top of page

Փալմդելում հիմնված շաբաթօրյա դպրոցը՝ հայ համայնքի վերածննդի նոր օջախ

  • Apr 28
  • 2 min read

2026 թ․-ի սկզբին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությամբ Կալիֆորնիայի Փալմդել քաղաքում հիմնվեց շաբաթօրյա հայկական դպրոց։ Թեև համայնքը դեռևս չունի սեփական եկեղեցի և լիարժեք պայմաններ, սակայն լծվել է կարևորագույն առաքելության, որի առաջին պտուղներն արդեն տեսանելի են։ Այս նախաձեռնությունը ծնունդ է առել համայնքային նվիրումից և ազգային ինքնությունը պահպանելու գիտակցված ձգտումից՝ նպատակ ունենալով դառնալ հայ մանուկների կրթական ու հոգևոր ձևավորման ամուր հենարան։

Դպրոցի գործունեությունը միտված է ոչ միայն գիտելիքի փոխանցմանը, այլև հայեցի դաստիարակության, մայրենի լեզվի պահպանման և ազգային արժեքների ամրապնդմանը։ Չնայած համեստ պայմաններին՝ այստեղ ստեղծվել է այնպիսի միջավայր, որտեղ երեխաները հնարավորություն ունեն ճանաչելու իրենց մշակույթը, եկեղեցական ավանդույթները և պատմական ժառանգությունը՝ դրանք դարձնելով իրենց առօրյա կյանքի անբաժանելի մասը։ Այս կարևոր առաքելության իրականացման գործում իր մշտական աջակցությունն է ցուցաբերում նաև այցելու հովիվ՝ արժանապատիվ Տ. Զավեն քահանա Մարկոսյանը։

Կրթօջախն իր հիմնադրման առաջին օրվանից լծվել է իր սրբազան գործին՝ դառնալով համայնքի համախմբման կարևոր կենտրոն։ 2025 թվականի ապրիլի 4-ին դպրոցի սաների և ծնողների մասնակցությամբ նշվեց Ծաղկազարդն ու Սուրբ Հարության տոնը։ Միջոցառումը դարձավ կարևոր առիթ՝ երեխաներին ներկայացնելու հայկական տոնակատարությունների խորհուրդը, ազգային ավանդույթներն ու մշակույթը։

Օրվա ընթացքում երեխաները մասնակցեցին տարբեր խաղերի, ստեղծագործական աշխատանքների, ինչպես նաև զարդարեցին փոքրիկ ծառեր՝ խորհրդանշելով գարնան վերածնունդն ու կյանքի շարունակականությունը։ Ուսուցչուհի Աննա Գասպարյանի և դպրոցի տնօրեն Օկսաննա Սարգսյանի նվիրված աշխատանքի շնորհիվ միջոցառումն անցավ ջերմ ու համախմբված մթնոլորտում։

Աննկարագրելի խանդավառություն առաջացրեց հավկթախաղը, որը կարծես մրցակցություն չէր, այլ ուրախության կենդանի ալիք՝ փոխանցվող մեկից մյուսին։ Շուրջպարը վերածվել էր մի շղթայի, որը միավորում էր բոլորին՝ մեկ ընդհանուր շարժման մեջ, իսկ ծառզարդարումն իր մեջ կրում էր խոր խորհրդանշական իմաստ․ այն նման էր հույսի և վերածննդի մի ընթացքի, որտեղ յուրաքանչյուր զարդ կարծես մի նոր երազ էր՝ կախված կյանքի ծառից։ Ավանդական խաղերը կենդանացրին անցյալը՝ ինչպես հին երգերի մեղեդիները, որոնք նոր շունչ են ստանում նոր սերնդի շուրթերին։

Փոքրիկ բեմականացումները և ուժի ցուցադրությունը խանդավառեցին ոչ միայն աշակերտներին, այլև ներկա ծնողներին՝ ստեղծելով համընդհանուր ուրախության և հպարտության մթնոլորտ։

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցեց, որ դպրոցի ներկայությունը համայնքում ունի խանդավառող և միավորող նշանակություն։ Այն արդեն դարձել է այն հենասյունը, որի շուրջ ձևավորվում է համայնքային կյանքը և ավելի է ամրապնդվում սեփական հայկական եկեղեցի ունենալու ցանկությունը։

Այսօր, շարունակվող դասերին զուգահեռ, աշակերտները պատրաստվում են տարեվերջյան հանդեսին, որը տեղի կունենա մայիսի 30-ին։ Դպրոցի մեծ ընտանիքը համոզված է, որ այս նորաստեղծ կրթօջախը կդառնա շրջանի կարևորագույն կրթամշակութային կենտրոններից մեկը՝ պահպանելով և փոխանցելով հայ ինքնության անխամար լույսը հաջորդ սերունդներին։


Օկսաննա Սարգսյան

Comments


© 2023 by HAYLURUSA

Website by

self logo.png
bottom of page