը կատարեց նաև գրքի բանասիրական քննությունը՝ անդրադառնալով գաղափարական և գեղարվեստական առանձնահատկություններին, ինչն առանձնահատուկ հետաքրքրությամբ ընդունվեց ներկաների կողմից։
Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան նաև համայնքային ու քաղաքական տարբեր գործիչներ։ Ներկա էին Լոս Անջելեսի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, որոնք շնորհակալագրեր և հավաստագրեր հանձնեցին թե՛ Պարգև Սրբազանին, թե՛ գրքի հեղինակ Աշոտ Պողոսյանին՝ արժևորելով նրանց երկարամյա ծառայությունն ու ազգային ներդրումը։
Միջոցառման հաջորդ վարողներից էր տիկին Մարգարիտա Խլղաթյանը, որն իր ջերմ ու մշակութային շնչով ավելի հուզական դարձրեց երեկոյի ընթացքը։ Նա հանդես եկավ նաև երաժշտական կատարումներով, որոնք սրահում ստեղծեցին առանձնահատուկ մթնոլորտ՝ լի կարոտով, հիշողությամբ և ազգային զգացումով։
Փառահեղ էր նաև Սարգիս սարկավագ Մեսրոպյանի խոսքը, որը համայնքում հայտնի բժիշկ է և հոգևոր ծառայող։ Նրա ելույթը առանձնանում էր խոր հոգևոր մտքերով և մարդկային ջերմությամբ։ Նա խոսեց Պարգև Սրբազանի այն բացառիկ կերպարի մասին, որը կարողացել է միավորել հավատքը, հայրենասիրությունն ու ժողովրդի ցավը մեկ ամբողջության մեջ։ Կարոտով հիշեց նաև իր ձեռնադրությունը, որը տարներ առաջ եղել էր Գանձասարի վանքում՝ Պարգև սրբազանի ձեռամբ։
Երեկոյի ամենահուզիչ պահերից մեկը դարձավ հենց Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եզրափակիչ խոսքը։ Նրա ելույթը կարծես ամբողջ կյանքի փորձառության, ցավի, պայքարի և հավատքի խտացված պատգամ լիներ՝ ուղղված ներկաներին։ Սրահում տիրում էր լռություն, իսկ շատերի աչքերում՝ հուզմունք։ Նրա խոսքերը ոչ միայն հիշողություն էին անցյալի մասին, այլ նաև պատգամ ապագային՝ չկորցնել հավատը, ազգային ոգին և հայրենիքի հանդեպ պատասխանատվությունը։

Այդ երեկոն պարզապես գրքի շնորհանդես չէր։ Այն հիշողության, հավատքի և ազգային ոգու վերարթնացման մի յուրահատուկ ուխտ էր։ «Գալաճյան» սրահում այդ օրը հավաքված մարդիկ եկել էին ոչ միայն հարգելու Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, այլ նաև վերագտնելու այն ուժը, որով հայ ժողովուրդը դարեր շարունակ հաղթահարել է պատերազմներ, կորուստներ ու խավարի ժամանակներ։
Պարգև արքեպիսկոպոսի խոսքն ու կերպարը այդ երեկոյի ընթացքում կրկին հիշեցրին, որ ազգերը չեն ապրում միայն հողերով ու սահմաններով․ ազգերն ապրում են իրենց հավատքով, հիշողությամբ և այն մարդկանցով, ովքեր ամենածանր օրերին կարողանում են դառնալ ժողովրդի հոգևոր ողնաշարը։ Նա այն սերնդի ձայնն է, որը չընկրկեց, չլռեց և չհանձնվեց նույնիսկ ամենադաժան փորձությունների առաջ։
«Չտալ խավարին վերջին խոսքը» խորագիրը այդ երեկո այլևս միայն գրքի անուն չէր։ Այն դարձավ պատգամ՝ ուղղված ամբողջ հայ ժողովրդին։ Պատգամ՝ երբեք չհանձնվել հուսահատությանը, երբեք չմոռանալ մեր հերոսներին, մեր եկեղեցին, մեր հայրենիքը և մեր ազգային արժանապատվությունը։
Քանի դեռ հայ ժողովրդի մեջ ապրում են նման հոգևոր առաջնորդներ, քանի դեռ հայ երիտասարդը լսում է իր պատմության ձայնը, քանի դեռ մեր եկեղեցին շարունակում է լինել ազգային ոգու ամրոցը՝ ոչ մի խավար չի կարող ունենալ վերջին խոսքը։ Այն միշտ պատկանելու է հայ ժողովրդի հավատքին, նրա աննկուն պայքարին և հարության անկոտրում կամքին։

Թղթակից





Comments