top of page

Փալմդելի նորաբաց դպրոցի առաջին հանդսեը նվիրված էր հայոց մայրերին

  • 11 minutes ago
  • 2 min read

2026 թ․-ի մայիսի 31-ին Փալմդելի Շաբաթօրյա Հայկական Դպրոցում տեղի ունեցավ ուսումնական տարվա ավարտական հանդիսությունը՝ նվիրված մայրերին։ Միջոցառումը համախմբել էր աշակերտներին, ծնողներին, տատիկներին ու պապիկներին, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչներին՝ ստեղծելով ջերմ, ընտանեկան և ազգային շնչով լի մթնոլորտ։

Հանդեսը բացվեց դպրոցի տնօրեն Օկսաննա Սարգսյանի ողջույնի խոսքով, ուր նա շնորհակալություն հայտնեց ծնողներին, ուսուցիչներին և բոլոր աջակիցներին՝ ընդգծելով, որ ընդամենը մի քանի ամիսների ընթացքում դպրոցը կարողացել է ձևավորել գեղեցիկ կրթական միջավայր և դառնալ համայնքի հայ ընտանիքներին միավորող կարևոր կենտրոն։ Հատկանշական է, որ Փալմդելի Շաբաթօրյա Հայկական Դպրոցը բացվել է այս տարվա հունվարին։ Քանի որ համայնքը չունի սեփական եկեղեցին, դասերն անց են կացվում հունական եկեղեցու տարացքում, սակայ դպրոցի գործունեության և ամբողջ տարվա հովանավորության պատասխանատվությունն ստանձնել է ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարանը՝ բարձրաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի գլխավորությամբ։

Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարանների հոգևոր տեսուչ, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը, Շաբաթօրյա վարժարանների կրթական հանձնախմբի պատասխանատու դոկտոր Էլլի Անդրեասյանը, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր և համայնքի անդամներ։

Ծրագրի ընթացքում երեխաները ներկայացրին մայրերին նվիրված երգեր, բանաստեղծություններ և շնորհակալության խոսքեր՝ արտահայտելով իրենց սերն ու երախտագիտությունը մայրական անսահման սիրո, հոգատարության և նվիրումի հանդեպ։ Հատկապես հուզիչ էր այն պահը, երբ մայրերին նվիրված բանաստեղծությունների ընթացքում բոլոր աշակերտները վարդեր նվիրեցին իրենց մայրիկներին։

Հանդիսության կարևոր հատվածներից էր նաև Հովհաննես Թումանյանի «Պոչատ Աղվեսը» ստեղծագործության բեմադրությունը, որը փոքրիկները ներկայացրին մեծ ոգևորությամբ և դերասանական գեղեցիկ խաղով։ Երեխաները հանդես եկան նաև երաժշտական աննման կատարումներով․ դհոլով ներկայացրին «Դիլիջան» ստեղծագործությունը, իսկ կլարնետի հնչյուններով հանդիսատեսին փոխանցեցին հոգևոր երաժշտության խաղաղ և վեհ տրամադրությունը։ Ծրագիրն ամբողջացավ արտասանություններով, որոնք ջերմ ընդունելության արժանացան ներկաների կողմից։

Միջոցառման ավարտին իր սրտի խոսքն ասաց բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը՝ ներկաներին փոխանցելով թեմական առաջնորդ, գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությունն ու բարեմաղթանքները։ Նա բարձր գնահատեց եկեղեցու հոգաբարձուների, դպրոցի տնօրենի գլխավորությամբ ամբողջ մանկավարժական կազմի, ինչպես նաև ծնողների և աշակերտների նվիրումն ու հետևողական աշխատանքը, որոնց շնորհիվ կարճ ժամանակում հնարավոր եղավ արձանագրել տեսանելի հաջողություններ։

Հովհաննես Սարկավագը շեշտեց, որ դպրոցի զարգացումն ու առաջընթացը յուրաքանչյուրի մասնակցությունն ու աջակցությունն է պահանջում։ Նա բոլոր ներկաներին կոչ արեց դառնալ դպրոցի յուրօրինակ առաքյալները՝ համայնքում տարածելով կրթօջախի գործունեության և հաջողությունների մասին լուրը, նոր ընտանիքների ներգրավելով հաստատության կյանքին։ Նա հույս հայտնեց, որ օգոստոսի 15-ին մեկնարկող նոր ուսումնական տարում դպրոցի աշակերտների թիվը զգալիորեն կավելանա և կքառապատկվի։

Իր խոսքում դոկտոր Էլլի Անդրեասյանը կարևորեց մայրենի լեզվի ուսուցման, ազգային ինքնության պահպանման և հայեցի դաստիարակության նշանակությունն սփյուռքում։ Նա բարձր գնահատեց դպրոցի տնօրինության, ուսուցիչների և ծնողների համատեղ ջանքերը՝ նշելով, որ նման կրթական օջախները կենսական դեր ունեն հայ համայնքի ներկայի և ապագայի կերտման գործում։

Միջոցառումն անցավ հուզիչ և հիշարժան մթնոլորտում՝ ևս մեկ անգամ հաստատելով հայկական դպրոցի կարևոր առաքելությունը։ Այն ավարտվեց Հովհաննես սարկավագի առաջնորդությամբ կատարված Տերունական աղոթքով, որի ընթացքում ներկաները միասնական աղոթք բարձրացրին առ Աստված՝ հայ ժողովրդի, ընտանիքների, դպրոցի և նրա առաքելության հաջող ընթացքի համար։


Օքսաննա Սարգսյան

Փալմդելի շաբաթօրյա դպրոցի տնօրեն


Comments


© 2023 by HAYLURUSA

Website by

self logo.png
bottom of page