top of page

35 տարի՝ հայերենով ու հավատով

2 minutes ago
3 min read

2026 թ․ սեպտեմբերի 20-ը Ֆրեզնոյում սովորական մի գեղեցիկ օր չէր… Այն Սուրբ Պողոս Հայաստանյայց Առաքելական եկեղեցու 35-ամյա շաբաթօրյա վարժարանի տարեգրությունը հարստացրեց ևս մեկ լուսավոր ու հիշարժան էջով։

Առավոտից եկեղեցում տիրում էր անսովոր աշխուժություն։ Տոնական եռուզեռը, ուրախ ձայները, ժպիտներն ու հուզված հայացքները կարծես միախառնվել էին՝ ստեղծելով այն յուրահատուկ մթնոլորտը, որ ծնվում է միայն իսկապես կարևոր ու նշանակալից պահերին։

35 տարի…

Երեք ու կես տասնամյակ՝ նվիրված հայ մանուկների կրթությանը, հայոց լեզվի պահպանմանը, մեր մշակույթի ու ազգային ինքնության սերմերը նոր սերունդների հոգիներում արմատավորելուն։ Տարիների ընթացքում վարժարանի դռներից ներս են մտել բազմաթիվ փոքրիկներ և այնտեղից հեռացել արդեն հասունացած՝ գիտելիքով զինված ու իրենց հայկական ինքնությունը հպարտորեն կրող երիտասարդներ։ Եվ այսօր այդ երկարամյա ճանապարհին արձանագրվեց մի նոր ու առանձնահատուկ հանգրվան։

Շաբաթօրյա վարժարանի 35-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ չորս շրջանավարտ՝ Լուիզա Քյութունյանը, Ռոբերտ Աճեմյանը, Դավիթ Փանոյանը և Արման Մարտիրոսյանը, ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարանի կողմից ստացան Դպրոցների և քոլեջների արևմտյան ասոցիացիայի (Western Association of Schools and Colleges — WASC) կողմից ճանաչված ավարտական վկայականներ։

Սակայն այդ փաստաթղթերը շատ ավելին էին, քան ուսումնառության ավարտի պաշտոնական հավաստումը։

Դրանց յուրաքանչյուր տողում կարծես ամփոփված էին տարիների աշխատանքը, դասերի ու հանձնարարությունների դժվարությունները, ուսուցիչների համբերությունն ու նվիրումը, ծնողների անսպառ աջակցությունը և, ամենակարևորը, մեր աշակերտների ջանքն ու հաստատակամությունը։

Պահը հուզիչ էր ոչ միայն շրջանավարտների, այլև նրանց ծնողների, ուսուցիչների, հարազատների և ամբողջ համայնքի համար։ Երբ տարիների աշխատանքը վերածվում է շոշափելի արդյունքի, ուրախությունը դառնում է համընդհանուր, իսկ ձեռքբերումը՝ բոլորինը։

Կրթօջախում ձևավորված երկարամյա ավանդույթի համաձայն՝ դպրոցի կարևորագույն միջոցառումներն անցկացվում են կիրակի օրերին։ Ժամերգությամբ, ապա Սուրբ Պատարագով մեկնարկած օրն առավել խորհրդանշական էր, քանի որ համընկնում էր նաև մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձին։ Հանրապետական մաղթանքից հետո եկեղեցու բարեխրատ հովիվ, արժանապատիվ Տ․ Եսայի քահանա Պետրոսն իր հոգևոր պատգամի ավարտին նշեց, որ ԱՄՆ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի օրհնությամբ հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Առաջնորդարանի շաբաթօրյա վարժարանների հոգևոր տեսուչ, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը։ Վկայականների հանձնումից հետո կրթարանի տնօրեն տիկին Մարգարիտ Դումանյանն իր ջերմ ու սրտաբուխ շնորհավորանքները, բարեմաղթանքներն ու ոգևորող խոսքերն ուղղեց շրջանավարտներին, ծնողներին և դպրոցի բարերարներին, որից հետո խոսքը փոխանցեց Հովհաննես սարկավագին։ Վերջինս ներկաներին փոխանցեց առաջնորդ Հովնան Սրբազանի հայրական օրհնությունները, ապա, դիմելով շրջանավարտներին, ընդգծեց, որ դպրոցի ավարտը պետք է դառնա եկեղեցուն ու համայնքին ծառայելու նոր ճանապարհի սկիզբ։ Ջերմ բարեմաղթանքներին զուգահեռ՝ նա սաներին հորդորեց մշտապես բարձր պահել մեր ժողովրդի անունը, խոսել մայրենիով, սիրել ու պահպանել հայոց լեզուն։

Յուրաքանչյուր շնորհավորանք կարծես մի փոքրիկ օրհնություն էր՝ ուղղված այս չորս սաներին, որպեսզի նրանց առջև բացվեն նոր ճանապարհներ, հնարավորություններ ու հաջողությունների դռներ՝ միաժամանակ ամուր պահելով հայկական ինքնությունը և, անշուշտ, կապը եկեղեցու ու հարազատ վարժարանի հետ։

Տոնական օրվա կարևոր հանգրվաններից մեկն էլ ուսուցիչների երդման արարողությունն էր։ Ֆրեզնոյի Սուրբ Պողոս եկեղեցում ձևավորված ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին շաբաթօրյա և կիրակնօրյա վարժարանների ուսուցիչները եկեղեցում հանդիսավորապես երդվում են՝ իրենց ամբողջանվեր ծառայությամբ օգտակար լինելու կրթօջախին և հավատարիմ մնալու ուսուցչի իրենց կոչմանը։ Այն նաև յուրատեսակ հիշեցում էր, որ կրթությունը միայն գիտելիք փոխանցել կամ ձեռք բերել չէ։ Այն ինքնության ձևավորում է, արմատների ճանաչում, մայրենի լեզվի հանդեպ սեր, մշակույթի նկատմամբ պատասխանատվություն և ապագայի հանդեպ հավատ։

Եկեղեցում հանդիսավոր մասի ավարտից հետո տոնախմբությունը շարունակվեց հյուրասիրության սրահում։ Սեղանի շուրջ հավաքված ներկաները միմյանց հետ կիսեցին օրվա հուզումն ու ուրախությունը։ Եկեղեցուց ճառագող սերն ու միասնության ոգին տարածվել էին բոլորի վրա՝ ամենուր միահյուսելով հոգևորը, ազգայինն ու հայկականը։ Անգամ օրվա խորհրդանշական քաղցրավենիքն իր մեջ կրում էր նույն խորհուրդը․ այն հին մագաղաթ էր հիշեցնում, որի վրա պատկերված էին Մեսրոպ Մաշտոցի կերպարն ու հայոց այբուբենը։

Տոնական հանդիսությունը լիարժեք չէր լինի, եթե այս ամենին միաշաղախված չլիներ նաև մեր հայրենիքի անկախության տարեդարձի խորհուրդը։ Այն ներկաների սրտերում միահյուսել էր բազմազան զգացումներ՝ հպարտություն, երախտագիտություն, ուրախություն, հուզմունք և ապագայի հանդեպ հավատ։ Այդ ամենը յուրահատուկ հպարտությամբ էր համակում հյուրերին, ծնողներին և ընդհանրապես ֆրեզնոյահայ համայնքին, որովհետև այս օրը նաև երախտագիտության յուրօրինակ տոն էր՝ նվիրված մայրենի լեզվի մշակներին, դպրոցի անցյալի ու ներկայի աշակերտներին ու շրջանավարտներին, ուսուցիչներին, ինչպես նաև եկեղեցու հոգևոր և աշխարհիկ սպասավորներին։

Թո՛ղ հայոց լեզուն ու հայի ոգին շարունակեն ապրել սերնդեսերունդ, թո՛ղ մեր հայրենիքը հավիտյան լինի ազատ ու անկախ, իսկ մեր Մայր Եկեղեցին մշտապես առաջնորդի մեզ արդարության, հավատքի ու սրբության ճանապարհով, որպեսզի հեռավոր Ֆրեզնոյում միշտ կարողանանք բարձր պահել մեր եկեղեցու և Հայաստանի Հանրապետության անունը։


Մարգարիտ Դումանյան

Ֆրեզնոյի շաբաթօրյա վարժարանի տնօրեն


Comments


© 2023 by HAYLURUSA

Website by

self logo.png
bottom of page