top of page

Արևմտյան թեմի հոգևորականաց ժողովը՝ եղբայրական սիրով և միասնական աղոթքով

2 minutes ago
4 min read

Արևմտյան թեմում տարիներ շարունակ գեղեցիկ ավանդություն է դարձել հոգևորականաց երեք ժողովների կանոնավոր գումարումը։ Առաջինը տեղի է ունենում Սրբոց Ղևոնդյանց քահանայից տոնին, երկրորդը՝ մայիս ամսին, իսկ երրորդը՝ հոկտեմբերի սկզբին՝ ամփոփելու անցած ամիսների ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները։

Այս հավաքները, սակայն, միայն աշխատանքային հարցերի քննարկման առիթ չեն։ Դրանք հոգևոր եղբայրությունն ամրապնդելու, միասին աղոթելու, միմյանց լսելու և փորձառությամբ կիսվելու կարևոր հանդիպումներ են։ Տարբեր համայնքներում սպասավորող հոգևոր հայրերը համախմբվում են նույն հավատքի ու կոչման շուրջ՝ կենդանի դարձնելով սաղմոսերգուի խոսքը. «Ահա՜ թե որքան բարի և որքան վայելուչ է, որ եղբայրները բնակվեն միասին»։

Օրն սկսվեց Սրբոց Ղևոնդյանց մայր տաճարում, որտեղ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն իր հայրական պատգամն ուղղեց ներկաներին։ Այնուհետև կատարվեց հոգեհանգստյան հատուկ կարգ՝ ի հիշատակ Արևմտյան թեմում ծառայած և ի Տեր ննջած բոլոր հոգևորականների։

Հոգեհանգստյան այդ պահն առանձնահատուկ խորհուրդ ուներ։ Հովնան Սրբազանն իր բացման խոսքում շեշտեց, որ այսօրվա եկեղեցական կյանքը շարունակությունն է նաև նրանց վաստակի, ովքեր տարիներ շարունակ նույն խորանի առջև պատարագել, աղոթել, քարոզել և իրենց ժողովրդին առաջնորդել են դեպի Քրիստոս։ Նրանց վաստակի առջև խոնարհումը ոչ միայն երախտագիտության արտահայտություն է, այլև հիշեցում, որ հոգևոր սպասավորությունը սերնդեսերունդ փոխանցվող նվիրական առաքելություն է։ «Մեծ բախտավորություն եմ համարում, որ առիթ եմ ունեցել անձամբ տեսնելու և ճանաչելու նախկին առաջնորդներից շատերին, ինչպես նաև վերջին երկու տասնամյակների ընթացքում ի Տեր ննջած մեր հոգևոր սպասավորներին»,— իր խոսքը եզրափակեց Սրբազան Հայրը։

Կարճ արարողությունից հետո հոգևոր հայրերը տեղափոխվեցին առաջնորդարանի «Համբար» սրահ, որտեղ սկսվեց ժողովի աշխատանքային մասը։

Նմանօրինակ հավաքների ընդունված կարգի համաձայն՝ եկեղեցականներն առաջնորդին են ներկայացնում իրենց կատարած աշխատանքն ու հովվական գործունեությունը։ Արևմտյան թեմում, սակայն, տարիների ընթացքում հաստատվել է մի գեղեցիկ ու խորախորհուրդ ավանդույթ. Հովնան Սրբազանն ինքն է իր հոգևոր եղբայրներին ներկայացնում անցած շրջանի գործունեությունը, իրագործված նախաձեռնություններն ու առաջիկա անելիքները։ Այս խոսուն իրողության մեջ արտացոլվում են Սրբազան Հոր համեստությունը, նվիրումն ու պատասխանատվության բարձր գիտակցությունը՝ վկայելով նրա այն համոզման մասին, որ առաջնորդությունը նախ և առաջ անձնվեր ծառայություն է։

Առաջնորդն իր խոսքում անդրադարձավ նաև թեմի վատառողջ հոգևորականների վիճակին, ապա ներկաները միասնաբար աղոթեցին նրանց ապաքինման և զորացման համար։

Կարևոր տեղ հատկացվեց աստվածաբանական և հովվական հարցերին։ Հոգեշնորհ Տեր Երեմիա վարդապետ Աբգարյանի գլխավորությամբ ձևավորված աշխատանքային խումբն անդրադարձավ Սուրբ Պատարագի և ավետարանչության փոխհարաբերությանը, դրանց առանձնահատկություններին և Եկեղեցու առաքելության մեջ ունեցած նշանակությանը։ Զեկուցումներին հաջորդեց մտքերի շահեկան փոխանակություն։

Նման քննարկումները նաև գեղեցիկ առիթ են տարբեր համայնքներում սպասավորող հոգևոր հայրերի համար՝ միմյանց փոխանցելու իրենց փորձառությունն ու տարիների ընթացքում ամբարած գիտելիքները։ Ինչպես Պողոս առաքյալն է Եկեղեցին ներկայացնում մեկ մարմնի պատկերով, այնպես էլ տարբեր վայրերում սպասավորող հոգևոր հայրերին միավորում է մեկ սրբազան առաքելություն՝ հավատարմորեն ծառայել Քրիստոսի Եկեղեցուն և Նրա Ավետարանի լույսը հասցնել իրենց վստահված հոտին։

Առավոտյան բաժնի ավարտից և խմբանկարից հետո ներկաները համախմբվեցին ագապեի՝ սիրո ճաշի շուրջ։ Պաշտոնական օրակարգը մի պահ իր տեղը զիջեց անմիջական զրույցին ու եղբայրական ջերմությանը՝ հիշեցնելով Եկեղեցու հնագույն ավանդությունը, երբ ընդհանուր սեղանը նաև միասնության արտահայտություն էր։

Օրվա երկրորդ կեսին Արժանապատիվ Տեր Վազգեն ավագ քահանա Մովսիսյանը, որը ղեկավարում է Արևմտյան թեմի հարյուրամյակի հանձնախումբը, ներկայացրեց հոբելյանական տարվա նախապատրաստական աշխատանքները։

Արևմտյան թեմը պաշտոնապես կյանքի է կոչվել Հայրապետական կոնդակով 1927 թվականի նոյեմբերին և այժմ մոտենում է իր պատմության նշանակալի հանգրվանին՝ հարյուրամյակին։ Տեր Վազգենը ներկայացրեց նախատեսվող հիմնական ձեռնարկները, դրանց բովանդակությունն ու ժամանակացույցն ամփոփող տեղեկատվական թերթոնը։

Հարյուրամյակը մեկ դարի աղոթքի, նվիրումի և հավատարմության պատմություն է։ Այդ ճանապարհը կերտել են հոգևորականների ու աշխարհականների սերունդներ, ընտանիքներ, որոնք օտար ափերում եկեղեցին դարձրել են իրենց հոգևոր տունը և իրենց զավակներին փոխանցել հայ քրիստոնյայի ինքնությունն ու Սուրբ Էջմիածնի հանդեպ սերը։ Ուստի հոբելյանը միաժամանակ անցյալը գնահատելու և ապագայի հանդեպ պատասխանատվությունը նորովի զգալու առիթ է։

Դոկտոր Հրաչ սարկավագ Չիլինգարյանը ներկայացրեց թեմում անցկացված առցանց հարցումների արդյունքները՝ անդրադառնալով մասնակիցների կազմին, արտահայտված կարծիքներին, առաջնահերթություններին ու նախընտրություններին։ Ներկայացված տվյալները հնարավորություն տվեցին ավելի ամբողջական պատկերացում կազմելու համայնքի սպասումների մասին։ Սա Արևմտյան թեմում գիտական մոտեցմամբ իրականացված նմանօրինակ կարևոր նախաձեռնություններից մեկն էր։

Առանձին ուշադրություն դարձվեց նաև եկեղեցական կյանքում նոր սերնդի ներգրավման հարցին։ Բանախոսը արժանապատիվ Տ․ Ավետիս քահանա Աբովյանն էր։ Ընդհանուր առմամբ կարևորվեց երիտասարդների հետ մշտական կապը, նրանց մտահոգություններն ու հետաքրքրությունները լսելը և եկեղեցական ու համայնքային կյանքում նրանց առավել լայն ներգրավումը։

Օրվա ընթացքում եղան նաև ջերմ ու հիշարժան պահեր։ Գնահատանքի արժանացավ Ստեփան ավագ սարկավագ Հովակիմյանը, որը երկար տարիներ կամավորաբար ծառայում է տարեցների «Արարատ Տուն» հաստատությանը։ Հովնան Սրբազանը շնորհակալություն հայտնեց նրա անշահախնդիր նվիրումի համար և ի նշան գնահատանքի հանձնեց սրբապատկեր։

Առաջնորդը հիշատակեց նաև այն հոգևորականներին, որոնց ձեռնադրության կամ ծննդյան տարեդարձերը համընկնում էին այդ օրերին՝ շնորհավորելով նրանց և մաղթելով քաջառողջություն ու երկարամյա սպասավորություն Հայոց Եկեղեցուն։ Այդ պահին Վեն Նայսի հոգևոր հովվի օգնական, արժանապատիվ տեր Գևորգ քահանա Աբյանը հիշեցրեց, որ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, լրանում է գերաշնորհ տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի եպիսկոպոսական ձեռնադրության 36-րդ տարեդարձը։ Իր և ներկա հոգևորականների անունից Տեր հայրը սիրո, հարգանքի և երախտագիտության խոսք ուղղեց թեմակալ առաջնորդին՝ մաղթելով երկարամյա ու արգասաբեր ծառայություն՝ ի սպաս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ժողովրդի։

Ջերմ մթնոլորտը շարունակվեց Լաս Վեգասի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանի ծննդյան տարեդարձի անակնկալ շնորհավորանքով։ Հոգևոր եղբայրները տոնական կարկանդակով և շնորհավորական երգով իրենց բարեմաղթանքները փոխանցեցին բազմավաստակ Հայր Սուրբին՝ օրը դարձնելով առավել հիշարժան։

Ժողովում հնչած զեկույցներն ու քննարկումներն անդրադարձ էին նաև Արևմտյան թեմի անցած ուղուն ու առաջիկա անելիքներին։ Այդ ճանապարհի հետ անքակտելիորեն կապված է գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ավելի քան երկու տասնամյակների առաջնորդական վաստակը։ Իր գիտելիքն ու կարողություններն անմնացորդ ի սպաս դնելով թեմի հոգևոր և համայնքային կյանքի զարգացմանը՝ Սրբազան Հայրն իր նշանակալի ավանդն է բերում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու պայծառությանը։ Հայ Եկեղեցու յուրաքանչյուր կառույցի համար պատիվ ու օրհնություն է ունենալ նման առաջնորդ, որն իր բազմամյա արդյունավոր սպասավորության ընթացքում անխախտ է պահել հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։

Օրվա ավարտին Հովնան Սրբազանը ներկայացրեց առաջիկա ծրագրերն ու ծառայության հիմնական ուղղությունները՝ հոգևոր հայրերին հորդորելով առավել մեծ ուշադրություն դարձնել երիտասարդների ներգրավմանը եկեղեցական կյանքում։

Այսպես ավարտվեց հոգևորականաց ժողովը՝ ամրապնդելով եղբայրական միասնությունն ու նորոգելով Քրիստոսի Ավետարանին ծառայելու կոչումը։


Comments


© 2023 by HAYLURUSA

Website by

self logo.png
bottom of page